Գլխավոր / Հայաստան / Ահաբեկիչ Բրեյվիկը՝ նկարիչ Մաքսիմ Գիքինյանի ոգեշնչման աղբյուր

Ահաբեկիչ Բրեյվիկը՝ նկարիչ Մաքսիմ Գիքինյանի ոգեշնչման աղբյուր

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դարձել է ոգեշնչման աղբյուր հայազգի գեղանկարիչ Մաքսիմ Գիքինյանի համար, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։ Թերլեմեզյան հուշեր խորագիրը կրող ցուցահանդեսում, որտեղ ցուցադրվում են Թերլեմեզյան ուսումնարանը 40 տարի առաջ ավարտած յոթ շրջանավարտների գործերը, ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց այս գործը։ Մաքսիմ Գիքինյանի նկարը հայկական դրոշի ֆոնին բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Հեղինակը, սակայն, չի կարծում, որ Բրեյվիկին նկարելով որևէ սխալ բան է արել։

– Որովհետև ասել ա՝ փառք Հայաստանին, որ գոյատևել ենք, գիտեք՝ ինչ տեղ ենք մենք ապրում, մեզ ուտում են արդեն։ Դուք ադրբեջանական հեռուստատեսությունը նայո՞ւմ եք՝ հայերեն էլ են հաղորդում, ինչեր են ասում մեր ազգի մասին։ Ես հանցագործություն չեմ գործել, տեռորիստական խմբավորումների հետ գործ չունեմ։ Ինքն էդ դժվար կացության մեջ հայ ազգին չի մոռացել։ Իրան մեղադրում են, ինքն ասում ա՝ ես անմեղ եմ։

2011 թվականի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկ պայթյուն է իրականացնում Օսլոյի կառավարական թաղամասում, ապա գնդակահարում Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցներին Ուտոյա կղզում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվում է 77 մարդ։ Ահաբեկչությունն իրականացնելուց առաջ Բրեյվիկը հանդես է գալիս «283 անկախության եվրոպական հռչակագիր» ծավալուն մանիֆեստով, որում ներկայացնում է իր հակաիսլամական գաղափարները։ Մանիֆեստում անդրադարձ կա նաև հայերին և Հայոց ցեղասպանությանը։

Գիքինյանի նկարը՝ հայկական դրոշի ֆոնին, բուռն քննարկումների թեմա է դարձել սոցցանցերում։ Սակայն 70-ամյա նկարիչը չի կարծում, որ որևէ սխալ բան է արել։

Նկարիչների միության ղեկավարությունը համարում է, որ նկարի շուրջ բարձրացված աղմուկը սադրանք է կառույցի նորընտիր ղեկավարության դեմ։ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի համար նկարը վրդովվեցնող է և անընդունելի, սակայն նա փաստում է, որ կառույցը չի կազմակերպել այդ ցուցադրությունը, այլ տրամադրել է ցուցասրահը, և այս պարագայում Նկարիչների միությունը իրավունք չունի արգելել նկարչին որևէ նկար ցուցադրել։

Tekali Taxi