Home / Բանակ / Արայիկ Հարությունյանը կոչ է անում ղարաբաղցիներին չմասնակցել երևանյան քաղաքական գործընթացներին

Արայիկ Հարությունյանը կոչ է անում ղարաբաղցիներին չմասնակցել երևանյան քաղաքական գործընթացներին

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը՝ կոչ անելով դավաճանների չփնտրել, վերադառնալ Ղարաբաղ, չմասնակցել Երևանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։

Հատվածներ նրա ելույթից

– Ես հիմա կասեմ՝ ովքեր են դավաճանները, հող ծախողներն ովքեր են․․․ Իսկ առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի երեքին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսը և Թալիշը, վտանգված էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը։ Երբ Եղնիկներ կոչված տեղամասը, բոլորդ գիտեք, զորքը խուճապահար փախնում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանանք գոնե առաջնագծում՝ Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։

– Ուզում եմ մի դեպք պատմել․ այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք՝ Հայաստանից եկած Ազգային անվտանգության, մեր ամենաուժեղ, էլիտար ստորաբաժանումները․․․ հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել, ասել եմ՝ ձեր առջևից ես եմ գնալու։ Ստացել եմ բացասական պատասխան։ Չե՛ն եկել, թողել են երկրի նախագահին մենակ․․․

– Իհարկե, դրա մասին այսօր արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ․․․ Կհարցնեք՝ ի՞նչ պատասխան են տվել երկրի նախագահին։

– Իհարկե, շատ քիչ զորք միացավ ինձ, մենք կարողացանք կատարել մեր խնդիրը, դրա շնորհիվ Եղնիկներն այսօր ամբողջությամբ մեր վերահսկողության տակ են։

– Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք․․․ Զորքին թողել եք մենակ, 18  տարեկաններին թողել եք մենակ։

– Կամավորական ջոկատներ կային, այո, շա՛տ։ Մի մասը բարեխղճորեն մինչև վերջին օրը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել։

– Կոնկրետ մի դեպք նշեմ։ Զեկուցագիր ունեմ․ գնդապետ Գրիգորի Սահակյանը, որը պետք է ուղեկցեր Հայաստանի Հանրապետությունից ժամանած երկու գումարտակ, զեկուցում է, որ հրաժարվում են․․․ Շուշիի պաշտպանության և պլանավորման կարևոր օպերացիա ունեինք, այդ օպերացիային մասնակցելուց։

– Դավաճան չփնտրե՛ք։ Այն կանայք, որոնք արդեն ֆեյսբուքով սկսել են իրենց վայնահաչոցը իմ նկատամամբ և մնացած ղեկավարների նկատմամ – բացի զոհվածների հարազատներից, նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան – ձեր ամուսիններին, ձեր տղաներին եմ ման գալու, որտե՞ղ են եղել։

– Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր դավաճաններ են փնտրում, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, իրենց եղբայրների, իրենց մասնակցությունը․․․ Որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։

– Ում հարցնում ենք, եղել են Օմարում։ Օմարում, այո, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր ու, շնորհիվ զինվորականների, որևէ մեկը չվերագրի իրեն, կարողացել ենք վերականգնել դիրքերը։

– Սելֆի անելով, ազգին խաբել եք՝ գտնվում ենք առաջնագծում․․․

– Այո, մենք ունեինք խնդիրներ․․․ անօդաչու սարքերից պաշտպանվելու, օդից պաշտպանվելու և այլն․․․

– Հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորին թողել ենք մենակ։

– Իսկ ինչո՞ւ էինք պարտավորված եղել վերջում զինադադար կնքել, որովհետև այդ մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին։ Երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում, ո՞ւր էին կամավորականները, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ։ Կային ընդամենը մի 200 հոգի․․․ 6000 զորքին մենք դրանո՞վ պետք է դիմակայեի՞նք։

– Հարցրե՛ք զինվորականներին՝ ո՞վ է իրենց դավաճանել։

– Դավաճանել ենք, որովհետև 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել 6, 7, 8 պետությունների դեմ։

– Խոնարհվում եմ զոհվածների առջև, նրանց առջև, ովքեր մինչև այսօր պաշտպանում են երկրի սահմանը․․․

– ․․․ Ես ստիպված եմ այսքանն ասում, որովհետև արդեն պառակտվում ենք, արդեն մեղավորներ ենք փնտրում։

– Տարհանումները ժամանակին կազմակերպելու արդյունքում է մեզ հաջողվել շատ քիչ կորուստներ ունենալ, հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճաննե՞ր է փնտրում։ Դավաճաններ են այն տղամարդիկ, ովքեր թողել են Ղարաբաղը, պախկվել Երևանում․․․

– Սիրելի արցախցիներ, խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք այդ քաղաքական․․․ երևույթներից։ Երևանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին, հարիր չէ ղարաբաղցիներին։ Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ։

– Եվ կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ։ Բոլորս՝ Ղարաբաղ։ Մենք ենթակառուցվածքների հարցը կլուծենք, հերթականությամբ․․․ Եվ ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական որևէ խնդիր չլինի․․․», – մասնավորապես, ասել է Հարությունյանը։