Home / Դատարան / «Սերժի՞ հետ հաց ուտեմ»․ Մանուկյանն ու Սեֆիլյանը հանդիպել են դատարանի դահլիճում

«Սերժի՞ հետ հաց ուտեմ»․ Մանուկյանն ու Սեֆիլյանը հանդիպել են դատարանի դահլիճում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօր դատարանի դահլիճում հանդիպել է ղարաբաղյան պատերազմում իր հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին։ Նրանք իրար չէին տեսել մոտ երկու տարի։

Սեֆիլյանը զինված խմբավորումների միջոցով Երևանի հեռուստաաշտարակը գրավելու մտադրության մեղադրանքով ձերբակալվել էր 2016 թվականի հունիսի 20-ին։ Պավել Մանուկյանը «Սասնա ծռեր» խմբի հետ հուլիսի 17-ին մտել է Էրեբունիի ՊՊԾ գունդ, ի թիվս այլ պահանջների՝ բարձրացրել է Հայաստանի քաղբանտարկյալների և, մասնավորապես, Սեֆիլյանի ազատման հարցը։ 14 օր անց «Սասնա ծռերը» վայր են դրել զենքերը։

Բացի դա, երկուսն էլ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության այլ ներկայացուցիչների հետ ձերբակալվել էին 2015 թվականի ապրիլի 7-ին, ապա ազատ արձակվել մայիսի 24-ին։ Այնուամենայնիվ, թե Սեֆիլյանը, թե Մանուկյանը մինչ օրս անցնում են այդ գործով՝ մեղադրվելով, մասնավորապես, «հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողությունների մեջ»։ Այս մեղադրանքը միացվել է նրանց ներկայիս գործերի մեղադրանքին։

Այսօր Մանուկյանը ձեռնափայտերով կաղալով մտել է դատարան, սակայն, Սեֆիլյանին տեսնելով, թողել է ձեռնափայտերը և գրկախառնվել նրան։ Մանուկյանն ասել է, որ հպարտ է եղել Սեֆիլյանի զինվորը լինել։

Ցուցմունք տալու համար Մանուկյանին առաջին անգամ էին բերել Շենգավիթի դատարան։ Այսօր նրան չեն տրամադրել մինչ այժմ դատարանում ձեռք բերված ապացույցներին ծանոթանալու հնարավորություն։

Իր ելույթում նա հայտարարել է, որ իրենք բռնության կոչեր չեն արել, ինչը նշված է մեղադրականում․ «Մենք դեմ ենք բռնությանը, մենք բազմիցս ասել ենք։ Ով ձեռք կբարձրացնի իմ ժողովրդի վրա, անկախ դիրքից, պաշտոնից, նա մեր ազգի ու պետության թշնամին է։ Սրանց մեղադրանքների մեջ կա նաև, թե ինչո՞ւ եք ձեր գաղափարական ընկերների հետ նստում֊հելնում։ Բա գնամ, Սերժ՞ հետ հաց ուտեմ, որ իմ ժողովրդին վերացնում ա՞։ Բա մենք մեր տեսակն ունենք։ Մենք ծառայել ենք ու ծառայում ենք մեր ժողովրդին, ցանկա֊չցանկա պարոն Չեբուրաշկան»։

Մանուկյանը պնդել է, որ 2015 թվականին իրենց առաջադրված մեղադրանքը շինծու է։

«[Մեղադրականում գրված է] Ինձ բերման են ենթարկել առավոտյան 06։00֊ին հանցանքի վայրից։ Առավոտյան 6.00 ես կնոջս հետ պառկած էի։ Երբվանից է դա հանցանքի վայր։ Բնականաբար, ոչ մեկի բնակարանից [այն ժամանակ խուղարկությունների ընթացքում] ոչ մի բան չբացահայտեցին։ Տենց էլ չհասկացա՝ ինչի համար բռնեցին, ինչի համար բաց թողեցին»,֊ ասել է Պավել Մանուկյանը։