Home / Կրթություն / Լիթիումի մարտկոցներ և մշակութային հակասությունների լարվածություն․ Նոբել

Լիթիումի մարտկոցներ և մշակութային հակասությունների լարվածություն․ Նոբել

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հայտնի են դարձել այս և նախորդ տարվա գրականության նոբելյան մրցանակակիրները։

2018 թվականի գրականության մրցանակին արժանացել է լեհ գրող-բանաստեղծ Օլգա Տոկարչուկը։ Նա «երբեք իրականությունը չի դիտարկում որպես կայուն կամ հավերժական մի բան» և «իր գործերը կառուցում է մշակութային հակասությունների միջև առկա լարվածության վրա», ասվում է կոմիտեի տեքստում։

Այս տարվա գրականության մրցանակը շնորհվել է ավստրիացի գրող Փեթեր Հանդկեին, ով «առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բնապատկերներին ու աշխարհի նյութական ներկայությանը, ինչի շնորհիվ կինոն ու գեղանկարչությունը հիմնական ոգեշնչման աղբյուր են դառնում հեղինակի համար»։

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, քիմիայի Նոբելյան մրցանակին արժանացել են Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթենգհեմն ու Ակիրա Յոշինոն՝ լիթիումի իոններով աշխատող մարտկոցների մշակման համար։

Ուիթինգհեմը 1970-ականներին ստեղծել էր լիթիումով աշխատող առաջին մարտկոցը։ Գուդենաֆը կրկնապատկել էր մարտկոցի պոտենցիալն ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել ավելի հզոր աշխատանքի համար։ Յոշինոյին հաջողվել էր մարտկոցից հեռացնել մաքուր լիթիումն ու օգտագործել միայն լիթիումի իոնները, որոնք առավել անվտանգ են։ Լիթիումի իոններով աշխատող մարտկոցներն այժմ կիրառվում են գրեթե ամենուր՝ սկսած բջջային հեռախոսներից ու համակարգիչներից, մինչև էլեկտրաէներգիայով աշխատող մեքենաներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ շնորհվել էին նաև ֆիզիկայի և բշկագիտության Նոբելյան մրցանակները։ Հոկտեմբերի 11-ին  հայտնի կլինի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի անվան տնտեսագիտական գիտությունների մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 14-ին։ Պաշտոնական մրցանակաբաշխությունը ավանդաբար տեղի է ունենում դեկտեմբերի 10֊ին՝ Նոբելի ծննդյան օրը։