Home / Հայաստան / Տխուր Մայիսի 1

Տխուր Մայիսի 1

Մայիս 1-յան իր շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել աշխատողներին գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը՝ աջակցելով կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է «տնտեսության զարգացման իր հետեւողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց» և նշել, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են եղել առաջին հերթին այն ընկերություններին, որոնք աշխատել են աշխատանքային և հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ։ Վարչապետի կարծիքով, դրանով կառավարությունը «գնահատանքի տուրք» է մատուցել այդպես աշխատող մարդկանց, բայցև օգտվել է «այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել» և ներառել թիրախային աջակցության ծրագրում։ Գրանցված աշխատանք ունենալը, եզրափակել է վարչապետը, աշխատանքային իրավունքների պաշտպանության կարեւոր երաշխիք է և կոչ արել պահանջել գրանցել աշխատատեղերը։

Վարչապետի հորդորը, իհարկե, ողջունելի է․ Հայաստանի հսկայական ստվերային աշխատաշուկան և չգրանցված աշխատանքի ավանդույթը պատուհաս են ո՛չ միայն պետության, այլև հե՛նց աշխատողների համար՝ համաճարակի ժամանակ, համաճարակից առաջ, վստահաբար՝ նաև հետո։ Բայց վարչապետի տոնական բարեմաղթանքներն ու անողնաշար կոչը ի զորու չեն վերափոխել իրադրությունը, քանի դեռ պետության՝ աշխատանքային ոլորտի համակարգման գործիքակազմը սահմանափակվում է հորդորներով և գնահատանքի տուրքերով՝ հաճելի, բայց անպիտան։

Գրանցված աշխատողների չափազանց մշուշոտ արտոնությունները և բավական անպաշտպան կարգավիճակը առավել լղոզված են դարձնում գրանցված լինելու և չլինելու միջև սահմանագիծը․ արմատացած այս տրամաբանությունը կիրառելի է հատկապես բանվորական և սպասարկման ոլորտների նկատմամբ։ Համաճարակն այս առումով բացառություն է և ոչ օրինաչափություն․ գրանցված լինելու հանգամանքը առաջին անգամ իմաստավորվել է պետական աջակցությունների (նպաստների) տեսքով։ Մինչհամաճարակային Հայաստանում այն առավելապես ընկալվում էր որպես պայմանականություն («պատեհություն»), որը ներկա ժամանակում ոչինչ չի տալիս և ոչնչից չի պաշտպանում։ 

Գրանցվել՝ նշանակում է հարկերը դուրս գրել աշխատավարձից։ 100 հազար դրամ ստացող աշխատողը կարող է ականջալուր լինել վարչապետին, պահանջել գրանցել իր աշխատատեղը (աշխատավարձի 23 տոկոսը փոխանցել պետական բյուջե) և «աջակցել կառավարությանն իր իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում», եթե կառավարությունն իսկապես դրանք պաշտպանելու կամք և հնարավորություն ունենա։

Կառավարությունը պաշտպանելու լծակներ, սակայն, չունի․ գործատու-աշխատող անհավասար մենամարտում այն ստանձնել է հրավիրյալ հաշտարարի դերը․ նորմերն առաջարկում է, բայց չի պարտադրում։ 

Պետական մեծահոգությունից բացի՝ համավարակը պատկերազարդեց նաև Հայաստանի աշխատաշուկայի թշվառությունը և կառավարության անզորությունը՝ խոշոր գործատուների, արտադրամասերի տնօրենների և տեղական կալվածատերերի առջև։ 

Մեծ կարողությունների տեր ձեռներեցները շրջանցում էին օրինական պարտականությունները բացեիբաց․ պատգամավոր և օլիգարխ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարում էր, որ մտադրություն չունի վճարել հարկադիր պարապուրդի մատնված աշխատողների (այդ թվում՝ գրանցված) աշխատավարձերը։ Եվ, իհարկե, չէր վճարում՝ շրջանցելով աշխատանքային օրենսգրքով արդեն իսկ ամրագրված նորմերը։ «Առինջ մոլում» աշխատողներին ստիպում էին վճարել տաղավարի վարձը՝ անկախ դրանց փակ լինելուց: Մոլի փոխտնօրեն, Երևանի ավագանու ծառուկյանական անդամ Արմեն Ներսիսյանը սա կոչել էր «ջերմ ընտանեկան հարաբերություն» և «խնդրել չմտնել մատի և մատանու արանքը»: «Ընտանեկան ջերմ հարաբերություններ» էին նաև նախկին պատգամավոր և խոշոր ձեռնարկատեր Արտակ Սարգսյանի «ՍԱՍ Գրուպ» ընկերությունում. ահազանգեր հնչեցին աշխատողներին հարկադիր ստորագրությամբ անվճար պարապուրդի ուղարկելու մասին: Նախկին պատգամավոր և օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող սննդամթերքի արտադրամասերում բանվորներին (այդ թվում՝ գրանցված) ստիպում էին աշխատել օրական 8 ժամի փոխարեն՝ 16 և նույնիսկ 18 ժամ՝ որոշ դեպքերում 2 հազար դրամ հավելավճարի դիմաց, իսկ պարետի որոշմամբ փակված գործարանների աշխատողները ուղարկվում էին տուն՝ իհարկե, առանց փոխհատուցման։ Մեծերից հետ չէին մնում նաև փոքրերը։ Ահազանգերը շատ էին, բայց ավելի շատ էին լուռ ապօրինությունները։ Դրանցից ոչ մեկը իրավական գնահատականի չարժանացավ։ Իրավիճակը մեղմելու համար՝ կառավարությունը որոշեց վճարել նաև այն, ինչ չեն վճարում օլիգարխները՝ հարկատուների, այսինքն՝ նաև աշխատողների հաշվին։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի արձագանքն այս դասավորությանն անկեղծ էր․ դեռևս մարտի 21-ին նախարարը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր համաճարակի ժամանակներում գործատուների աճպարարություններին և գրել․ «Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրենքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար»։ Նա կոչ էր արել գործատուների կամայականություններից տուժած աշխատողներին դիմել Սաքունցի գրասենյակ։ Մեկնաբանություններում պարզաբանել էր՝ նախարարությունն իսկապես ոչնչով օգնել չի կարող, դիմե՛ք դատարան։ [Հաջորդ օրը նախարարն իր այս գրառումը ջնջել էր]։

Պարզվեց՝ «դրանք վերահսկելու» որևէ լիզորություն չուներ նաև վարչապետի ենթակայությամբ գործող Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը։ Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թ․ հունիսի 11-ին հաստատված կանոնադրության համաձայն, տեսչական մարմինը իրավասու է վերահսկել աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառումը։ Աշխատանքային իրավունքի մնացած նորմերի, այդ թվում՝ աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը, ըստ տեսչական մարմնի, դեռևս [1] դուրս է իր լիազորությունների շրջանակից: 

Տեսչական մարմնի և նախարար Բաթոյանի բացատրությունները արտացոլումն են այն արտակարգ իրադրության, որ ձևավորվել է Հայաստանում համաճարակից տարիներ առաջ․ առնվազն 2013 թվականից սկսած աշխատանքային ոլորտի կարգավորման համար պատասխանատու գերատեսչությունները օրենքի ուժով իրավասու չեն կարգավորել ոլորտը, որի պատասխանատուն համարվում են։

Բարեխիղճ խմբագիրն այս գերատեսչությունների անվանումներից աշխատանք բառը, վստահաբար, կջնջեր, եթե չլինեին միջազգային պայմանագրերով ստանձնած պարտականությունները, որոնց ձևական ապահովումն, ըստ էության, մասն է գլոբալ տնտեսական կոնսենսուսի, որի շրջանակներում աշխատանքային արժանապատվության արտոնությունը բլոկադային Հայաստանին չի վերապահվում ի սկզբանե։

Շրջագծելու համար նրանց կարգավիճակի սնանկությունը, տեղին կլինի նշել նաև, որ Խորհրդային միության փլուզումից հետո 13 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը Աշխատանքային օրենսգիրք առհասարակ չի ունեցել․ երկնաքարի արագությամբ շուկայական տնտեսություն կառուցող Հայաստանում մինչև 2004 թվականը գործել է Սովետական Աշխատանքային օրենսգիրքը, որը շուկայական տնտեսությունն առհասարակ արգելում էր։ Հայաստանում չի եղել նաև Աշխատանքի նախարարություն․ Սոցիալական ապահովության նախարարությունը անվանափոխվել և դարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նույն 2000-ականների կեսերին՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ֆորմալ պահանջը բավարարելու և ԱՄԿ-ին միանալու համար։ Օլիգարխիկ Հայաստանում մինչև 2012-2013 թվականները, ճիշտ է, գործել է Աշխատանքի պետական տեսչությունը, որն ուներ աշխատավայրերում ստուգումներ անելու և օրենքի պահանջների կատարումը վերահսկելու լիազորություն, բայց․․․չուներ քաղաքական կամք։ Իրականությունը փաստաթղթերին մոտեցնելու մղումով 2013 թվականին տեսչական մարմինը լուծարվել էր, նախկին տեսչության փոխարեն ստեղծվել էր նոր՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին։ Ստուգումներ անելու լիազորությունները շուկայի անտեսանելի ձեռքով նոր մարմնի նոր կանոնադրությունից, սակայն, ջնջվել էին։ Ի՞նչ էր սա նշանակում։ Եթե մինչ այդ տեսչական մարմինը ուներ ֆորմալ իրավասություն պետության անունից կասեցնել աշխատանքային ապօրինությունները, կարգավորել աշխատանքային ոլորտը, վերահսկել օրենքի կիրառումը, ապա 2013-ից ի վեր աշխատանքային իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը օրենքի ուժով հանվել է կառավարության և ամբողջապես դրվել աշխատողների ուսերին։

Այսպիսով՝ եթե գործատուն ոտնահարում է ձեր աշխատանքային իրավունքները, հրաժարվում վճարել հասանելիք աշխատավարձերը, պահում հավելավճարները կամ զրկում արձակուրդներից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Առողջապահության և աշխատանքը տեսչական մարմինը իսկապես ոչնչով օգնել չեն կարող։ Եթե ձեր աշխատավարձերը չեն վճարվում համաշխարհային համաճարակի ժամանակներում, հույս կա, իհարկե, որ դուք՝ օգտվելով գրանցված լինելու պատեհությունից, հասանելիք աշխատավարձի փոխարեն կստանաք պետական աջակցություն՝ օրինակ, 8-րդ միջոցառման շահառուների ցանկում ներառված լինելու բերումով։ Համաշխարհային համաճարակի ավարտից հետո այս հույսը կմարի, կմնա միայն պետական խրախուսանքը՝ պահանջել․․․ կամ դիմել Սաքունցի գրասենյակ, որը կաջակցի դատական հայց ներկայացնելու գործում, որպես օրինաչափություն՝ աշխատանքից հեռացվելուց հետո։

Դատարան դիմող աշխատողներին հայ գործատուները, ցավոք, չեն սիրում։ Հայկական պետությունն իրավազոր չէ նրանց հակակրանքին պատասխանել իրավական երաշխիքներով, որոնք «պահանջկոտ» աշխատողներին կպաշտպանեին գործատուի կամայականությունից։

Պատասխանատու գերատեսչությունների «հաստիքային» շնորհավորանքները և կոչերը՝ պաշտպանել, պահանջել, անհրաժեշտության դեպքում՝ պայքարել դատարանում, ինչպես տեսնում ենք, զուրկ են բովանդակությունից։ Օրենքը պայմանական հնարավորություններ է ընձեռում՝ գործնականում վերափոխվելով իսկական անհնարինության․ այն գործում է վարչապետի ուղերձի ձեւաչափով՝ որպես գնահատանքի տուրք և կոչ, որին հետևելու, այսինքն՝ պահանջներ առաջ քաշելու և ապօրինությունները վիճարկելու արտոնությունից օգտվում են հիմնականում նրանք, ովքեր բազում այլ արտոնություններ ունեն։ Հետհեղափոխական Հայաստանում որքանո՞վ է վերափոխելի այս իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի սրտացավությունը կասկածներ դեռևս չի հարուցում․ հետխորհրդային տարածքի համար աննախադեպ սոցիալական ծրագրերը և հակաճգնաժամային աջակցությունները համոզիչ էին։ Իրական աշխատանքային փոփոխություններին, սակայն, երկու տարվա ընթացքում հերթ չհասավ․ գուցե, որովհետև Հայաստանի կառավարությունն իրապես ի զորու չէ հակադրվել տեղական օլիգարխիայի շահերին (նրանց հնարավորությունները թերագնահատելի չեն, իսկ լոյալությունը, հավանաբար, մասնակիորեն պայմանավորված է հենց այս դանդաղկոտությամբ) և միջազգային ներդրողների չափանիշներին, որոնց համար Հայաստանը եթե գրավիչ է, ապա նախևառաջ իր հանքերով և անպաշտպան աշխատուժով, գուցե՝ որովհետև իսկապես բավարար քաղաքական կամք չկա։

Զ․Հ․

[1] 2019 թավականի դեկտեմբերին՝ հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի անց, փոփոխություններ են կատարվել Աշխատանքային օրենսգրքում․ օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։ Սահմանվել է, որ նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից: Վերահսկողական լայն լիազորությունների վերականգնումը մեկուկես տարով հետաձգելու որոշումը հիմնավորվել է նրանով, որ գործող տեսչական մարմինը մարդկային, ֆինանսական և ինստիտուցիոնալ լուրջ հզորացման կարիք ունի։ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր տեսչական մարմնի «հզորացմանն» ուղղված միակ տեսանելի քայլը, սակայն, եղել է նոր պետի նշանակումը․ վերջինս կարծում է, որ պետք չի «շատ ֆետիշացնել» աշխատողի իրավունքները, որ «ավելի լավ է մի փոքր տուժի աշխատողի իրավունքը, քան բիզնեսի», նաև՝ որ ներդրողները խուսափում են երկրներից, որտեղ պաշտպանված են աշխատողների իրավունքները, որտեղ «իրենց կյանքը բացի հարկայինից սկսում է ուտել նաև աշխատանքային տեսչությունը»։

Tekali Taxi