Home / Բանտ / Դատախազը հայհոյել է Արայիկ Խանդոյանին․ նրա բացակայությամբ մերժել բողոքը

Դատախազը հայհոյել է Արայիկ Խանդոյանին․ նրա բացակայությամբ մերժել բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 4-ին առանց հայցվոր կողմի ներկայության որոշում է կայացրել մերժել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների արգելքի դեմ բողոքը։

Epress.am-ի հետ զրույցում Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշել է, որ դռնփակ դատական նիստի ժամանակ Խանդոյանը հայտարարել է, թե դատախազ Պետրոս Պետրոսյանը և Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանն են սպանել որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանին, քանի որ հենց Հակոբյանն էր փետրվարին Սարգսյանին կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Նիստին ներկա դատախազ Պետրոս Պետրոսյանը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Արայիկ Խանդոյանի հասցեին, որից հետո Ղարագյոզյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատախազի նկատմամբ դատական սանկցիա կիրառվի։ Միջնորդությունը մերժվել է, ինչից հետո Խանդոյանը և նրա պաշտպանը բոյկոտել են դատական նիստն ու հեռացել դահլիճից։

Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ դատավորը, սակայն, շարունակել է նիստը և իրենց բացակայությամբ ապօրինի որոշում է կայացրել՝ մերժելով իրենց բողոքը։

Պաշտպանը նշել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը և նաև բողոք են ներկայացնելու դատարանի ապօրինի գործողության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը։