Home / Բնապահպանություն / Արագածի բնակիչներին խոստացել են փակել ՀԷԿ-երը

Արագածի բնակիչներին խոստացել են փակել ՀԷԿ-երը

Արագածոտնի մարզի Արագած գյուղի շուրջ 200 բնակիչներ այսօր՝ հունիսի 6-ին, բողոքի ցույց էին իրականացնում Գեղարոտ գետի վրա գործող ՀԷԿ֊երից մեկի մոտ: Նրանք պահանջում են դադարեցնել իրենց գյուղի համար ոռոգման ջրի մատակարար հանդիսացող Գեղարոտ գետի վրայի երկու ՀԷԿ-երի աշխատանքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասաց Արագածի բնակիչ Արբակ Գասպարյանը։ Նրա խոսքով՝ նախկինում գետի ջուրը Արագածի խառնարանից մինչև գյուղ հասնելու համար մոտ երեք ժամվա ճանապարհ էր անցնում՝ 15-18 կիլոմետր, այդ ընթացքում հասցնում էր ինքնամաքրվել, սակայն ՀԷԿ-երի աշխատանքի պատճառով ջուրը հասնում է գյուղ մոտ հինգը րոպեում՝ իր հետ բերելով թունավոր նյութեր, այդ թվում՝ ծանր մետաղներ և ծծումբ։ Ոռոգման ջրի թունավորավածության պատճառով ամբողջ բերքը չորանում ու «ժանգոտում է»։

Բողոքի ցույցը սկսվել է առավոտյան։ Գյուղացիներն ի սկզբանե մտադիր են եղել փակել ճանապարհը, սակայն քննարկման արդյունքում եկել են հայտարարի՝ բարձրանալ ՀԷԿ-երից մեկի մոտ։ Ցուցարարները ՀԷԿ-ի պատնեշների մոտ գյուղատնտեսական տեխնիկա են բերել։ Պատրաստվում էին նոր ճանապարհ փորել ՀԷԿ-ի պլատինաների մոտակայքում, որով ջուրը՝ շրջանցելով ՀԷԿ-ը, կհոսեր դեպի գյուղը։

Կեսօրից հետո ցուցարարներից մի քանիսը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հետ մեկնել էին Երևան՝ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հանդիպելու։ Քիչ առաջ գյուղում մնացած ցուցարարներին նրանք հայտնել են, որ հանդիպման ժամանակ նախարարը խոսք է տվել խնդրին լուծում տալ  և մոտ օրերս դադարեցնել ՀԷԿ-ի աշխատանքը։