Home / Հայաստան / Վազգեն Խաչիկյանը Հայաստանի բյուջեի վրա «նստել է» 113 միլիոն

Վազգեն Խաչիկյանը Հայաստանի բյուջեի վրա «նստել է» 113 միլիոն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ, ասված է դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված  նյութերը` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինչական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու և ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից դուրս են գրել և վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

Հիշեցնենք, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էր դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 17-ին։ Սոցապ ծառայությունում խախտումները ի հայտ էին եկել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: Համաձայն մամուլի տեղեկատվության, վերջին շրջանում Վազգեն Խաչիկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Tekali Taxi