Home / Հայաստան / Բեյրութում ծեծել են Սփյուռքի քննադատ Րաֆֆի Տուտագլեանին

Բեյրութում ծեծել են Սփյուռքի քննադատ Րաֆֆի Տուտագլեանին

«Թուֆենկյան» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Տուտագլեանը փետրվարի 26֊ին՝ իր մեկշաբաթյա այցի վերջին օրը, Բեյրութում ծեծի է ենթարկվել։ Այս մասին ֆեսբուքում գրել է Տուտագլեանի ընկեր Սերոբ Սահակյանը։

«Չորս անծանոթների կողմից ֆիզիկական խոշտանգման է ենթարկվել և ջարդված քթով և վիրավոր աչքով հազիվ է հասել հիվանդանոց։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ դեպքը պատահել է չորս օր առաջ, այնուհետև Րաֆֆին իր նկարագրին և հոգու մեծության հատուկ նախընտրել է լռել։ Լուռ մնալ, քանզի թե «Շաղզոեան կենտրոնի» նկուղում պատահած դեպքը՝ իրեն որպես թիրախ նշանառած դեպքը, և թե իր և Դաշնակցության միջև «պղտոր ջրերը» կարող էին լուրջ հարցականներ դնել և հարցապնդումներ առաջացնել իր նախկին տան՝ մինչ պահս սիրելի տան՝ Դաշնակցության, և դրա պատասխանատուների հասցեին (…) Րաֆֆի գլխին հասած փորձանքը որքանով կապ ունի իր նախկին տան հետ՝ ես չգիտեմ, որքանով կապ ունի իր գաղափարական հարստության թե բախումների հետ, ես չգիտեմ, միգուցե թյուրիմացություն է, այդ տարբերակին կուզեմ հավատալ», – գրել է Սերոբ Սահակյանը։

Րաֆֆի Տուտագլեանը հայտնի է Սփյուռքի և Հայաստանի հանրապետության կառույցները քննադատող հոդվածներով։  Հայաստան֊Սփյուռք հարաբերություններին Տուտագլեանի հիմնական քննադատությունն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն Հայաստանակենտրոն։ «Սիվիլնեթի» հետ զրույցում Տուտագլեանը կարծիք է հայտնել, որ իր ծեծը կապ ունի իր քննադատող հոդվածների հետ։ «Խփեցին ու փախան, բան չհասկացա։ Երևի գրություններիս համար էր», – ասել է նա։