Խորհրդանշական է, որ մինչ ՀՀ երկրորդ նախագահն ինքն է դատի տալիս, այն էլ լրատվամիջոցներին, ՀՀ առաջին նախագահին ուրիշներն են դատի տալիս: Այս մասին «Հրապարակ» թերթի «Մի դատեք, որ չտադվեք» անունը կրող խմբագրականում գրում է Արմինե Օհանյանը:
«Օրերս տեղեկություն տարածվեց լրատվամիջոցներով` Ճարտարագիտական համալսարանի մի պրոֆեսոր դիմել է դատախազություն` Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրով: Նա իր ցանկությանն արտառոց բացատրություն է տվել, գրել է, «Ինչու է Հայաստանի Հանրապետությունը ծանր վիճակում: Որովհետև մեր պետությունը թալանվել և թալանվում է: Այս վիճակից միակ ելքն է վերացնել անպատժելիության մթնոլորտը, որը տևում է 20 տարի: Հարկավոր է պատժել թե հներին, թե նորերին: Սկսենք Լևոնից»: Հարց է ծագում ` ինչո՞ւ Լևոնից», – նշում է Օհանյանը:
«Հրապարակի» խմբագրի խոսքով` տարրական տրամաբանությունն ասում է, որ թալանի վերջը տալու համար ոչ թե նախկին պաշտոնյային, այլ այսօր գործողին է հարկավոր պատժել, որ մյուսներին դաս լինի:
«Որ մարդիկ չմտածեն, թե պաշտոնը կորցրել է, դարձել անպաշտպան և հենց դրա համար է պատժվում: Մանավանդ` եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հանցանք գործած լիներ, և նրան պատժելու որևէ հնարավորություն լիներ, 1998-ից հետո մի հարյուր անգամ պատժած կլինեին: Բայց սա էլ չէ էական: Դուք պատկերացնո՞ւմ եք` նշված պրոֆեսորը և ընդհանրապես այս մտածողության տեր մարդիկ ոչ միայն հպարտորեն ու բացահայտ քայլեր են անում` դիմումներ գրում դատախազությանը, այլև հարցազրույցներ են տալիս, հերոսական կեցվածք ընդունում` իբր պայքարում են կոռուպցիայի դեմ: Ավելին` այս անձինք են սերունդ կրթում, մտածողություն սերմանում, չափանիշներ ու սկզբունքներ սահմանում մեր երկրում: Նրանք մտավախություն չունեն ոչ հասարակական կարծիքից, ոչ իրենց ուսանողների պարսավանքից, ոչ նրանից, որ իրենց կարող են մեղադրել իշխանությանը հաճոյանալու մեջ», – եզրափակում է հոդվածագիրը: