Բողոքի ակցիայի մասնակից գյումրեցի վարորդների գործողությունների հետևանքով Երևանից Գյումրի տանող ավտոճանապարհի վրա առաջացել է մի քանի կիլոմետրանոց խցանում:
Իրավիճակը շտկելու համար ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հորդորել են բողոքի ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը և իրենց բողոքի ձայնը բարձրացնել Գյումրիի հրապարակում կամ ցանկացած այլ վայրում:
Բողոքի ակցիայի մասնակից Կարեն Պողոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին երթևեկությունը գտնվում է կաթվածահար վիճակում և վարորդները որոշել են այսօր Գյումրիի տարբեր հատվածներում բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպել այնքան ժամանակ մինչև պատկան մարմինները հանդիպեն իրենց հետ և իրենց հարցին դրական լուծում տան: Նշենք, որ այս պահին վարորդները շարժվում են դեպի Գյումրիի կենտրոնական հրապարակ, որտեղ շարունակելու են իրենց բողոքի ակցիան: Կարեն Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ Ջավախքի հայերը փակել են Բավրայից Վրաստան տանող ճանապարհը: Նրանց վրա նույնպես ազդել է մաքսատուրքի բարձրացման վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ վարորդները բողոքում են Վրաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար սահմանված մաքսային բարձր տուրքի դեմ: Բացի դրանից, նրանք դժգոհ են այն փաստի կապակցությամբ, որ վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաները Հայաստանում կարող են գտնվել ընդամենը 30 օր (այդ ժամկետը լրանալուց հետո մեքենան պետք է հատի հայ-վրացական սահմանը, ապա միայն կարող է հետ վերադառնալ – Epress.am):