Home / ԼԳԲՏ+ / Իշխանության մեջ ֆեմինիզմ չկա․ մարտի 8-ը Երևանում

Իշխանության մեջ ֆեմինիզմ չկա․ մարտի 8-ը Երևանում

08.03 ֆեմինիստական․ «Մարտի 5-ին Գյումրիում ծեծելով սպանել են Մարինեին։ Միակ մարդը, որ փորձել է իրան պաշտպանել, եղել է իրա 13-ամյա աղջիկը, ով հիմա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Այս երթը մենք նվիրում ենք նրան»։

Մարտի 8-ի երթը մեկնարկեց Իսահակյանի արձանի մոտից՝ 15:00-ին։ Աբովյան փողոցով շարժվեց դեպի Հյուսիսային պողոտա և Հանրապետության հրապարակ, մետրոյով՝ դեպի Բարեկամության կայան։ Բաղրամյան պողոտայով ներքև՝ Ազգային ժողով, որի դարպասների մոտ մասնակիցներին դիմավորեցին ոստիկանները։

Կարգախոսներն էին․ «Կինը կնոջը՝ թիկունք», «Ո՛չ բռնությանը՝ փողոցում, թե տանը», «Քանի սաղ եմ, բռնարարին թաղեմ», «Մարտի 8-ը՝ կանանց պայքարի օր», «Ազգը բանակ չի, Ամուլսարը հանք չի, կինը ապրանք չի»։

Ըստ նախատեսվածի՝ երթը պետք է ավարտվեր Ազգային ժողովին հարակից այգում։ Դարպասների մոտ ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատնեշը։ Ոստիկանի խոսքերով՝ Ազգային ժողովի դիմաց և նախագահական նստավայրի մոր ակցիաներ անել չի կարելի։ Հեղափոխությունից հետո դարպասները, որոնցով շրջապատված են խորհրդարանն ու նախագահականը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բացվեցին։ Ոստիկանը տեղեկացրեց՝ բացվեցին, բայց ոչ ակցիաների համար։

Ոստիկանական մի քանի հոգանոց պատը ճեղքած ակտիվիստներից մեկը սկսեց կարդալ ընտանեկան բռնության զոհերի անունները՝ սկսած 2010 թվականից։ Ոստիկանները նրան հրելով դուրս հանեցին դարպասներից այն կողմ։

Երթի ողջ ընթացքում մասնակիցները թռուցիկներ էին բաժանում հետաքրքրված անցորդներին։

Թռուցիկում գրված էր․ «Մեր պայքարը արմատական դիմադրություն է, չընդհատվող պայքար է (հայր)իշխանության, իշխանական կամայականության և նորմատիվային, նորմալացված մտածողության դեմ:

յախք իշխանությանը

Մենք տեսնում ենք, որ իշխանությունը փորձում է ներթափանցել դիմադրության շարքերը, խոսել պայքարի լեզվով և համակարգել մեր զգացմունքները, զայրույթը (զզվանքը)` ստեղծելով բարոյականության, կեղծ բարեպաշտության ոստիկանական հարաբերությունը։ Այսուհետ հայտարարում ենք, որ մենք մեր մարմիններով վերապրում ենք քաղաքական զզվանք և հայտարարում ենք յախք

յախք ինքնասիրությանը և հաշտ-համերաշխությանը

յախխք ձեռի հետ դիմադրականությանը
յախխք լռելայնությանը և արժեքների փոխառնությանը
յախխք ապահով լիբերալ հարմարվողականությանը քաղաքական կենտրոնությանը ու սուտլիկ որսկանությանը
յախխք իշխանությանը
յախխք կնատյացությանը, յախխք տղամարդապաշտությանը
պայքարում ենք իշխանության օրակարգերի դեմ մինչև դրա ի սպառ վերացումը ստեղծագործելով տարածքը լեզուն ու ժամանակը
իրագործելով զզվանքը, զայրույթը և անկոմպրոմիսությունը

յախխք էն իրականությանը, որտեղ կնատյացությունը քննադատող զայրույթը դատվում է ու դատապարտվում
յախխք էն իրականությանը, որտեղ սերն ու համերաշխությունը յուրացվում են իշխանությունը վերարտադրելու համար

ֆեմինիզմը միշտ հակաիշխանական ա
իշխանության մեջ ֆեմինիզմ չկա
ֆեմինիզմը հավես չի
ֆեմինիզմը ցավ ա
ֆեմինիզմից մարմինս ցավում ա
ֆեմինիզմը կա, որովհետև մարմինս ցավացնում են
ֆեմինիզմը ապրանք չի
ծրագիր չի
գործիք չի
առաջնորդություն չի

ուրիշի փոխարեն խոսել չի
տղամարդկանց սիստեմը վերարտադրող չի
մի իշխանությունը մյուսով փոխարինող չի
իշխանության ու շահագործման մեջ հավասար մասնաբաժին պահանջող չի
ֆեմինիզմը «սիրո և համերաշխության» հովանու տակ թաքցվող կոնֆորմիզմ չի
ֆեմինիզմն անհարմար ա, անհարմարություն պատճառող

ֆեմինիզմը անդադար պայքար ա, նաև ինքդ քո դեմ,
շարունակական փորձ ա, կոլեկտիվ ջանք ա
ֆեմինիզմը շարժում ա ու շարժում-փլում ա պատեր

անհատականացվածը ֆեմինիզմ չի
ապաքաղաքականը ֆեմինիստական չի
ֆեմինիզմն «իմ մեջ» չի
ֆեմինիզմը քեզնից դեպի դուրս գնացող ու փողոցում, դրսում, ընտանիքում, ամենուր դուրս թափվող զայրույթն ա, բողոքն ա
ֆեմինիզմս ինքնահոգատարությունս ա
ինձ շրջապատող աշխարհի նկատմամբ հոգատար լինելս ա
ֆեմինիզմս ազատագրվելս ա
ինքս իմ միջի իշխանությանը շարունակաբար ընդդիմանալս ա
ֆեմինիզմս ճնշող համակարգերը կազմաքանդելս ա
ապրանքայնացմանը, շահագործմանը շարունակաբար ընդդիմանալս ա
ֆեմինիզմս ամեն նախասահմանված բան հարցարկելս ա
ֆեմինիզմս նախ և առաջ ինքս երջանիկ լինելու ու երջանկացնելու ջանքերս են

պետությունը և դրա հետ կապված մնացյալ պետական կառույցները
տարբեր, ինձ հետ կապ չունեցող մարդիկ
չեն ներխուժելու իմ անձնական տարածք
չեն արգելելու իմ հաճույքները
չեն որոշելու, թե ես ոնց և ինչից հաճույք ստանամ
սեր անեմ մեկ, երկու կամ թե երեք մարդու հետ
չեն ասելու, որ չեմ կարող սիրել իմ սեռի մարդուն
չպետք է քթները ոստիկանության միջոցով
խոթեն իմ սենյակ
իմ խոհանոց
իմ ինտիմ տարածք
իմ սիրո արարքը նաև քաղաքական ակտ է

ինչ-որ մեկի գերշահույթը չի որոշելու
թե մարմնական ինչ տեսք ունենամ
մազերս հեռացնեմ, թե ոչ
կտրեմ այդ տիեզերական արբանյակները
թե ավելի ուժեղացնեմ` երկարացնելով
որոշեմ հողին կպած բոբիկ քայլել
թե բարձրակրունկ օդերով ման գալ
որևէ գովազդ չի կարող ստիպել
որ ես ֆիրմային հագուստ կրեմ

կուզեմ կարկատան կհագնեմ
կուզեմ մորքարոջս 90-ականների երկար զգեստը կհագնեմ
ու հրեշտակի փայտիկով հեքիաթ կսարքեմ
դրախտային վայելքներով ընկերներիս շորեր կկարեմ

մարդիկ` փողոցում
տանը
ավտոբուսի մեջ
ուսումնական հաստատություններում
և ամենուր
կտեսնեն և կսիրեն իմ սերը
սիրեցյալիս ուղղված համբույրներն իրենց աչքին այլասերում չեն թվա

երբ համակարգը չստի` ասելով
թե դա վատ է ու անբարո
ես երգեր կհյուսեմ իմ անվերջ սիրո և հաճույքների մասին այնքան
մինչև ինձնից կսովորեք ինքներդ ձեզ սիրել
երգերս կլինեն քաղաքական
սիրուս, սիրո և հաճույքներիս մասին

Ֆեմինիզմը հզոր հակազդեցություն է իշխանությանը: Ֆեմինիզմը արմատական քայլ է (հայր)իշխանության հետ կապը խզելու և այն ոչնչացնելու:
Ֆեմինիզմը քաղաքական դիրքորոշում է:

Հայաստանյան ներկա իշխանական օղակները փորձում են կյանքի կոչել սեռերի միջև հավասարության գիծը, որտեղ կանայք իբրև թե հնարավորություն կունենան լայնորեն ներգրավվելու քաղաքական, հասարակական, ստեղծագործական գործընթացներում: Ես դեմ եմ հավասարության եզրին և կոչ եմ անում Չ՛նմանակել տարասեռական տղամարդկանց իշխանական գաղափարաբանությունն ու գործելակերպը։
Ձեր ասած հեղափոխությունը աչքերին թոզ փչել ա՝ հերթական իշխանական օրակարգի ձևավորում:
Ո՞նց դառավ օլիգարխը խոշոր գործարար, հանքակերը՝ միջազգային ներդրող, ապրելու կարիքը ստորադասվեց բիզնեսի շահերին, շահագործողը դարձավ գործատու։
Ո՞նց եղավ, որ տուրիստի աչքի տեսածը ամենակարևորն ա, իսկ մարդիկ իրենք են մեղավոր իրենց աղքատության համար։
Պայքարը իշխանության համար չի լինում պայքարը միշտ իշխանության դեմ է»։

լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի

Tekali Taxi