Home / Հայաստան / Լավրովն էլ գիտի՝ ով է Ղարաբաղը դուրս մղել բանակցություններից

Լավրովն էլ գիտի՝ ով է Ղարաբաղը դուրս մղել բանակցություններից

«Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովորդի, բնակչության համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Մենք ելնում ենք սրանից: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ցանկանում եմ նշել այն, ինչ այսօր մեր հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց իր հրապարակային հայտարարությունը, թե եզրափակիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի շահերը: Դժվար է վիճել այս մոտեցման հետ», – պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին Երևանի առաջարկին, հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«[Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ] բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն ու սահմանեն իրենք՝ բանակցությունների կողմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տարվող քննարկումների, հետագայում՝ բանակցությունների վաղ շրջանում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Երևանը», – լրագրողների հետ հանդիպմանը ասաց Լավրովը։ Խոսքը ԼՂՀ և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, ում շնորհիվ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցությունների սեղանից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Այցի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը դռնփակ հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Կեսօրից քիչ անց՝ բանակցություններից հետո, Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Ասուլիսը ամբողջությամբ՝ ստորև․