Գլխավոր / Բանակ / Փաստերն ապացուցում են՝ զինվորին սպանել են․ փորձագետը մեղադրում է քննիչին

Փաստերն ապացուցում են՝ զինվորին սպանել են․ փորձագետը մեղադրում է քննիչին

Մայիսի 6-ին Հայաստանի հյուսիս֊արևելքում տեղակայված «Մեհրաբ» զորամասի ժամկետային զինծառայող Լևոն Թորոսյանի գործով բազմաթիվ ապացույցներ են ի հայտ եկել, որոնք հաստատում են՝ զինվորին սպանել են։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։ Թորոսյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով, սակայն դիահերձմանը մասնակցած Մարտիրոսյանը դեռևս մայիսին հայտարարել էր, որ զինվորին սպանել են, իսկ այժմ նա փաստերով է հաստատում իր պնդումը։

Փորձագետը կարևորագույն ապացույց է համարում Թորոսյանի հեռախոսազրույցը դեպքի առավոտյան։ Համաձայն քրեական գործի նյութերի, զինվորն իր վրա է կրակել առավոտյան 07։20֊ին կամ 07։25֊ին, իսկ համաձայն բջջային օպերատորի տրամադրած տվյալների նա 07։04-ից 4 րոպե 13 վայրկյանի ընթացքում հեռախոսով խոսել է մոր հետ։ Մարտիրոսյանի հետ զրույցում մայրը պատմել է զրույցի բովանդակությունը․ մասնավորապես, Լևոնն ասել է, որ իր հանգստի ժամն է և կարող է խոսել։ Խոսակցության ընդհատման պահին մայրը լսել է՝ ինչպես է որդին հեռացող ձայնով ասում՝ «մա, մա»… Մայրն անհանգստացել է, սակայն չի ցանկացել կրկին զանգահարել՝ մտածելով, որ հնարավոր է ղեկավարներից մեկն է եկել և որդին թաքցրել է հեռախոսը։

Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ոչ թե 07։20֊ին, այլ հենց այդ ժամանակ՝ մոտավորապես 07։09-ին են սպանել Թորոսյանին՝ նախ ուժեղ հարված հասցնելով ամորձիների շրջանում, ինչի մասին վկայում է դատաբժշկական փորձաքննությունը, ապա կրակելով նրա վրա։ Փորձագետն ընդգծում է, որ քննիչ Կ․ Աբազյանը կոծկում է հանցագործությունը՝ նշելով, որ Թորոսյանի դին գտել են մարտական դիտակետում և որ զինվորն ինքնասպան է եղել ծառայության իրականացման ժամանակ։

Մարտիրոսյանի խոսքով՝ զինվորի դին և նրա զենքը իրականում տարել են մարտական հենակետ և ինքնասպանության իմիտացիա արել՝ Թորոսյանին արհեստական դիրք տալով և նրա գնդացիրը հենելով կզակին։ Դրա ապացույցն է նաև այն, որ դիակի զննության ժամանակ հայտնաբերվել էին իրար զուգահեռ նույնաչափ և նույն ժամանակին առաջացած քերծվածքներ արմունկների շրջանում, այսինքն՝ Թորոսյանի դին քարշ են տվել։ Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում զինվորի հայրը՝ Արսեն Թորոսյանն ասել էր, որ Լևոնի դին տուն բերելուց հետո ինքը դեմքին խոտ է նկատել։

Նրան բացատրել են, որ պայմանագրային զինծառայողներից մեկը դեպքից հետո դիակը բարձրացրել է և Լևոնի դեմքը ծառերի ճյուղերին է հպվել։

«Բայց խոտը ծառի ճյուղերից տարբերում եմ», ֊ նշել էր հայրը։

Եվս մեկ աղաղակող փաստ՝ ըստ Մարտիրոսյանի․ քննիչը փորձաքննության է ուղարկել մարտական հենակետի տարածքում եղած զինծառայողներից 3-ի հեռախոսները։ Լևոն Թորոսյանի քույրը՝ Լիլիթը, սակայն, պարզել է, որ եղբայրը մոր հետ վերջին անգամ խոսել է զինծառայողներից մեկի՝ Գևորգի հեռախոսով, որը փորձաքննության չի ուղարկվել։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պնդում է, որ քննիչը, նման քայլի, դիմելով, պարտակում է ապացույցները։

Թորոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է անցնում կրտսեր սերժանտ Վալոդյա Հոխիկյանը (մեղադրվում է 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը ստորադասի կողմից), որը, համաձայն քննիչի, սեռական բնույթի հայհոյանք է տվել Թորոսյանի հասցեին՝ խրամուղին թերի մաքրելու համար։

Մարտիրոսյանը պնդում է, որ սպանվածի ընտանիքի անդամները տեղեկություններ են հավաքել առ այն, որ Հոխիկյանի հետ Թորոսյանը ոչ մի խնդիր չի ունեցել, և մեղադրյալը պարզապես որպես «քավության նոխազ» է ընտրվել։

Իրականում, փորձագետի խոսքով, Թորոսյանը խնդիրներ է ունեցել գումարտակի հրամանատար, կապիտան Դավիթ Մկրտչյանի հետ։

«Թորոսյանի մեկ մշտական խնդիրը գումարտակի հրամանատար Դավիթ Մկրտչյանն է եղել։ Խնդիրը սկսվել է այս տարվա սկզբին, երբ Թորոսյանը լքել է զորամասը, այսպես կոչված, սամավոլկա, և գնացել է տուն։ 5-6 ժամից քեռին նրան մեքենայով վերադարձրել է զորամաս։ Մկրտչյանն իմացել է այդ մասին, շարք է կանգնեցրել զինվորներին՝ հարցնելով․ «Ով ա ձեր մեջի սամավոլշիկը, թող մի քայլ առաջ գա»։ Թորոսյանը շարքից դուրս է եկել, նրան մոտեցել է կապիտանը և հարվածներ հասցրել զինվորին՝ ասելով․ «Սա դեռ սկիզբն ա»։ Այս մասին Թորոսյանը պատմել է ծնողներին։ Այդ դեպքից հետո Մկրտչյանը օր ու արև չի տվել զինվորին։ Եվս մեկ դեպք. երիտասարդը խնդրել է հրամանատարությանն օրենքով սահմանված կարգով իրենց արձակուրդ տրամադրել, սակայն կապիտանը ծառայողների ներկայությամբ, այսպես ասած, քֆուր է կերել, թե թույլ չի տա Թորոսյանին արձակուրդ վերցնել։ Ամեն դեպքում, ծնողների օգնությամբ զինվորին հաջողվել է օրենքով սահմանված կարգով արձակուրդը ստանալ։ Այդ պահից սկսած նրանց փոխհարաբերություններն էլ ավելի լարված են դարձել։ Իմ կարծիքով՝ այս դեպքում կա ռեալ կասկածյալ, որը գործում չի ներգրավված։ Նկատենք, որ երբ զինվորները դիրքեր են բարձրանում, նրանց հետ է լինում գումարտակի հրամանատարը, որը պատասխանատու է ողջ սահմանային գծի և առանձին դիրքերի համար։

Բացի դա, մենք ստացել են խծուծների ձգաբանական փորձաքննության արդյունքը։ Դրա համաձայն, դիրքերում գտնվող բոլոր 8 զինծառայողները եղել են դեպքի վայրում։ Համաձայն փորձաքննության, բոլոր զինծառայողների վրա կան պղնձի մետաղացման հետքեր, իսկ դա նշանակում է, որ նրանք եղել են Թորոսյանից մինչև 5 մետր հեռավորության վրա», ֊ ասել է Մարտիրոսյանը։

Այսպիսով, նշում է փորձագետը, կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են՝ Լևոն Թորոսյանը չէր կարող իր վրա կրակել։