Home / Առողջապահություն / Էդգար Ծատինյանի մահը քննում են այն քննչական բաժնում, որտեղ նա խոշտանգվել է (պարզաբանում է ավելացել)

Էդգար Ծատինյանի մահը քննում են այն քննչական բաժնում, որտեղ նա խոշտանգվել է (պարզաբանում է ավելացել)

Երեկ՝ 2019թ․ հունիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակում է արել Է․ Ծատինյանի մահվան գործի քննության ընթացքի մասին, որը թյուրընկալումների տեղիք է տվել։

Պարզաբանում ենք, որ ինչպես այս գործի մասին մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, Էդգար Ծատինյանը բռնության է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Եվ ոստիկանության աշխատողների նկատմամբ հարուցված քրեական գործն այժմ քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։

Հրապարակման մեջ տեղ գտած քննչական բաժնում խոշտանգված լինելու մասը տեխնիկական վրիպակ է, և արդեն ուղղված է։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կեղծ տեղեկություն տարածելու դիտավորություն չի ունեցել, տեղի ունեցածը սխալմունք է։ Ներողություն ենք խնդրում թյուրընկալում առաջացնելու համար։

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին Է․ Ծատինյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ցուցումով, և ոստիկանների գործողությունները, ինչպես պնդում են Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները,  նպատակ են ունեցել ստիպելու նրան, որ սուտ վկայություն տա ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում։

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում բերման ենթարկելու հանգամանքը փաստվում է նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին տրված պատասխան գրությամբ։ Գրությունը կցված է։

***

2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։

Է․ Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո։ Նրա ընտանիքի անդամները հայտնել էին, որ քննչական բաժնում նրան ծեծել են և ստիպել սուտ վկայություն տալ՝ թմրանյութը «գրպանը գցելու» սպառնալիքով։ Արդյունքում Է․ Ծատինյանը, քրեական պատասխանատվությունից վախենալով, կուլ էր տվել թմրանյութը և հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց սուր թունավորումից մահացել։ Հարազատները պնդում էին, որ «Արմենիա» ԲԿ-ում պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվելու պահին վնասված է եղել նրա շրթունքն ու ատամնաշարը, ինչպես նաև աջ ձեռքը, որը դաստակի մասում վիրակապված է եղել փողկապով, ինչը վկայում է, որ քննչական բաժնում նրա նկատմամբ բռնություն են գործադրել։

Քրեական գործ է հարուցվել նաև Է․ Ծատինյանին քննչական բաժնում խոշտանգելու հիմքով։ Է․ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, նրա շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը։

Հենց խոշտանգման հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում էլ տուժող կողմը տեղեկացել էր ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հիմքով հարուցված քրեական գործի մասին, իսկ պաշտոնական տեղեկատվություն տուժողը երկար ժամանակ չուներ։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա․ Զալյանը 2019թ․ մայիսի 7-ին վարույթն իրականացնող մարմնին բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ խոշտանգման հիմքով քրեական գործը դեռևս քննվում է, այսինքն՝ Է․ Ծատինյանի մահվան մեջ Ավան և Նոր Նորք քննչական բաժնի աշխատակիցների մեղավորության մասին ողջամիտ կասկած դեռևս կա, քննիչը կարող է շահագրգիռ անձ լինել և օբյեկտիվ քննություն չապահովել։

Բացի դրանից՝ «Արմենիա» ԲԿ-ում գրանցված մահվան դեպքով, ըստ վարչական բաժանման, քննությունը չպետք է իրականացներ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը, քանի որ հաղորդում ներկայացրած կառույցը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ն․ Թոփուզյանը մերժել է բացարկի միջնորդությունը։ Ա․ Զալյանը 2019թ․ մայիսի 23-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Բողոքի մեջ հիմնավորումներ է ներկայացրել քննչական բաժնի՝ շահագրգիռ լինելու և դատախազ Ն․ Թոփուզյանի՝ այդ փաստերի վրա աչք փակելու մասին։

Այսպես՝ 2019թ․ ապրիլի 15-ին հարուցված քրեական գործի մասին տուժող կողմը մինչև 2019թ․ մայիսի 7-ը որևէ տեղեկատվություն չի ունեցել, մինչդեռ կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ քննվող քրեական գործերը պետք է քննվեն սեղմ ժամկետներում, քննիչը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեր, այդ թվում՝ հարցաքններ բուժաշխատողներին ու տուժող կողմին, բայց ինչպես արդեն նշվեց, գոնե տուժողը քրեական գործի մասին իմացել է հարուցվելուց 22 օր անց։ Այս գործողությունների ձեռնարկումը հետաձգելու դեպքում մեծանում է հանցագործություն կատարած անձանց միջև պայմանավորվածությունների ձեռքբերման հավանականությունը։

Ա․ Զալյանը բողոքում վկայակոչել է նաև տարածքային ընդդատության կանոնի խախտման փաստը․ մահվան փաստով քրեական գործը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը չպետք է քններ։

ՀՔԱՎ-ը նշում է, որ դատախազ Ն․ Թոփուզյանը բացարկի միջնորդությունը քննարկելիս այս հիմնավորումներին ուշադրություն չի դարձրել և միջնորդությունը  մերժել է ձևական թերությունների պատճառաբանությամբ՝ նույնիսկ փաստական որոշ տվյալների աղավաղմամբ, ինչը վկայում է գործի քննության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի մասին։ Փաստորեն՝ ձևական թերությունների պատճառով տուժող կողմը զրկվել է իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից։

2019թ․ մայիսի 23-ին ներկայացրած բողոքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չենք ստացել։