Home / Վերլուծություն / Կատալոնիայի հանրաքվեն․ երբ ազգայնականությունը քողարկում է խնդիրը

Կատալոնիայի հանրաքվեն․ երբ ազգայնականությունը քողարկում է խնդիրը

Կատալոնիայի հանրաքվեն, որն այդքան որգևորել է ռուսաստանյան ԶԼՄ֊ներին, իրականում շատ վատ և գրեթե միակողմանի է լուսաբանվել համաշխարհային մեդիայի կողմից։ Epress.am֊ի հետ զրույցում այս մասին ասել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում բնակվող բանասեր, դասախոս Ալբերտո Մ․Մ֊ն։ Նա, բացի իսպաներենից, շատ լավ տիրապետում է նաև կատալոներենի, կարդում է երկու կողմերի մամուլը, տարիների ընթացքում մասնակցել է տարբեր ակտիվիստական շարժումների։

«Քաղաքական իմաստով մեղավոր են թե՛ Կատալոնիայի իշխանությունները, թե՛ Իսպանիայի կառավարությունը։ Սակայն ակհայտ է, որ օրենքը խախտել են հենց Կատալոնիայի ղեկավարները։ Պարզապես վարչապետ Մարիանո Ռախոյն այնքան անտաղանդ քաղաքական գործիչ է, որ ճիշտ լինելով հանդերձ՝ չկարողացավ օգտագործել իր առավելությունը և գոնե նորմալ համագործակցել մամուլի հետ», ֊ ասել է մեր զրուցակիցը։

Ալբերտոյի կարծիքով՝ ներկայիս քաղաքական իրավիճակը շարունակությունն է աշխարհում ընթացող բացասական գործընթացների՝ Բրեքզիթի, Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու, Գերմանիայում նեոնացիստների՝ խորհրդարան մտնելու։

«Սա ծայրահեղ ազգայականների դասական առաջխաղացում է։ Կատալոնյան իշխանությունների ներկայիս մեղքն այն է, որ նրանք տարիներ շարունակ Իսպանիայի դեմ պրոպագանդայով են զբաղվում։ Դա տևում է արդեն տասնամյակներ։ Սակայն Ֆրանկոյի ժամանակները վաղուց անցել են, և այն հայտարարությունները, որ Իսպանիան 99 տոկոսով բռնաճնշումների է ենթարկում Կատալոնիան, չի համապատասխանում իրականությանը։ Նրանք ազգայնական պսիխոզի մեջ են ընկել։ Օրինակ, երկար տարիներ Կատալոնիայում ոստիկանական համակարգը կառավարվում է ներսից, ողջ կրթությունը կատալոներեն է, և հակառակը շատ հաճախ ճնշումների են ենթարկվում նրանք, ովքեր ցանկանում են իսպաներենով կրթություն ստանալ։ Նրանք կարողացել են դասագրքերում կեղծել որոշ պատմական իրադարձություններ անգամ։ Մի նոր սերունդ է մեծացել, որն Իսպանիայի նկատմամբ ատելություն ունի։ Շատ են ակտիվացել ծայրահեղ ազգայնական խմբերը, որոնք շատ ագրեսիվ պահվածք են դրսևորում նրանց նկատմամբ, ովքեր դեմ են հանրաքվեի անցկացմանը։ Հանրաքվեն իրականում անցկացվել է իսպանական և անգամ կատալոնյան օրենքների խախտումով, դրանց մասնակցել է բնակչության կեսից քիչը՝ 42 տոկոս։ Եղել են բազմակի քվեարկության դեպքեր։ Մեծամասնությունը համաձայն չեն ինքնավարությունը ղեկավարող ազգայնականների հետ և չեն ցանկանում դուրս գալ Իսպանիայի կազմից։ Բայց այդ մարդիկ, որոնք շատ հաճախ վախեցած են եղել կամ չեն ցանկացել ձայն բարձրացնել, անտեսվում են ազգայնական ղեկավարության կողմից։ Ի դեպ, այդ մարդկանց բացարձակապես անտեսում է նաև կատալոնյան մամուլը», ֊ նշել է մեր զրուցակիցը։

Այն, որ Կատալոնիայում ոչ բոլորն են համաձայն ինքնավար մարզի ներկայիս նախագահ Կարլես Պուչդեմոնի ագրեսիվ ազգայնական հռետորաբանության հետ, որն Իսպանիան բռնապետություն է անվանում, փաստում է նաև բրիտանական «Գարդիանի» հարցազրույցը 60֊ականներին Ֆրանկոյի ռեժիմի դեմ պայքարող 4 ձախ ակտիվիստի հետ, որոնց կառավարության դեմ բողոքելու համար ծեծում ու բանտարկում էին։

«Այսօրվա երիտասարդների համար հեշտ է հավատալ, որ անկախությունը իրենց տանելու է դեպի հիասքանչ Արկադիա, ֊ ասում է կատալոնյան բանվորական շարժման վետերան, 61-ամյա Լաուրա Խիմենեսը․ ֊ Նրանք կարող են երթով անցնել փողոցներով, ոստիկանությունը չի խանգարում դա անել, նրանք ջարդում են ոստիկանական մեքենան և դա անհետևանք է մնում, և այդ ամենն անվանում են ֆրանկոիզմ։ Աստծո սիրուն»։

66-ամյա Միգել Սալասը նշում է, որ բռնապետությունն այն ժամանակ էր, երբ իրենք երիտասարդ էին․ «Այն ժամանակ ոչ մի հարց չկար, թե ով է թշնամին։ Այն ժամանակ չկային նաև կատալոնացի ազգայնականներ»։

Սալասը, Խիմենեսը, ինչպես նաև նրանց պայքարի ընկերներ Պակո Արիասը և Պեպե Մարտինեսը բրիտանական թերթին տված հարցազրույցում ասում են, որ անկախության համար պայքարը լավ հնարավորություն է կատալոնյան ներկայիս իշխանությունների համար ուշադրությունը շեղել ինքնավար մարզում առկա սոցիալական խնդիրներից։

Սալասը նշում է՝ Կատալոնիայում մարդկանց վաղուց ասում են, որ Իսպանիան է բոլոր խնդիրները ստեղծում։

«Նրանք երիտասարդների գլուխը լցնում են Կատալոնիայի պատմության իրենց վարկածով, որն իրականության հետ կապ չունի, և դա ռադիկալացնում է երիտասարդներին նաև անկախության հարցում», ֊ ասում է Սալասը։

Խիմենեսի խոսքով՝ Կատալոնիայում մանտրա է դարձել ասել, որ Իսպանիան հարստահարում է ինքնավար մարզը, սակայն քաղաքական գործիչները շփոթում են Իսպանիայի կառավարությունը հասարակ իսպանացիների հետ․ «Երբ վարչապետը Մարիանո Ռախոյի նման մեկն է, շատ հեշտ է դեմ լինել կառավարությանը»։

Մարտինեսի խոսքով՝ իրենք չորսն էլ տասնամյակներ առաջ Կատալոնիա են ներգաղթել, բայց իրենք հիմա նաև կատալոնացիներ են։ Բայց, ըստ նրա, ներկայիս խնդիրն ազգությունները չեն, այլ դասակարգը․ «Ես խնդիր չունեմ իմ կողքին կանգնած մարդու հետ, իմ խնդիրն այն մարդու հետ է, որն ավելի բարձր է կանգնած»։

Բրիտանական թերթի չորս զրուցակիցներն էլ համամիտ են՝ ազգայնականությունը պատասխան չէ Իսպանիայի այսօրվա խնդիրներին։

Tekali Taxi