Home / Բանտ / Բանտի աշխատողների դեմ քրգործը կասեցվել է անհայտ պատճառներով

Բանտի աշխատողների դեմ քրգործը կասեցվել է անհայտ պատճառներով

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 2017թ․ հունիսի 25-ին դատապարտյալների միջև ծեծկռտուքի գործով ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը կասեցվել է։

«Հրազդան» ՔԿՀ-ի խցակիցներ Դ.Խ.-ն ու Գ. Ա.-ն մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին անընդհատ առաջարկել է թղթախաղով զբաղվել, սակայն մերժում է ստացել:

Հերթական նման միջադեպն էլ 2017 թ. հունիսի 25-ին վերաճել է վիճաբանության, որին միջամտել է քրեական հեղինակություն համարվող Ա. Հայրապետյանն ու որոշել «ինքնուրույն լուծել» խնդիրը: Ի դեպ՝ ոչ Ա. Հայրապետյանին, ոչ էլ նրա համախոհներին, որոնք նույնպես մասնակցել են «վիճաբանությունը հարթելուն», հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ:

Ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործից անջատվել և ըստ մեղադրանքի Դ․ Խ․-ի և Ա․ Գ-ի քրեական գործը ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Դ․ Խ․-ի իրավունքները դատարանում պաշտպանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Հենց նրա միջնորդությամբ 2018թ․ օգոստոսի 14-ին Դ․ Խ․-ը 2,000,000 ՀՀ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց։

2018թ․ դեկտեմբերի 4-ին փաստաբանը գրությամբ դիմել է գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել ՔԿՀ ծառայողների արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով հարուցված քրեական գործը, արդյոք գործով ներգրավված կասկածյալներ ու մեղադրյալներ կան և ովքեր են նրանք։

7 ամիս շարունակ պատասխան չստանալուց հետո Չատինյանը նույն հարցով երկրորդ անգամ գլխավոր դատախազին է դիմել 2019թ․ հուլիսի 17-ին։ Այս անգամ Դատախազությունը արձագանքել է հարցմանը։

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ․ Դոլմազյանը հայտնել է, որ քրեական գործը կասեցված է։ Այլ մանրամասներ հրաժարվել է տրամադրել։ Ի դեպ՝ նույն դատախազի միջնորդությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դ․ Խ․-ի և Ա․ Գ-ի քրեական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

Ինչ վերաբերում է ՔԿՀ աշխատակիցների արարքին գնահատական տալուն, ապա պետք է նշել, որ ինչպես այս գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախորդ հրապարակումներում հիշատակվել է, մեղադրական եզրակացության համաձայն, վիճաբանությունից հետո առաջինը խուց մտել են ՔԿՀ աշխատակիցները, սակայն ոչինչ չեն ձեռնարկել և թույլ են տվել քրեական հեղինակություն Ա. Հայրապետյանը վիճաբանության մասնակիցներին տանի իր խուց և «ինքնուրույն զբաղվի խնդրով»։

Իսկ դրանից առաջ էլ ՔԿՀ ղեկավարությունը ընթացք չի տվել Ա․ Գ-ի՝ այլ խուց տեղափոխելու դիմումին և հորդորել է կասեցնել դիմումի ընթացքը։

Փաստ է, որ դատապարտյալը ծեծի է ենթարկվել ՔԿՀ ծառայողների թողտվությամբ, ինչն արձանագրված է նաև մեղադրական եզրակացության մեջ:

Թե ինչ հիմքով է ՔԿՀ ծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել, դատախազ Վ․ Դոլմազյանը չի հայտնել, քանի որ, ըստ նրա, դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։

Ակնհայտ է, որ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը չի պահովվել և պաշտոնատար անձինք, որոնց անգործության հետևանքով տեղի է ունեցել դեպքը, մնացել են անպատիժ, հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։