Հայաստանի Հանրապետությունը պարտվել է շուրջ 9 տարի ամուսնու կողմից բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ըստ վճռի՝ Հայաստանն ընտանեկան բռնությանը համարժեք չի արձագանքել և տուժողին թույլ չի տվել հանցագործից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջել։ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել 26 000 եվրո փոխհատուցում, որից 24 000 եվրոն՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրոն՝ դատական ծախսերի համար:
Հասմիկ Խաչատրյանի նախկին ամուսին՝ գավառցի Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ հոգեբանական և ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը՝ պատճառելով ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, թմբկաթաղանթի պատռվածք, ձախ ձեռքի և ազդրի հեմատոմա։
2013-ի ամռանը Հասմիկին հաջողվել է տանից փախնել։ Նրա հաղորդման հիման վրա Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իրենից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձին խոշտանգելու հոդվածով (նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Մեղադրող կողմը պահանջել է 7 տարի ազատազրկում։
Դատաբժշկական փորձաքննության ընթացքում, բացի թարմ վնասվածքներից, կնոջ գլխի, ձախ դաստակի և սրունքի վրա հայտնաբերվել են բազմաթիվ սպիեր:
Խոշտանգելու գործով դատավարությունը շուրջ 10 ամիս է տևել։ 2013-ի դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Հակոբյանին 1.5 տարվա ազատազրկման է դատապարտել ու դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակել։
Գործի նախաքննությունն ու ամբողջ դատական պրոցեսն անցել են Հասմիկի հանդեպ ամուսնու կողմից հնչեցրած վիրավորանքների և սպառնալիքների ներքո։ Իրավապահներն այդ դրվագներով հրաժարվե են քրեական գործեր հարուցել:
Չի բավարարվել նաև Հասմիկի քաղաքացիական հայցը՝ իր տառապանքների համար փոխհատուցման պահանջով: Դատական ակտը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն մնացել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելը մերժել է:
Սարգիս Հակոբյանի հանդեպ դատավորների և իրավապահների բարիացակամ վերաբերմունքը պայմանավորված էր նրա մայրիկով․ բախտագուշակ Վարսիկը լուրջ կապեր ուներ Գավառում։ Նրա հաճախորդների մեջ կային բարձրաստիճան պաշտոնյաների՝ օրինակ, ոստիկանների կանայք։ Ինքը՝ Վարսիկը, ով գործով անցնում էր որպես վկա, դատական նիստերին չէր ներկայանում՝ պատճառաբանելով, թե տառապում է սկլեռոզով և չի կարող ցուցմունք տալ։
Ըստ Դատարանի՝ այն ժամանակ գործող օրենսդրական դաշտը չի համապատասխանել պետության կողմից ստանձնած պարտավորությանը` ստեղծելու և արդյունավետորեն կիրառելու ընտանեկան բռնության բոլոր ձևերը պատժող և զոհերի համար բավարար երաշխիքներ ապահովող համակարգ: Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրությունն ընդունվել է 2017-ին:
ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ նախաքննության և դատավարության ընթացքում բռնության ենթարկված կինը իշխանություններին հայտնել է նախկին ամուսնու սպառնալիքների, բռնության այլ դրևորումների մասին և խնդրել է պաշտպանել նրանից: Դատավարության ընթացքում առնվազն երեք անգամ նա խնդրել է կալանքի տակ պահել Հակոբյանին՝ նկատի ունենալով քրեական վարույթի ընթացքում նրա ոչ պատշաճ վարքագիծը, ներառյալ այն, որ նա շարունակել է ծեծել, հետապնդել և սպառնալ իրեն։ Պատշաճ քայլեր, սակայն, չեն ձեռնարկվել:
Քրեական դատավարության տարբեր փուլերում, ըստ վճռի, իշխանությունները մնացել են բացարձակապես պասիվ և չեն ձեռնարկել որևէ պաշտպանիչ միջոց՝ Խաչատրյանի նկատմամբ բռնության հետագա դեպքերը կանխելու համար։ Ավելին, իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել՝ պաշտպանելու դիմումատուին հետագա բռնություններից քրեական դատավարության ընթացքում: