Home / Դատարան / Մեղադրյալ նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը ազատ է արձակվել գրավի դիմաց

Մեղադրյալ նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը ազատ է արձակվել գրավի դիմաց

Դատարանը նոյեմբերի 11-ին որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Մինչ այդ դատախազությունը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել:

Դատախազությունը հայտնել է, որ նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը մեղադրվում է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական կեղծիք և փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հոդվածներով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Դավթաշենի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից մինչև 2018-ը տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել նրա մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41 միլիոն 720 հազար 929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Նոյեմբերի 9-ին ոստիկանությունը հայտարարել էր, թե բացահայտել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները, խոսքը 9 միլիոն դրամից ավելի գումարի մասին է:

Ըստ իրավապահների, 2012-2018 թվականներին Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը միաժամանակ հանդիսացել է նաև Դավթաշեն բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու տնօրինել հիմնադրամի ֆինանսական միջոցները:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում էր՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգով համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր: Այսպիսով՝ 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար: