Home / Վերլուծություն / Ինչ է արտահոսել Իրանը, և ինչ կապ ունի դրա հետ Հայաստանը

Ինչ է արտահոսել Իրանը, և ինչ կապ ունի դրա հետ Հայաստանը

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների ակտիվացման, ԱՄՆ-ի և Ռուսաստանի օրեցօր խորացող դիմակայության, Իրան-Չինաստան և Իրան-Թուրքիա բազմամիլիարդանոց տնտեսական պայմանագրերի, Թուրքիա-Ռուսաստան մերձեցման, Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանի վերաձևվող քաղաքատնտեսության, վերջապես՝ ԱՄՆ նախագահի կողմից հայոց ցեղասպանության անսպասելի ճանաչման ֆոնին օրեր առաջ համացանց արտահոսեց Իրանի արտգործնախարարի աղմկահարույց հարցազրույցը, որ ոչ այնքան վերափոխում է աշխարհաքաղաքական պատկերը, որքան վկայում աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումների մասին։

Epress.am-ը փորձել է ուրվագծել Հայաստանի շուրջ (և Հայաստանի հետ) ընթացող տարաբնույթ այս գործընթացների ժամանակագրությունը։

Նախ՝ արտահոսքի մասին

Ապրիլի 26-ին Լոնդոնում գործող Iran International ընդդիմադիր լրատվականը հրապարակել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հարցազրույցից մի հատված, որում Զարիֆը Իրանի և Արևմուտքի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները սաբոտաժի ենթարկելու համար մեղադրում է Ռուսաստանին և Չինաստանին։

Արտահոսած հարցազրույցում Իրանի գլխավոր դիվանագետը հայտարարում է, որ ռուսաստանցի արտգործնախարարը արել է հնարավոր ամեն բան, որպեսզի Իրանը միջուկային գործարքին չհամաձայնի։

Նախարարի պնդմամբ՝ Իրանի ռազմական վերնախավը, ավելի կոնկրետ՝ Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսն ու դրա նախկին ղեկավար Քասեմ Սոլեյմանին (սպանվել է 2020 թվականին) շատ դեպքերում չափազանց ակտիվ միջամտել են երկրի արտաքին քաղաքականությանը և պարբերաբար «զոհաբերել» Իրանի դիվանագիտությունը՝ ռազմական նպատակների համար։ Մոսկվան իր ազդեցությունը գործադրել է հենց Սոլեյմանիի միջոցով, որը առանցքային դեր է ունեցել թե՛ միջուկային ծրագրի (գեներալը դեմ էր միջազգային համաձայնագրին), թե սիրիական պատերազմի պարագայում։

«Հաճախ ես զբաղվում էի ոչ այնքան արտաքին հարցերով, որքան «Ալ-Քուդսի» ղեկավարների հետ բանակցելով, երբեմն իմ ազդեցությունն արտաքին հարցերում իջնում էր մինչև զրո», – ասել է Զարիֆը:

Զարիֆը նշել է, որ 2015-ին՝ միջուկային պայմանագիրը կնքելուց 10 օր անց, Ռուսաստանի ղեկավարությունը Սոլեյմանիին հրավիրել է Մոսկվա և մշակել պայմանագիրը խափանելու ուղիներ: Սոլեյմանիի այցը, ըստ նրա, հենց Մոսկվան է կազմակերպել, և արտգործնախարարությունը ոչինչ չի կարողացել անել:

Բացի այդ, ըստ Զարիֆի, Վլադիմիր Պուտինի և Սոլեյմանիի հանդիպմանը Ռուսաստանի նախագահը իրանցի գեներալին համոզել է իրանական զորքերն ուղարկել Սիրիա։

«Պուտինն օդուժով մտավ [Սիրիա], բայց պատերազմի մեջ ներքաշեց նաև Իրանին՝ ցամաքային ուժերով։ Մինչ այդ մենք այնտեղ ցամաքային ուժեր չունեինք», – նշել է իրանցի պաշտոնյան։

Իրանի գլխավոր դիվանագետի կարծիքով՝ թե Ռուսաստանին, թե Չինաստանին ձեռնտու չէ, որ Իրանի հարաբերությունները Արևմուտքի հետ կարգավորվեն։ Նախարարն, ի թիվս այլի, նշել է, որ Արևմուտքի հետ թշնամանքի պատճառով Իրանը Ռուսաստանին և Չինաստանին այլընտրանք փաստացի չուներ․ վերջիններս դրանից միայն շահում էին։

«Մենք հարաբերություններ պիտի ունենանք Ռուսաստանի և Չինաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես հարաբերություններ պիտի ունենանք Արևմուտքի հետ, ինչպես և լարվածություն պիտի չունենանք ԱՄՆ-ի հետ․․․ Ռուսաստանի համար շահավետ է, որ Արևմուտքի հետ մեր հարաբերություններում ճգնաժամ չլինի, բայց շահավետ չէ, եթե Արևմուտքի հետ մեր հարաբերությունները կարգավորվեն», – ասել է Զարիֆը։

Կարևոր է նշել, որ պաշտոնական Թեհրանը փաստացի հաստատել է հրապարակված ձայնագրության իսկությունը։ Երկրի ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ արտահոսած զրույցը նախատեսված չէր լրատվամիջոցների համար, որ ձայնագրությունը կտրված է կոնտեքստից և «խմբագրվել է նախարարին վարկաբեկելու նպատակով»: Մոսկվան ու Պեկինը մինչ այժմ առարկայական մեկնաբանություններ չեն տվել։

Արտահոսք՝ Ամերիկայի հետ բանակցություններին ընդառաջ

Զարիֆի հարցազրույցն «արտահոսեց» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նախաձեռնած բանակցություններին ընդառաջ, որոնց նպատակը, ինչպես հայտնի է, Միջուկային համաձայնագրի վերականգնումն է։

Համաձայնագիրը, հիշեցնենք, արևմտյան պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց սահմանափակում է Իրանում միջուկային հետազոտություններն ու արտադրությունը։

2018-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի դուրս էր եկել համաձայնագրի բանակցություններից և ավելացրել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի վերջինս ստիպված լինի համաձայնել ավելի խիստ պայմանների։ Իրանն ի պատասխան որոշել էր ընդլայնել ուրանի հարստացման ծրագիրը։

«Միջուկային» բանակցությունները վերսկսվել են ԱՄՆ-ում իշխանափոխությունից անմիջապես հետո։ Համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի ու Բրիտանիայի հետ բանակցում են Իրանի նախագահ Հասան Ռուհանին և ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որոնք իրանական ստանդարտներով համարվում են քիչ թե շատ չափավոր։

Ջո Բայդենի իշխանության գալուց հետո, խոսվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ակտիվացման, անգամ՝ որոշակի մերձեցման մասին, ինչը էականորեն փոխում է միջազգային դասավորությունը և լրջորեն ազդում Իրանում կայանալիք ընտրությունների վրա։

Նախագահական ընտրություններ Իրանում

Ինչ ազդեցություն կունենա սկանդալային արտահոսքը Իրանում հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վրա՝ դժվար է ասել։ Տարաբնույթ մեկնաբանություններից, որ հրապարակվում են իրանական և միջազգային լրատվականներում, կարելի է եզրակացնել միայն, որ ազդեցություն, վստահաբար, կունենա։ ԱՄՆ-ի դերը ևս բազմամեկնաբանելի է։

Մի կողմից՝ նախագահ Ռոհանին է, որ արտաքին քաղաքականության առումով հարաբերականորեն չափավոր է համարվում։ Ընտրություններում առաջադրվել նա չի կարող։ Արտահոսած հարցազրույցում արտգործնախարար Զարիֆը նշում է, որ ինքը նույնպես թեկնածություն չի դնելու։

Մյուս կողմից՝ Իրանի ծայրահեղականներն են։ Հստակ է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (որը Սոլեյմանիի մահվանից հետո էլ Իրանում լուրջ կշիռ ունի) որևէ թեկնածուի իշխանության գալու պարագայում Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերությունների հնարավոր կարգավորումը լրջորեն կվտանգվի։

Այս դիմակայությունը, ի թիվս շատ այլ բաների, լուրջ նշանակություն ունի նախընտրական Իրանի ներքին քաղաքականության համար, որի հանգուցալուծումն, իր հերթին, կազդի տարածաշրջանային դասավորության հետագա պատկերի վրա։

Իրան-Չինաստան-Թուրքիա հաստափոր պայմանագրեր

Արտահոսքից շաբաթներ առաջ՝ Մարտի 27-ին, Իրանի ու Չինաստանի արտգործնախարարները Թեհրանում ստորագրել են փոխգործակցության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով։

Համաձայնագիրն ընդլայնում է տարիներով ԱՄՆ պատժամիջոցների ենթարկվող երկու պետությունների համագործակցությունը։

Նախագծով՝ Չինաստանը շուրջ 400 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում պետք է անի Իրանի տնտեսության մեջ՝ նավթի կայուն և զեղչված գնով մատակարարումների դիմաց։

Petroleum Economics-ի հաղորդմամբ՝ շուրջ 280 միլիարդ դոլար նախատեսվում է ուղղել Իրանի նավթի, գազի և բենզինի ոլորտներին, իսկ ևս 180 միլիարդը՝ երկրի ճանապարհային և արտադրական ենթակառուցվածքները բարելավելուն։

Միջազգային մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պայմանագիրը նաև առնչվում է Չինաստանի՝ հավակնոտ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։

Այս նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարվել է 2013-ին։ Ծրագիրը հավակնում է վերականգնել հնագույն ժամանակների Մետաքսի ճանապարհը, որը կապում էր Ասիան ու Եվրոպան։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհը» հետագայում ընդլայնվել է։ Այժմ նախաձեռնությունը ներառում է մի շարք ավտոճանապարհների, երկաթուղիների, ծովային նավահանգիստների, էլեկտրացանցերի, նավթա- և գազամուղերի կառուցման նախագծեր, որոնք Չինաստանը կկապեն Աֆրիկայի և անգամ արևմտյան Եվրոպայի հետ։

Նախագիծը երկու մասից է բաղկացած։ Առաջինը հենց անտիկ շրջանի Մետաքսի ճանապարհն է՝ հիմնականում ցամաքային, որը Չինաստանը կենտրոնական Ասիայի, Իրանի և Թուրքիայի միջոցով կապում է Եվրոպային։

Երկրորդ մասը հիմնականում ծովային ուղի է, որը Չինաստանից Հնդկական օվկիանոսով հասնում է աֆրիկյան երկրներ, այնտեղից էլ՝ միջերկրածովյան գոտի։ Իրանա-չինական նոր պայմանագիրը վստահաբար լուրջ զարկ կտա նախագծի իրագործմանը

Սակայն արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, քննադատել են Չինաստանի նախագիծը՝ պատճառաբանելով, որ այն կարող է մեծապես ավելացնել մի շարք զարգացող երկրների պետական պարտքը․ հավանական է, որ Չինաստանը ծրագրի շրջանակներում ընդլայնի վարկային ներդրումների ծավալը։ Ակնառու են, իհարկե, նաև քաղաքական դրդապատճառները, որոնց մասին բացեիբաց հիմնականում չի խոսվում։

Իրանը փոխհամագործակցությունն ընդլայնում է ոչ միայն Չինաստանի, այլև Թուրքիայի հետ։ Երկու երկրները պատրաստվում են վերանայել 2015-ին ստորագրված առևտրային համաձայնագիրը՝ ԱՄՆ պատժամիջոցների և համավարակի պատճառով Իրանի կրած կորուստները կոմպենսացնելու նպատակով։

Բացի այդ, այս տարվա հունվարին երկու պետությունների միջև երեք նոր պայմանագրեր են կնքվել, որոնցով նախատեսվում է ստեղծել նոր ճանապարհային ենթակառուցվածքներ, որոնք Իրանի հարավային նավահանգիստները կմիացնեն Թուրքիային։ Թուրքիան, բացի այդ, այս նոր ճանապարհներով Իրան միջոցով կկապվի Աֆղանստանի և Պակիստանի հետ։

Հնդկաստանն ու Իրանը նոր ճանապարհներ են փնտրում

Արևմտյան պատժամիջոցներից ու տարադրամի արժեզրկումից արդեն իսկ լրջորեն տուժած Իրանն այժմ մանևրելու կարիք ունի՝ սրընթաց աճող գերտերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի, և ինչ-որ առումով՝ Թուրքիայի ամբողջական ազդեցության գոտում չհայտնվելու համար։ Պատճառով Թեհրանը հիշատակված նախագծերին զուգահեռ նաև նոր ճանապարհներ է փնտրում։

Այս փնտրտուքներում Իրանը, թերևս, միայնակ չէ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհին» այլընտրանք է պետք նաև Հնդկաստանին։

Չինական մեգանախագծում պլանավորված միջանցքներից մեկը Բանգլադեշ-Չինաստան-Հնդկաստան-Մյանմա ուղին էր։

2019 թվականին Դելին հայտարարեց, որ չի մասնակցի ծրագրին, քանի որ դրանով նախատեսված միջանցքն անցնում էր ոչ միայն բուն Հնդկաստանով, այլև Ջամու և Քաշմիր մարզով, որի մի մասը գտնվում է Պակիստանի վերահսկողության տակ։

Այսպիսով՝ Դելին, ինչպես և Թեհրանը, վերադասավորվող աշխարհում փորձում է փնտրել Եվրոպա հասնելու նոր ուղիներ։

Այդ ուղիներից ամենաակնհայտը «Հյուսիս-հարավ» միջանցքն է, որը պիտի անցնի նաև Իրանով։

Մարտի 10-ին Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան հայտարարել էր, որ Դելին ծրագրում է Հնդկական օվիկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով։

Մարտի 16-ին արդեն հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի միջև։
Հանդիպման ժամանակ Ավինյանն ընդգծել է, որ Հնդկաստանը կարող է Հայաստանին դիտարկել որպես տրանսպորտային դարպաս դեպի Ռուսաստան և Եվրոպա:

Պաշտոնյայի խոսնակ Բագրատ Բադալյանն էլ «Ռադիոլուրին» հայտնել էր, որ նախատեսվում է Աշտարակ–Թալին ճանապարհային հատվածի վերականգնման մրցույթի վերահայտարարություն, որում հնարավոր է հնդկական կողմի մասնակցությունը»։

Իսկ արդեն ապրիլի 27-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում սկսվել է լայնածավալ ասֆալտապատումը։

Բացի այդ, կա նաև Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքը, որի նախագիծը՝ ստեղծված դեռ 2016 թվականին, նախատեսում է Իրանի հարավը Հայաստանի և Վրաստանի միջով կապել Բուլղարիայի ու Հունաստանի հետ՝ հատելով Սև ծովն ու հասնելով մինչև Միջերկրական։

Ապրիլի 23-ին Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տարանցման և առևտրայնացման վարչության պետ Ամին Թարֆան Mehr պարբերականին տված իր հարցազրույցում նշել է, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ժամանակներում։

Այս տրամաբանության շարունակությունը կարող է համարվել «Երեք ծովերի նախաձեռնությունը»։ Այն ստեղծվել է Խորվաթիայի և Լեհաստանի ղեկավարների կողմից 2015 թվականին՝ չինական մեգանախագծի մասին հայտարարությունից երկու տարի անց և այդ մեգանախագծին ի հակադրություն։

Նախաձեռնությամբ պլանավորվում է ճանապարհային և էներգետիկ նոր ենթակառուցվածքներ ստեղծել մի շարք արևելաեվրոպական երկրներ՝ իրար կապելով Սև, Ադրիատիկ ու Բալթիկ Ծովերը։ Արևմտաեվրոպական երկրները ողջունել են այս նախաձեռնությունը, քանի որ այն կարող է նվազեցնել ռուսական և չինական էներգետիկ ազդեցությունն արևմտյան, հարավային ու կենտրոնական Եվրոպայում, հատկապես որ Չինաստանի «հին նոր մետաքսի ճանապարհը» հենց այդ հատվածով է անցնում՝ հասնելով մինչև արևմտյան Եվրոպա։

Հնդկաստանն ու Իրանն այս նախագծերով կարող են Եվրոպայի հետ կապվել Հայաստանի ու Վրաստանի միջոցով՝ առանց հայտնվելու ռուսական և/կամ չինական ազդեցության գոտում։

Ղարաբաղյան ապաշրջափակում և հարված Ռուսաստանին

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո զուգահեռաբար ընթանում է նաև Հարավային Կովկասի՝ երեսուն տարի շարունակ շրջափակված ճանապարհների վերաբացումը։ Ռուսաստանը չի թաքցնում իր շահագրգռվածությունը՝ այս ապաշրջափակումը հնարավորինս շուտ իրագործելու հարցում։ Այդ ապաշրջափակմանը, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, մասնակցում են նաև Թուրքիան, Վրաստանը և Իրանը։

Սահմանների բացումն, ի թիվս այլի, ենթադրելու է, որ տարածաշրջանի բնական ռեսուրսները, օրինակ ՝ նավթը, ավելի հեշտ ու արագ կհասնեն, օրինակ, Եվրոպա։

Այստեղ ևս ընթացքը հարթ չէ․ Ադրբեջանը պահանջում է վերաբացել հարավային՝ Մեղրիով անցնող ճանապարհը, մինչդեռ Հայաստանը հյուսիսային՝ Իջևանով անցնող ճանապարհն է նախընտրում։ Սպեցիֆիկ շահեր ունեն նաև մյուս հարևանները: (Այդ մասին հանգամանալից՝ այստեղ

Միևնույն ժամանակ՝ դատելով «Հյուսիս-Հարավ» և «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքների մասին հայտարարություններից՝ Հայաստանը կնախընտրեր տարանցիկ ճանապարհ դառնալ նախևառաջ Իրանի համար, սակայն Ռուսաստանին դա կարծես այնքան էլ դուր չի գա։

Զարիֆի հարցազրույցի արտահոսքը, բացի այդ, լրջորեն հարվածում է Մոսկվայի աշխարհաքաղաքական դիրքերին, որոնք առանց այդ էլ թուլացել են Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի, դիվանագիտական ճգնաժամի և Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին – դա, այլ հանգամանքների հետ համընկնելու պարագայում, կարող է լրջորեն ազդել ռեգիոնում ընթացող պրոցեսների վրա։

Եթե Ռուհանիի ճամբարն Իրանում պահպանի իշխանությունն ու հարաբերություններ հաստատի Եվրոպայի և ԱՄՆ֊ի հետ, հնարավոր է նաև, որ ճանապարհների բացման շուրջ ստեղծվի Ռուսաստան֊Իրան որոշակի հակադրություն։ Երևանն այս պարագայում հայտնվելու է բարդ իրավիճակում՝ փորձելով պահպանել հնարավորին չեզոքություն և միաժամանակ քաղել ապաշրջափակման և նոր ճանապարհների ընձեռած բավականին լայն հնարավորությունների պտուղները։

Արամ Ամիրբեկյան