Home / Առողջապահություն / «Մորֆինն է լուծումը»․ Հայաստանին անհրաժեշտ է պալիատիվ խնամքը

«Մորֆինն է լուծումը»․ Հայաստանին անհրաժեշտ է պալիատիվ խնամքը

Հունիսի 7-ին և 8֊ին Երևանում տեղի կունենա «Ցավի կառավարումը պալիատիվ խնամքում․ ոլորտի բարեփոխումների արդյունավետ կիրառումը Հայաստանում» խորագրով համաժողով, որի նպատակն է խթանել պալիատիվ խնամքի համատեքստում լիարժեք ցավազրկման գործընթացը։

«Հոսպիսային և պալիատիվ խնամքի համաշխարհային դաշինք»-ն այս ուղղությամբ համագործակցում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հետ և համաշխարհային մակարդակով ունի պալիատիվ խնամքի իրականացման վեցը մակարդակ։ Առաջին մակարդակում են գտնվում այն երկրները, որտեղ պալիատիվ խնամք ընդհանրապես գոյություն չունի, բայց կան առաջնորդներ, որոնք հանձնառություն են ստանձնել ներդնել այն։ Երկրորդ մակարդակի երկրներում արդեն կան այս ուղղությամբ աշխատող առաջնորդներ, բայց դեռ որևէ հստակ տեղ՝ բժշկությունն իրականացնելու համար չկա։ Երրորդ մակարդակն այն է, երբ երկրում արդեն գոյություն ունի պալիատիվ խնամքի տրամադրման մեկ միավոր, սակայն երկրի ամբողջ տարածքով խնամք դեռ չի տրամադրվում։ Հաջորդ մակարդակում երկրներն են, որտեղ պալիատիվ ծառայությունները հասանելի են երկրի ամբողջ տարածքում, սակայն առողջապահության համակարգի մաս դեռ չեն կազմում։ 5-րդ և 6-րդ մակարդակներում երկրներ են, որտեղ պալիատիվ խնամքն սկսում է ինտեգրվել և, համապատասխանաբար, արդեն ամբողջությամբ ինտեգրված է։

«Հայաստանը մնացել է երկրորդ և երրորդ մակարդակների միջև, այսինքն՝ երկրում կան ծառայություններ, որոնք տրամադրվում են, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվել է երեք պիլոտային ծրագիր։ Կառավարությունն այս նախաձեռնությունը չշարունակեց, հետևաբար, այս պահին ծառայություններն առողջապահական համակարգի մաս չեն կազմում։ Կան նաև կրթական նախաձեռնություններ, բայց խնդիրն այն է, որ պալիատիվ խնամքը կրթական ստանդարտ ծրագրից դասավանդելու համար ավելի մեծ միջոցներ են պետք», – հունիսի 6-ին կայացած ասուլիսի ընթացքում ասել է «Հոսպիսային և պալիատիվ խնամքի համաշխարհային դաշինքի» (WHPCA) գործադիր տնօրեն, դոկտոր Սթիվեն Քոննորը՝ հավելելով, որ սովորաբար պալիատիվ խնամքը տրամադրվում է այն վայրերում, որտեղ մարդիկ բնակվում են։ Ծառայության տրամադրման ընթացքում անհրաժեշտություն է ծագում, որ որոշ ժամանակ մարդիկ հիվանդանոցում անցկացնեն, սակայն հիմնականում ծառայություններն իրենց տներում են մատուցվում, հետևաբար, ծառայություններ մատուցող բժիշկները պետք է վերապատրաստում անցնեն։ Քոննորի խոսքով՝ Հայաստանում կան ցավազրկող դեղամիջոցներ, բայց բժիշկները ոչ ամբողջությամբ են դրանք օգտագործում․ «Կազմակերպվելիք համաժողովի նպատակը հենց դա է՝ ևս մեկ անգամ նշել այդ ցավազրկող դեղերի ու միջոցների առավել արդյունավետ կիրառման հնարավորությունները»։

Հայաստանում տարօրինակ իրավիճակ է, երբ ի սկզբանե մարդիկ սկսում են աշխատել և հետո նոր օրենսդրական բազա փնտրել: «Մենք էս ամեն ինչն արդեն պատրաստել ենք, բայց չկան մարդիկ, որոնք կարող են հաղթահարել իրենց վախը և աշխատել թմրաբեր ցավազրկողների հետ», – իր հերթին, նկատել է պալիատիվ խնամքի մասնագետ, Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս Նարինե Մովսիսյանը։ Այս մոտեցումն, ըստ նրա, Սովետական միությունից մնացած ժառանգություն է․ բժիշկները կարծրատիպեր ունեն, որոնք բարդ է հաղթահարել։

«Շատ դժվար է մարդկանց համոզել, որ դուք էսպես պետք է դուրս գրեք մորֆինը, որ որևէ բան չի լինի։ Մարդիկ պետք է գան, տեսնեն՝ ինչպես են նշանակվում։ Էդ պրոցեսը կոչվում է տիտրացիա։ Հիվանդի մահճակալի կողքը պետք է լինեն, տեսնեն պրոցեսը՝ հանգիստ և համոզված գնալով, որ կարող են իրականացնել»։ Մովսիսյանի խոսքով՝ և՛ հասարակության, և՛ բժիշկների շրջանում ափիոնի հետ կապված վախ կա, ինչի համար, սակայն, նա վերջիններիս չի մեղադրում, քանի որ դա գալիս է օփիոիդների հետ աշխատելու փորձի բացակայությունից․ «Սա մեկ անգամ սովորելով կամ թրեյնինգ անցնելով հնարավոր չէ, մարդը պիտի ունենա և՛ գրականություն, և՛ պրակտիկա, և՛ վախվխելով նշանակի, որ տեսնի՝ ամեն ինչ նորմա՞լ է արել, որ կարողանա աշխատել»։

Մասնագետը խոսեց նաև ոստիկանության՝ թմրաբեր ցավազրկողների դուրս գրման մեջ ներգրավվածության մասին, որը եղել էր ժամանակին և անհասկանալի է իր համար։ «Ինչո՞ւ պետք է ոստիկանը խառնվի դուրս գրման պրոցեսի մեջ, ինչո՞ւ հակաբիոտիկների դուրս գրման մեջ չեն խառնվում։ Էստեղ սպեկուլյացիայի տեղ կա, որովհետև կա ապօրինի շրջանառություն և, բնականաբար, ավելի հեշտ է հետևել այնտեղից, որտեղից դուրս է գրվում։ Եթե բժիշկը մի քիչ ավել էր դուրս գրում, անպայման որոշակի մարմիններ գալիս էին, հետաքրքրվում՝ ինչո՞ւ ես դոզան ավելացրել»։

Ըստ նրա՝ օրինաչափություն կա․ եթե մաքուր մորֆին է և մորֆինանման մորֆինի ածանցյալներ են, որևէ կախվածություն առաջացնելու համար պետք է որոշակի չափով ընդունվեն առնվազն 6 անգամ․ «Լայն շրջանակների համար ուզում եմ ասել, որ մորֆինը պետք է նշանակվի առնվազն 6 անգամ և գնալով դոզան պետք է բարձրացվի, մինչև կհասնի ցավազրկման, երբ հիվանդը չի ունենա կողմնակի ազդեցություններ և կցավազրկվի։ Իսկ կողմնակի խնդիրների մասին պետք է իմանալ, այնպես որ, կրթական խնդիր էլ ունենք»։

Պալիատիվ խնամքը բժշկության ոլորտ է, որը ոչ թե բուժում է, այլ ուղղված է մարդու ցավը ամոքելուն և անհրաժեշտ է ինչպես հիվանդին, այնպես էլ նրա ընտանիքին։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանում տարեկան 8 հազար մարդ է մահանում քաղցկեղից։ Human Rights Watch Եվրոպայի և Միջին Ասիայի բաժնի տնօրենի տեղակալ Գիորգի Գոգիայի խոսքով՝ փաստ է, որ այդ մարդկանց 80 տոկոսը մահանում է բավականին ուժեղ ցավերի մեջ․

«Սա այն ցավն է, որը պահանջում է ուժեղ ափիոնային բուժում։ Եթե Հայաստան ներմուծված բոլոր ափիոնային ու հարակից միջոցներն ուղղվեն քաղցկեղով հիվանդների ցավի բուժմանը, այդ միջոցը հասանելի կլինի 2 տոկոս կամ ավելի քիչ հիվանդներին։ Այսինքն, մենք խոսում ենք առնվազն 98 տոկոս քաղցկեղով հիվանդ մարդկանց մասին, որոնք մահանում են տանջալի ցավերի մեջ»։

Human Rights Watch֊ը բազմաթիվ հարցազրույցներ է անցկացրել նմանատիպ ցավերից տառապող հիվանդների հետ և պարզել․ ցավն այնքան ուժեղ է, որ մարդիկ չեն կարողանում նորմալ կյանք վարել՝ քնել, սնվել, շփվել ընտանիքի անդամների հետ։

«Այդ ցավը հնարավոր է կանխել, և մորֆինն է խնդրի լուծումը», – ասել է Գոգիան։ Այս համատեքստում նա խոսել է մարդու իրավունքների պաշտպանության մասին, քանի որ տվյալ տեսանկյունից օգնություն ստանալն ամենա կարևոր իրավունքն է, որն ամրագրված է Հայաստանի կողմից ստորագրված մի շարք միջազգային փաստաթղթերով և համաձայնագրերով։