Home / Առողջապահություն / Մարդու իրավունքները հոգեբուժարաններում և քաղաքական ցնցումների ազդեցությունն առողջության վրա

Մարդու իրավունքները հոգեբուժարաններում և քաղաքական ցնցումների ազդեցությունն առողջության վրա

«Կան մարդու իրավունքներ, որոնք հոգեբուժական հաստատություններում ընդհանրապես հնարավոր չի ապահովել։ Եթե գերբնակեցման խնդիր կարող ենք, օրինակ, լուծել, մարդու անկախ ապրելու և համայնքում ներառվելու խնդիրը հոգեբուժական հաստատությունում, հոգեկան առողջության փակ տիպի մեծ հաստատություններում հնարավոր չէ ապահովել, ինչպիսի լավ կառավարում, ձգտում էլ որ լինի»։ Այս մասին հոկտեմբերի 10-ին կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը։

Ըստ նրա՝ գտնվելով հոգեբուժական փակ տիպի հաստատությունում, փաստացի ազատության իրավունքի հետ կապված խնդիրներ են առաջանում, մարդիկ մեկուսանում են համայնքից, ինչպես նաև խնդիրներ են առաջանում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի հետ կապված։ Ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունները գալիս են նրանից, որ դրանք փակ տիպի հաստատություններ են, որոնք էլ հենց տանում են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, ասել է մասնագետը։ «Ինձ համար առաջնային է, որ հոգեբուժական հաստատությունները, տուն֊ինտերնատները՝ փակ տիպի, փոխարինենք համայնքային ծառայություններով»։

Հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների խախտումներին է անդրադարձել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Հասմիկ Հարությունյանը։ «Նույնիսկ այն նվազ խնդրահարույց դեպքերում, երբ որ կան անձի մոտ հոգեկան առողջության խնդիրներ, մեր օրենսդրությունն այնպիսին է, որ դատարանները միանգամից լրիվ գործունակության վերացում են կիրառում այն պարագայում, երբ որ հնարավոր էր ոչ թե ամբողջությամբ վերացնել, այլ, օրինակ, կիրառել սահմանափակ գործունակությունը և անձին հնարավորություն տալ ինչ֊որ այլ անձանց աջակցությամբ, օժանդակողի օգնությամբ առօրյա կյանքում գործունեություն ծավալել»։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դավիթ Մելիք֊Նուբարյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց։ Այսպիսով, Հայաստանում 2017 թվականի դրությամբ կա շուրջ 52 հազար հոգեկան խնդիրներ ունեցող հաշվառված անձ։ 2016֊ի համեմատ թիվն ավելացել է 3 տոկոսով։

«Մենք ստացել ենք խորհրդային միությունից ստացած համակարգը, որը հիմնականում ֆիքսված էր հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց մեկուսացման վրա և, պայմանական ասած, փակ տիպի համակարգերը ևս մեր ժառանգությունն է, և հիմնական մեր քաղաքականությունը ուղղված է այս սիստեմը վերափոխելուն», – ասել է նախարարության ներկայացուցիչը։

Խոսելով վերջին ամիսներին կատարված աշխատանքի մասին, նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ մարզային բոլոր հոգեբուժարաններին ֆինանսական լրացուցիչ միջոցներ են հատկացվել՝ առաջնային խնդիրները հոգալու համար․ մի տեղ սանհանգույցների վերանորոգման հարց է, մի տեղ՝ պատուհանների։ 2016 թվականի համեմատ 3 տոկոսով ավելացել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների թիվը։

Մելիք֊Նուբարյանն ասել է նաև, որ մտավոր հետամնացության շեշտակի աճ է գրանցվել, ինչը նա կապում է դրա հայտնաբերման բարելավման հետ։

«Կարող եմ ենթադրել, որ մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններն, ինչ խոսք, ազդեցություն են թողնում թե՛ մեր վարքագծի, թե՛ մեր մտածելակերպի, ինչո՞ւ չէ, բանականության վրա։ Բայց դրա համար պետք են գիտական եզրակացություններ», – ասաց նա։

Նույն հարցին անդրադարձավ նաև «Սպիտակի խնամքի տուն» ՀԿ-ի տնօրեն Բավական Պետրոսյանը՝ նշելով, որ քաղաքական ցնցումները որոշակի ազդեցություն թողնում են հոգեկան առողջության վրա, սակայն, այնուամենայնիվ, դրանք կարող են ուղղակի «սադրիչ» դեր ունենալ․ «Եթե մարդն իր ներքինից չունենա այդ խնդիրը, ինչքան ուզում է քաղաքական ցնցումներ լինեն, ինչ էլ լինի, դա էդպես չի կարող դրսևորվել»։