Home / Ոստիկանություն / Բենզինի թանկացումը բազմահազարանոց ցույցեր է հրահրել Էկվադորում

Բենզինի թանկացումը բազմահազարանոց ցույցեր է հրահրել Էկվադորում

450 հոգի՝ ներառյալ ոստիկանները, տուժել են Էկվադորի բողոքի ակցիաների ժամանակ, հայտնում է Comercio հրատարակչությունը՝ հղվելով երկրի Ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոյի հայտարարությանը։

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում շարունակվում են բախումները ցուցարարների և Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև։ Հակակառավարական ցույցերին միացել են հազարավոր մարդիկ, ովքեր պահանջում են չեղարկել խստամբերության (austerity) քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը երկրից պահանջել էր չեղարկել բենզինի սուբսիդիաները, ինչը Էկվադորի ժողովրդի կարևորագույն ձեռքբերումներից է։ Երկրի նախագահ Լենին Մորենոն՝ խոստացված ֆինանսական աջակցությունը ստանալու համար ստիպված էր համաձայնել Հիմնադրամի հետ ու չեղարկել սուբսիդիաները։ Ի նշան բողոքի տրանսպորտային արհմիությունները երկրով մեկ գործադուլ են սկսել, որին շուտով միացել են նաև այլ արհմիություններ և ուսանողական միավորումներ։ Համաժողովրդական գործադուլին միացել է նաև բնիկ հնդկացիների շարժումը։ Ցուցարարները բեռնատարներով փակել են երկրի հիմնական մայրուղիները, ինչը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների։ Տասնյակ ոստիկաններ պահվում են ցուցարարների մոտ՝ պատանդի կարգավիճակում։ Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Նախագահ Մորենոն իր կառավարությունը տեղափոխել է Գուայակիլ նավահանգստային քաղաք և հայտարարություն տարածել, որում տեղի ունեցածը որակում է որպես չավիստական Վենեսուելայի հրահրած պետական հեղաշրջման փորձ։ Երկրի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը։

Զանգվածային բողոքի ակցիաները վերջին մի քանի տասնամյակում արդեն երեք նախագահների պաշտոնանկության պատճառ են դարձել․ Աբդալա Բուքարամը պաշտոնանկ է արվել 1997-ին, Ջամիլ Մահուադը՝ 2000-ին և Լուչիո Գութերեսը՝ 2005֊ին։