2026 թ. մայիս 24, կիրակի

Ակտիվիստները պատմել են, թե ինչպես են դաժան ծեծի ենթարկվել ոստիկանությունում

Ոստիկանական բաժանմունքում գտնվելու ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից: Այս մասին Epress.am-ի զրույցում հայտնել են ոստիկանների կողմից բերման ենթարկված երիտասարդները:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների՝ Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին, «Երևան» հյուրանոցի մոտ ակցիա իրականացնելու ժամանակ ՊՊԾ գնդի աշխատակիցները բերման են ենթարկել Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին:

Դա տեղի է ունեցել առավոտյան 10:00-ի սահմաններում, իսկ երիտասարդներին բաց են թողել 19:00-ի սահմաններում, որից հետո նրանք անմիջապես ուղևորվել են Մատենադարան և մասնակցել Կոնգրեսի հանրահավաքին:

Epress.am-ի հետ զրույցում բերման ենթարկված երիտասարդները պատմել են, թե ինչպես են ոստիկանությունում գտնվելու ժամանակ իրենց ծեծել:

«Մեր նկատմամբ եղել է  ամենաահավոր բռնությունը,  որը կարող էր լինել: Մոտ երկու տասնյակ համազգեստավոր ոստիկաններ ՊՊԾ գնդից Կենտրոնի ոտիկանության տարածքում մեզ` չորսիս,  գցեցին գետնին ու սկսեցին ոտքերով ու ձեռքերով հարվածել գլխներիս:  Այնուհետև մեզ տարան դատաբժշկի մոտ, որը ֆիքսեց որոշ հետքեր:  Մեզ մոտ հիմնականում գլխացավեր են ու սրտխառնոց: Մենք դատաբժշկին ասացինք, որ դրանք  ուղեղի ցնցման ախտանիշներ են, բայց հիվանդանոցի ուղեգիր չտվեց, մենք վաղը կգնանք հիվանդանոց` ստուգվելու»,- ասել է Սարգիս Գևորգյանը:

Բերման ենթարկվածներից Արեգ Գևորգյանը պատմել է, որ  հենց սկզբից, երբ իրենց տարել են բաժին,  ոստիկանների գործողություններում արդեն ագրեսիա է եղել:

«Մեքենայի մեջ ասում էին՝ «հեսա մտնենք քաղմաս, տեսեք», ու սկսեցին հայհոյել: Ու հենց մտանք ներս, մի փոխգնդապետ բռնեց Վահագնին, քաշեց ներս դեպի քաղմաս ու ասաց՝ «դե հլը արի, մտի ներս, տես ինչ եմ անում» ու հենց մտանք ներս, Վահագնի դեմքին խփեց: Մենք բնականաբար սկսեցինք աղմկել, ու այդ ժամանակ և' դրսից, և' ներսից  ընդհանուր մի քսան-երեսուն հոգի հավաքվեցին, մեզ գցեցին գետնին ու սկսեցին ծեծել»,- ընգծել է Արեգ Գևորգյանը: