Home / Ոստիկանություն / Արթուր Սաքունցը համոզված է` իրեն սպառնացող անձը համախոհներ ունի ոստիկանությունում

Արթուր Սաքունցը համոզված է` իրեն սպառնացող անձը համախոհներ ունի ոստիկանությունում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին սպառնացել են սպանել դիմահար կրակոցով։ Epress.am-ի հետ զրույցում իրավապաշտպանը նշել է, որ հունիսի 2-ի ֆեյսբուքյան իր գրառումներից մեկի տակ Աշոտ Ավանեսյան անունով օգտատերն իրեն սպանելու սպառնալիքներով գրառում է կատարել։

Սաքունցն սոցցանցի իր էջում գրել էր․«Ես մի բան չեմ հասկանում՝ ուրեմն օրը ցերեկով առնվազն տասը մարդ եք սպանել (նկատի ունի Մարտի 1-ի զոհերին-խմբ.), ապօրինաբար բանտարկել եք տարիներով, զրկել եք ունեցվածքից, տնից-տեղից, հարյուր հազարավորները թողել-գնացել են պետությունից, ընկել են չոլերը՝ փախչելով Ձեր անպատիժ անարդարություններից, դեռ համարձակվում եք Ձեր մանկլավիկների միջոցով Ձեր հակամարդկային քաղաքականության, իշխանության դեմ դուրս եկածների հասցեին է՞լ  հաչալ…

Լրի՞վ եք խելքներդ թռցրել, թե՞ մտածում եք՝ եթե ժողովուրդը համբերատար դեռ տանում է, այդպես էլ մնալու է, Դուք էլ Ձեր համար շարունակելու եք թալանել ու լափել…

Ձեր մանկլավիկ թղթակից, չգիտեմ ինչ սպասարկող բլոգեր է, խորհրդական է, փողով ստատուս գրող է, ինչ զահրումար է, հավաքեք ու ասեք ձայները կտրեն…

Թե՞ Ձեր համարձակությունը չի հերիքում, իրենց եք քսի տալիս հանրային դաշտ: Կոռեկտության սահմաններն անցածները կոռեկտության կոչ են անում, խելքի աշեցեք…»:

Այս գրառման տակ Աշոտ Ավանեսյան անունով գրանցված օգտատերը սպառնացել էր, որ 9 մմ տրամաչափի փամփուշտով սպանելու է իրավապաշտպանին և պնդել, որ վերջինս «ադրբեջանամետ դիվերսանտ» է․ «Սաքունց, ես քեզ սպանելու եմ. ադրբեջանամետ դիվերսանտ… դու Ալիևի ագենտն ես. քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք. Ամեն վայրկյան սպասիր ինձ. ես հետևից կրակողներից չեմ. Կրակելու եմ դեմից, 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով. սպասիր ինձ, Սաքունց»։

Իրավապաշտպանի համոզմամբ` սպառնացողը համախոհներ ունի ոստիկանությունում և գուցե պատվեր է կատարում:

Սաքունցը տեղեկացրել է, որ սպառնալիքների մասով երեկ` հունիսի 5-ին, հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: