Home / Բանակ / Սիրիայում հայ քահանաներ են սպանվել

Սիրիայում հայ քահանաներ են սպանվել

Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:

Նրանք սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց հովվապետի մանկության ընկեր Հակոբ սարկավագ Պարսամյանը, ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Նա նաև պատմեց, որ քառորդ ժամ առաջ էլ մեծ պայթյուն է տեղի ունեցել Ղամիշլիում։ Պայթյունի հետևանքով զոհերի, տուժածների մասին պաշտոնական որևէ տեղեկություն դեռևս չկա։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ թուրքական զինուժը, Ազատ սիրիական բանակի հետ միասին Սիրիայի հյուսիսում սկսել են «Խաղաղության ակունք» գործողությունը քրդական PKK/YPG-ի և Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։

Այսօր Սիրիայի հյուսիսում մեկնարկել է ռուս-թուրքական համատեղ պարեկային հերթապահության հերթական` չորրորդ փուլը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն` «հերթապահությունն իրականացվել է սիրիական սահմանամերձ Ալ-Դարբասիյա քաղաքի մերձակայքում` անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ»:

Ինչպես և համատեղ ծառայության նախորդ փուլում, այս անգամ ևս ռուս և թուրք զինվորականներին տեղափոխող շարասյուները քարկոծվել են տեղացի քրդերի կողմից: Իսկ երեկ Էրդողանն ու Պուտինը քննարկել էին Սիրիայում տիրող իրավիճակը։