Home / Հայաստան / Ռուսը մնում է թուրք, Բարձրյալի աջ, Արարատյան մարդ և այլ մտքեր նոր կուսակցության համագումարից

Ռուսը մնում է թուրք, Բարձրյալի աջ, Արարատյան մարդ և այլ մտքեր նոր կուսակցության համագումարից

«Ժամանակն է վերաստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որ բխում է Սասնա ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից», – սեպտեմբերի 29-ին կայացած «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում հայտարարել է կուսակցության նախագահության անդամ ընտրված Վարուժան Ավետիսյանը։ Մասնավորապես, խոսվել է «Արարատյան մարդու համամարդկային առաքելության», ազգային պետության ստեղծման մասին, ինչպես նաև հայտնի է դարձել, թե ում կողքին է մշտապես ներկա Բարձրյալի աջը։

Ներկայացնում ենք հատվածներ՝ Ավետիսյանի, ինչպես նաև «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի ելույթներից։

Վարուժան Ավետիսյան

Հայության կամ, այլ կերպ ասած, Արարատյան մարդու այդ համամարդկային առաքելությունը վերաստանձնելն է այն ամենա մեծ հարցի լուծումը, որի համատեքստում լուծվելու են բոլոր մյուս հարցերը։

Որպեսզի հայությունը կարողանա վերաստանձնել արարչության լույսը տարածելու և արդարություն հաստատելու իր առաքելությունը, նա պետք է ունենա բավարար տարածք, մեկտեղված լինի դրա համար բավարար քանակով և ունենա ազատորեն ու ստեղծագործաբար արարելու ազգային իղձերն ու մարդկային երջանկությունը երաշխավորելու ունակ ինքնակառավարման համակարգ, որի կորիզն ու միջուկը ազգային պետությունն է, որի շուրջը պետք է համախմբվի համայն հայությունը` որպես միասնական ցանցային աշխարհ։

Ազգային պետություն, որի միջոցով միայն մենք կարող ենք կատարել մեր արարչական գործառույթը և իրագործել մեր առաքելությունը։

Ազգային պետություն, որի միջոցով միայն հայությունը կարող է զորաշարժել իր բովանդակ ներուժը և վերաամբողջացնել իր արարչագործության տարածքը՝ հայկական բարձրավանդակը։ Առնվազն իր գերակշիռ մասով վերահաստատվել իր հայրենիքում և գենեռացնել այնպիսի արդյունավետություն, որի միջոցով կարող ենք վերագտնել յուրաքանչյուրիս և բոլորիս կյանքի իմաստը, ապահովել յուրաքանչյուրիս ու բոլորիս լիարժեք ինքնադրսևորումը և հասանելի դարձնել երջանկության արարչաշնորհ բաղձանքի կատարումը։

Առաջին քայլը՝ մտածողության փոփոխությունն է, որ մե՛նք ենք մեր գլխի ու երկրի տերը, որ մե՛նք պետք է ստեղծենք և կարող ենք ստեղծել ազգային պետություն, ինքնակազմակերպվել և սկսել վերելքի ուղին, տոգորվել վճռական մենակի հոգեբանությամբ և գործել ըստ այդմ։ Երբ այդպես անենք, կհասկանանք ու կտեսնենք, որ վճռական մենակի կողքին մշտապես ներկա է Բարձրյալի աջը, իսկ այդ բնական զորության հետ լինելու շահի մղումով դրդված դաշնակիցներն իրար հերթ չեն տալու նրա ձեռքը սեղմելու և իրենց աջակցությունն առաջարկելու համար։

Մտածողության փոփոխություն, նախ, գնահատելու համար այն վիճակը, որի մեջ գտնվում ենք։ Գիտակցություն, որ գաղութացված ենք, ուստի պետք է նախ ազատագրվենք։ Առաջին հերթին, ազատագրվենք, այսպես կոչված, երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից, որի բուն իմաստն ու նպատակն է սպասարկել 1920-21թթ․ ռուս֊թուրքական զավթիչ դաշինքի գործողություններով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունն ու դրա երաշխավոր ռուսական գաղութատիրությունը։ Ինչպես նաև մեր գլխին դրած պահել հանուն անձնական ու կլանային շահերի ազգային շահը վաճառող դավաճանական քաղաքական դասին, որ հայանուն է, բայց հայ չէ, առհասարակ, չունի որևէ ազգություն և հայրենիք։

Մտածողական և կամային հաղթահարում, որի մեկնարկը պետք է լինի ռուս֊թուրքական դավադիր երկընտրանքի հաղթահարումը, ըմբռնում և փրկարար որոշում, որ 100-ամյակներով չափվող ժամանակաշրջանի մեջ սպիտակ ցեղասպանությունը չի կարող գերադասելի լինել կարմիր ցեղասպանությունից, որ երկուսն էլ նույն արդյունքն են ունենում, ուստի չարյաց փոքրագույնի՝ թուրքական յաթաղանի փոխարեն ռուսական սապոգի իբրև թե իմաստում երկընտրանքն ընդամենը մահվան ժամանակի և մեթոդի ընտրություն է։

Այո՛, մենք մերժում ենք ներկայիս հայկական պետականությունը որպես ռուս֊թուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած խորհրդային Հայաստանի ժառանգորդ համարվող, այսպես կոչված, երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, ինչպես նաև դրա իրագործումից բխող իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատող հանցավոր ու կործանարար մոտեցումները։ Դրանց փոխարեն մենք որդեգրում ենք ազգային առաքելությանը միտված, հայրենիքի վերատիրացմանը հետամուտ և առաջին պետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ, որի իրագործումն արդեն սկիզբ է արել Արցախի փաստացի ազատագրմամբ ու 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած համազգային ընդվզման միջոցով գաղութային վարչակազմի գործադիր բաղադրիչի հեռացմամբ։ Ինչը պետք է շարունակվի հետևյալ 4 հիմնական ուղղություններով․

ա․ հիմնադրել նոր հանրապետություն՝ համայն հայության կամքն արտահայտելու հնարավորություն ունեցող, ՀՀ-աբնակ և արցախաբնակ հայության, ինչպես նաև ՀՀ ոչ հայ քաղաքացիների՝ որպես իրավունքի ամբողջական ու միասնական կոլեկտիվ սուբյեկտի կամարտահայտությամբ՝ հանրաքվեի միջոցով, ներկայիս ՀՀ պաշտոնական տարածքի և Արցախի սահմանադրական տարածքի վրա;

բ․ մեկնարկել միջազգային իրավունքի, սկզբունքների ու նորմերի և գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման և ռուսական գաղութատիրությունից ազատագրման իրավաքաղաքական գործընթաց;

գ․ առաջադրել Նախիջևանի և Քուր գետի աջ ափի տարածքների վրա միջազգային իրավունքին համապատասխան նոր հանրապետության իրավազորության հաստատումը որպես այս գործընթացի հերթական քայլ և ձեռնամուխ լինել դրա իրականացմանը, ինչի շնորհիվ նոր հանրապետությունն այդ ամբողջ տարածքի վրա իր սահմանների առումով կձևավորվի որպես քուրարաքսյան հանրապետություն;

դ․ իրականացնել համակարգային փոփոխություններ՝ հիմնվելով ազգային մշակույթի վրա և ստեղծագործաբար ներառելով միջազգային անհրաժեշտ փորձը, այդ թվում՝ համաժովողրդական մասնակցության և քննարկման ձևաչափով ընդունել նոր սահմանադրություն։

Արա Պապյան

Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում բացակայում է լուրջ ազգային և ազգայնական քաղաքական ուժ։ Վստահ եմ, որ «Սասնա ծռերը» կլրացնեն այդ բացը։

Վստահ եմ, որ առաջիկա, և հուսանք, որ էդ առաջիկան շատ շուտ պիտի լինի, արտահերթ ընտրությունների ժամանակ «Սասնա ծռեր»-ն իր արժանի տեղը կգրավի խորհրդարանում։

Այո, ես գտնում եմ, որ «Սասնա ծռեր»-ը պիտի լինեն ազգային կուսակցություն, բայց նաև ցանկություն եմ հայտնում, որ «Սասնա ծռեր»-ն արդեն որպես քաղաքական խորհրդարանական ուժ լինեն տարածաշրջանում պետականազուրկ ժողովուրդների ազատության դրոշակակիրը։

Ակնհայտ է, որ և՛ Արցախի հարցը, և՛ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հարցը հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, երբ այդ պետականազուրկ ժողովուրդները հայոց պետականության հետ միասին պայքարի մեջ լինեն, որովհետև մենք ունենք ընդհանուր շահեր, և կկարողանանք կերտել Միջին Արևելքում հայոց պետություն, որը կլինի այդ բոլոր ժողովուրդների համար օրինակ, նաև նրանց շահերն իրականացնող։ Սա՛ է միակ իրատեսական ճանապարհը՝ լուծելու տարածաշրջանում առկա հակամարտությունները հօգուտ այն բոլոր իղձերի, քաղաքական նպատակների, որ մենք ունենք։

Նկարը՝ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտ Կարեն Առաքելյանի, անվանումը՝ Ծովից ծով Հայաստան, աղբյուր Dasaran.am