Գլխավոր / Ազգային ժողով / «Թավշյա հեղափոխությունը» ազդել է ադրբեջանցիների քաղաքական մտքի վրա

«Թավշյա հեղափոխությունը» ազդել է ադրբեջանցիների քաղաքական մտքի վրա

Կարո՞ղ է արդյոք ընդդիմադիր քաղաքական գործիչն ինչ֊որ բանի հույս ունենալ Ադրբեջանում։

Առաջին հայացքից հարցը անհեթեթ է․ Ադրբեջանը, որտեղ որտեղ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը երկար տարիների ընթացքում ամրապնդում է իր միանձնյա կառավարումը, դասվում է աշխարհի ամենաավտորիտար ռեժիմների թվին։ Խորհրդարանում ներկայացված չէ որևէ ընդդիմադիր կուսակցություն, իսկ անկախ քաղաքական գործիչներին ստիպում են փախչել երկրից կամ ձերբակալում են։

Սակայն Իլգար Մամեդովը (լուսանկարում) Ադրբեջանում իրավիճակը անհույս չի համարում։ Օգոստոսին նա, լինելով այդ երկրի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը, ազատ է արձակվել և նորից գլխավորել «Հանրապետական այլընտրանք» կամ REAL անունով կուսակցությունը։ Այժմ Մամեդովը հայտարարում է, որ REAL-ը մասնակցելու է ընտրություններին, և կարծում է, որ իր կուսակցությունը հաջողելու շանսեր ունի։

«Մենք այնքան էլ միամիտ չենք, որ ենթադենք, թե նախագահ Ալիևը հանկարծ կորոշի ազատ և արդար ընտրություններ անցկացնել։ Դա չի պատահի», — ասել է նա։ Սակայն, քաղաքական բավարար ուժեղ ճնշումը, նրա խոսքով, կարող է իշխանությանը ստիպել գոնե մասամբ ազատ ընտրություններ անցկացնել, որ թույլ կտա իր կուսակցությանը խորհրդարանում մի քանի տեղ զբաղեցնել։ «Որակական փոփոխությունները, անկասկած, հասանելի են։ Եթե մենք խորհրդարանում լավ ներկայացուցչություն ստանանք՝ անգամ ոչ կատարյալ ընտրությունների դեպքում, դա կարող է նոր դինամիկա ստեղծել»։

Սցենարը, որ նկարագրում է Մամեդովը՝ ընդդիմադիր կուսակցություն, որը խորհրդարանի իր փոքրաթիվ տեղերը օգտագործում է ավելի լայն փոփոխություններ առաջացնելու և արդյունքում ալիևներին իշխանությունից հեռացնելու նպատակով, անխուսափելիորեն Հայաստանի մասին է հիշեցնում։

Այնտեղ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդարանական փոքր խմբակցությամբ այս տարի կարողացավ գլխավորել ժողովրդական շարժումը, որը հասավ երկիրը երկար ժամանակ կառավարած Սերժ Սարգսյանի հրաժարականին և իրեն՝ Փաշինյանին, դարձրեց վարչապետ։

Մամեդովը Փաշինյանի հետ ուղիղ համեմատություններից խուսափում է։ Սակայն ասում է, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» ազդել է ադրբեջանցիների՝ հատկապես կրթված միջին խավի ներկայացուցիչների քաղաքական մտքի վրա։ Հենց նրանց է գործիչը տեսնում որպես REAL-ի հիմնական ընտրազանգված։

«Ողջ հանրությունը շատ ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ […] Ադրբեջաբնական միջին խավը, ուսանողները, ցածր և միջին օղակների պետական ծառայողները, ձեռներեցները և այլն՝ այն դասը, որ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ շփվում է վրացիների և հայերի հետ, իրեն որոշ չափով ճնշված է զգում, — ասել է Մամեդովը։ — Երբ այդ դասի մարդիկ Ադրբեջանը համեմատում են Վրաստանի և Հայաստանի հետ, նրանք թերարժեքության զգացողություն են ունենում այն իմաստով, որ այդ երկու երկրները կարողացել են առնվազն փորձել գնալ դեմոկրատիայի ճանապարհով։ Իսկ մենք մինչ այժմ չենք կարողանում դա անել։ Եվ այդ զգացողությունը քաղաքական նշանակություն ունի»։

Մամեդովը Eurasianet.org֊ին հարցազրույց է տվել REAL֊ի փոքրիկ գրասենյակում, որ գտնվում է Բաքվի կենտրոնից ոչ հեռու՝ միաժամանակ ներողություն խնդրելով այնտեղ ընթացքող վերանորոգման աշխատանքների պատճառով փոշու և խառնաշփոթի համար։ Գրասենյակի տարածքում համարյա ոչ մի զարդարանք չկա, եթե չհաշվենք Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը փառաբանող պաստառները․ այն հարյուր տարի առաջվա դեմոկրատական կարճատև էքսպերիմենտ է, որ ընդդիմությունը մինչ այժմ համարում է որպես նմանվելու օրինակ։ Անկյունում դրված ադրբեջանական դրոշի հարևանությամբ Եվրոպական Միության դրոշն է։ Մամեդովը, որ ազատ խոսում է անգլերեն, այն դասի ներկայացուցիչների նման է, որին նա ձգտում է ներկայացնել՝ ջինսով, արդուկած վերնաշապիկով և նորաձև ակնոցով։

Օգոստոսին Մամեդովն ազատ է արձակվել՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով հինգ տարի բանտում անցկացնելուց հետո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր, որ նրա դեմ առաջ քաշված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ են ունեցել և նրան ստիպողաբար լռեցնելու կամ իշխանությանը քննադատելու համար պատժելու նպատակ։ ՄԻԵԴ-ը կոչ է արել նաև ազատ արձակել նրան։ Երբ Ադրբեջանը հրաժարվեց դա անել, Եվրոխորհուրդը գործընթաց սկսեց, որը կարող էր հանգեցնել երկիրը այդ կազմակերպությունից դուրս բերելուն։ Վերջիվերջո, Մամեդովը ազատ էր արձակվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Բաքու ժամանելուց մի քանի օր առաջ։

Մամեդովը ազատ էր արձակվել պայմանականորեն, և մինչև հիմա ձգտում է լիարժեք արդարացման։ Քանի դեռ նա չի արդարացվել, ամբողջապես հստակ չէ՝ կարող է արդյոք առաջադրել իր թեկնածությունը Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։ Մամեդովի խոսքով, այժմ իր կուսակցության իրավաբանները ուսումնասիրում են այդ հարցը։

Միաժամանակ, ինչպես ինքն է ասում, նա փորձում է մոբիլիզացնել քաղաքական լծակները՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արտերկրում, որպեսզի իշխանություններին թույլ չտա խանգարել ընտրություններում իր մասնակցությանը։

Խորհրդարանական հաջորդ համընդհանուր ընտրությունները նշանակված են 2020 թվականի վերջին, բայց REAL-ը քարոզարշավ է իրականացնում արտահերթ ընտրությունների համար։

Չնայած ադրբեջանական հետապնդվող ընդդիմությունը հաճախ բոյկոտում ընտրությունները, համարելով, որ ընտրություններում ընդդիմության մասնակցելը ոչ շահավետ պայմաններ է ենթադրում, Մամեդովն ասում է, որ բոյկոտը ճիշտ մարտավարություն չէ, եթե երկրում գոյություն ունի արդար ընտրությունների գոնե պոտենցիալ հնարավորություն։

«Չնայած ընտրությունների մասին օրենքի ողջ թերություններին, ODIHR-ը (ԵԱՀԿ-ի Ընտրությունների դիտորդական միջազգային կազմակերպություն) կարծում է, որ անգամ այդ օրենքների առկայության պայմաններում կարելի է ազատ և արդար ընտրություններ անցկացնել։ Հակառակ դեպքում նրանք 500 դիտորդ չէին ուղարկի և միլիրոնավոր դոլլարներ չէին ծախսի ընտրություններին հետևելու համար», — ասել է նա։

Բացի դա, ադրբեջանական ընդդիմությունը հայտնի է ներքին վեճերով, և Մամեդովն ասել է, որ REAL-ը պատրաստվում է փոխել առնվազն այդ իրավիճակը։ «Ժամանակիրն ես խիստ քննադատել եմ նախկին ընդդիմությանը տարբեր հիմնավորված պատճառներով։ Բայց այժմ ես նրանց հետ վիճելու կամ նրանց դեմ արշավ սկսելու իմաստ չեմ տեսնում», — ասել է նա։

Մասամբ դա ունի քաղաքական դրդապատճառներ․ հիմա REAL կուսակցությունն այնքան է աչքի ընկել քաղաքական մյուս կուսակցությունների ֆոնին, որ վերջիններին քննադատելու անհրաժեշտություն արդեն չկա։ Իրենց դերն ունեն նաև ամվտանգության խնդիրները․ Մամեդովն ասել է, որ սպառնալիքներ է ստանում «կառավարության ամենաբարձր մակարդակներից», և հիշեցրել է Ռասիմ Ալիևի՝ լրատվամիջոցների ազատության մարտիկի գործի մասին, ում ծեծելով սպանել էին այն բանից հետո, երբ նա Ֆեյսբուքում քննադատել էր ադրբեջանցի մի ֆուտբոլիստի։ Շատերը մինչև հիմա կասկածում են, որ Ալիևի մահը կապված էր նրա քաղաքական գործունեության հետ։

«Նրանք (իշխանությունները) իշխանության հետ կապ չունեցող խմբերի հետ յուրաքանչյուր մանր վեճն օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար՝ լինի դա հետապնդում կամ անգամ սպանություն։ Այդ իսկ պատճառով, եթե ես վիճեմ այդ մարդկանց (ընդդիմության) հետ, ինչ-որ պահի նրանք (իշխանությունները) կարող են ինձ ուղղակի սպանել և ասել, թե «դա ուղղակի ընդդիմության ներքին հաշվեհարդարներն են»։ Սա անվտանգության շատ կարևոր հարց է»։

Արդյունքում, ասել է նա, «ստիպված եմ հաշտ լինել բոլորի հետ՝ նորմալ, տարօրինակ մարդկանց, հեծանիվների սիրահարների համայնքների և չգիտես թե էլ ում հետ։ Միակ կողմը, ում ես կշարունակեմ քննադատել, իշխանությունն է»։

Իշխանությունները մեծ հաշվով դեռ ուշադրություն չեն դարձնում Մամեդովին։ Վերնախավի հավատարիմ շան համբավ ունեցող վերլուծաբաններից մեկը հեգնող տոնով վարկաբեկող մի լայնածավալ հոդված է գրել․ «Հասկաքնալի է, որ ձեզ առաջնորդում է ցանկությունը ավելի բարձր, ուժեղ, իմաստուն և այլն երևալու, քան դուք կաք իրականում»։

Անգամ Մամեդովին աջակցողներից շատերը նրա քաղաքական շանսերը բարձր չեն գնահատում։ «Նրանք պատրաստ չեն պայքարելու այս իրավիճակում, — ասել է փաստաբան-իրավաբան Սամեդ Ռախիմիլին, ով նախկինում համագործակցել է այս կուսակցության հետ, բայց դադարեցրել է այդ համագործակցությունը։ — Ոչ միայն REAL-ին, այլև ողջ ընդդիմությանը պակասում է շարքային քաղաքացիների մասնակցությունը։ Առանց ժողովրդական լայն մասնակցության հնարավոր չէ փողոցներում պայքարել սեփական իրավունքների վերականգնման համար»։

Մամեդովն ասել է, որ կուսակցությունն ունի «հազարավոր» անդամներ և 20 գրասենյակներ է բացել ողջ Ադրբեջանով մեկ։

Մեկ այլ դաշնակից՝ քաղաքական ընդդիմության վետերան, վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն ասել է, որ իրավիճակը դիտարկում է ավելի երկարաժամկետ հեռանկարով։ Չնայած կառավարությունը վերահսկողության տակ է պահում իշխանության բոլոր մակարդակները, Մամեդովը կարող է հրապարակայնորեն խոսել մարդկանց անհանգստացնող խնդիրների մասին, որոնք իշխանությունը չի կարողանում լուծել։ «Իսկ Մամեդովը իր ընկերների հետ կարող է ձևակերպել այդ խնդիրները և մարդկանց ցույց տալ, որ ինքը տեսնում է և գիտի, թե ինչպես դրանք լուծել, այսինքն՝ հստակեցնել գործողությունների ծրագիրը։ Եվ կգա այնպիսի պահ, երբ դա կդառնա նրանց առավելությունը»։

Ջոշուա Կուչերա
Eurasianet.org֊ի խմբագիր Թուրքիայի և Կովկասի գծով, վարում է  The Bug Pit անվամբ բլոգը