Home / Առողջապահություն / Անգործունակ ճանաչվելուց մինչև որոշումներ կայացնելը․ հոգեկան առողջության հիմնախնդիրները Հայաստանում

Անգործունակ ճանաչվելուց մինչև որոշումներ կայացնելը․ հոգեկան առողջության հիմնախնդիրները Հայաստանում

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք խոցելի են՝ իրավունքի տեսակետից, և շատ հաճախ ի վիճակի չեն բարձրաձայնել իրենց իրավունքների մասին։ Հոգեկան առողջության համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 10-ին, կայացած լրագրողների հետ հանդիպմանն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան Արաքս Մելքոնյանը խոսել է տվյալ անձանց անգործունակ հայտարարելու պրակտիկայի մասին, ինչն, ըստ նրա, վտանգավոր երևույթ է։

«Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք անգործունակ են հայտարարվում շատ հաճախ, ինչը վտանգավոր երևույթ է և առաջ է քաշում անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներ։ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ֊ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիան, որը բացարձակապես արգելում է գործունակության սահմանափակումը, այդ թվում՝ ծանր հոգեկան առողջության դեպքերում ևս», ֊ նկատել է բանախոսը։

Մելքոնյանը հղում է արել միջազգային ատյաններից մեկի կողմից՝ Հայաստանի վերաբերյալ արված եզրափակիչ դիտարկումների վրա, որտեղ նշվում էր, որ երկրին անհրաժեշտ է քաղաքականության փոփոխություն։

Անգործունակ ճանաչված անձինք զրկվում են մի շարք իրավունքներից․ ընտրելու, սեփականությանը տնօրինելու, անձնական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու․ «Մեր օրենսդրությունը թույլ է տալիս անձին խնամակալի կողմից տեղավորել հոգեբուժարանում, և դա հոժարակամ է դիտարկվում, և դրա համար դատական ակտ անհրաժեշտ չի լինի»։

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցին էր անդրադարձել իր զեկույցներից մեկում, ըստ որի, հոգեբուժարանում եղել են մարդիկ, ովքեր իրենց կամքով չեն այնտեղ հայտնվել, իսկ համապատասխան դատական ակտը բացակայում էր։

Այս համատեքստում Մելքոնյանը կարևորեց անձանց իրավունքների պաշտպանության հարցը՝ հիշատակելով իր կողմից ներկայացվող հասարակական կազմակերպության շահառուներից մեկին․ «Նրան նույնպես տեղավորել էին՝ անգործունակ ճանաչելով, և եթե անձը փաստաբան չունենար, իր իրավունքների պաշտպանությունը չպահանջեր, վստահ եմ, որ ինքը կպահվեր էդտեղ»։

Զեկույցները նաև փաստում են, որ մեծամասամբ հոգեբուժարանում հայտնվող անձինք ոչ թե բուժման, այլ խնամքի կարիք ունեն։ Խնդիր է հանդիսանում սոցիալական ծառայությունների բացակայությունը, որոնք անձին անհրաժեշտ խնամքը կապահովեին։

Առողջապահական և խնամքի ծառայությունների հետ կապված կարիքներից բացի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց այլ կարիքները սոցիալական ծառայությունների լայն փաթեթ են պահանջում, իր հերթին, նկատել է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտող Գոհար Խաչատրյանը։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներից շատ-շատերը կարող են իրենց ձայնը տեղ հասցնել, պարզապես Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նրանք իներցիոն կերպով մեկուսացել են հասարակությունից՝ հայտնվելով հոգեբուժական կամ այլ տիպի հաստատություններում, որտեղ նրանք զրկվել են սեփական անձի հետ կապված որոշումներ կայացնելու մի շարք հնարավորություններից», – հայտարարել է հետազոտողը։

Իսկ ոլորտում բարեփոխումների նպատակը պետք է լինի ոչ միայն խնամքի տրամադրումը, այլև մարդկանց մասնակցայնության ապահովումը, կարծում է Խաչատրյանն, ընդ որում, ինչպես առօրյայի, այնպես էլ սոցիալական մակարդակում կայացվող որոշումների հետ կապված։

Մի քանի տարի առաջ տարբեր տեսակի խնամքի կարիք ունեցողների վիճակի գնահատում է կատարվել, ըստ որի, խնամքի հաստատություններում գտնվող անձանց մոտ 20-ից 30 տոկոսը կարող է ապրել համայնքում։ Բացի դա, անձանց բավականին մեծ տոկոսը կարող է, սուր վիճակից դուրս գալով, նույնպես օգտվել համայնքային տարբեր ծառայություններից, ոչ թե գտնվել փակ հաստատություններում։

Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի կարծիքով՝ փակ հաստատությունն ինքն իր կանոններն է թելադրում․ ձևավորվում է մի միջավայր, որը վաղ թե ուշ սկսում է ճնշել և ղեկավարել այնտեղ գտնվողներին․ «Դրա համար մեր համար մեկ խնդիրն է դեինստիտուցիոնալիզացիան և նաև փակ հաստատությունների դռների բացումը և կապը համայնքի հետ»։

Որպես օրինակ բերվեց Իտալիան՝ առաջին երկիրը, որը փակել էր նմանատիպ բոլոր հաստատությունները, իսկ այսօր այն չունի որևէ փակ հոգեբուժական հաստատություն։

Իսկ Հայաստանում դրական կետերից է՝ երրորդ տարին գործող Սպիտակի խնամքի տունը․ Բաղդասարյանի խոսքով՝ ունենալով նման մոդել, խնդիր չէ տարածել այն ամբողջ հանրապետությունով մեկ և օգնել այլ մարդկանց։

Հայաստանում հաշվառված են 55 հազար հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, որոնցից 23 հազարից ավել մարդ հաշմանդամություն ունի։ Կա 4 մեծ հաստատություն, դրանցից երկուսը նախատեսված են մինչև 18 տարեկան քաղաքացիների համար, սակայն խդնիրը նրանում է, որ այս մասնավոր հաստատություններում շարունակում են մնալ 18 տարեկանը լրացած անձինք, քանի որ ապրելու այլ վայր չունեն։ Ներկայացնելով այս տվյալները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հույս է հայտնել, որ արդեն նոյեմբերի վերջում վերջնական տեսք կստանա հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների ներդրման ռազմավարությունը։

Նա նաև կարևորել է մարդկանց կողմից՝ սեփական կյանքի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքի իրացումը՝ շեշտելով, որ Կառավարությունում արդեն շրջանառության մեջ է դրվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նախագիծը։ Դրա հիմնական կետերից են, ըստ Գասպարյանի, հաշմանդամություն և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց սոցիալական ամբողջական ներառումը և անկախ կյանքի իրավունքի իրացումը։