Home / Հայաստան / ԱԺ պատգամավորները Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել

ԱԺ պատգամավորները Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել

«Հիմնադիր խորհրդարան» և «Նոր Հայաստան» նախաձեռնությունների անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով այսօր ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորությամբ դիմել են դատարան։

«Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

2017-ի հունիսի 29-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Գևորգ Սաֆարյանի դատավճիռը։ Նույն թվականի հունվարի 16-ին առաջին ատյանի դատարանը Սաֆարյանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը) և դատապարտել 2 տարի ազատազրկման։ Սաֆարյանին մեղադրել էին ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել էր միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում։