34․200 վայրկյան կարել, 1․800 վայրկյան՝ «խմել, քաքել,թելեր»․ ինչպես են ապրում և աշխատում հնդիկ դերձակները
Իջևանի կարի ֆաբրիկայում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները գործադուլ են հայտարարել մայիսի 8-ին: Epress.am-ին հաջողվել է մտնել «կիսափակ» արտադրամասի տարածք, որտեղ միգրանտները ոչ միայն աշխատում են, այլև ապրում, զրուցել գործադուլի մասնակիցների և հիմնարկության տնօրենի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հասանելի են հայերեն և անգլերեն ենթագրեր։
Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում մոտ 170 հնդկաստանցի դերձակներ են աշխատում։ Ռուսաստանցի նոր տնօրենի «նորմատիվները» նրանք բնութագրում են աշխատանքային խոշտանգում, անցած շաբաթվանից գործի չեն գնում, գործատուից պահանջում են մայիս ամսվա աշխատավարձը և ինքնաթիռի տոմսեր, որպեսզի կարողանան վերադառնալ Հնդկաստան։
Նախորդ տարվա գործադուլից հետո ռուսական ընկերությունը աշխատանքից ազատել է հայաստանցի կառավարիչներին, որոնք ատրճանակ էին պահում միգրանտ աշխատողների վրա՝ պահանջելով «արագ կարել»։ Ֆիզիկական բռնությունները դադարել են։ Մնացել է մաքուր շահագործումը։
18-19 դերձակներից բաղկացած խմբերին ստիպում են աշխատել օրական 11 ժամ, մեկ հերթափոխի ընթացքում նրանք պիտի մոտ 120 կոմպլեկտ համազգեստ կարեն։ Նոր շեֆը հիմա 200 կոմպլեկտ է պահանջում։ Աշխատողները դա անհնարին բան են համարում «Մարդ ենք, ռոբոտ չենք»։
Տնօրենն Epress.am-ի հետ զրույցում փորձել է հերքել՝ ոչ մեկ ոչ մի անհնարին բան իրենցից չի պահանջում։ Աշխատանքային վեճը, ըստ նրա, ծագել է ոչ թե գերշահագործման, այլ աշխատողների խուլիգանության պատճառով։ Նրանք իբրև թե խախտում են պայմանագրային դրույթները՝ հաճախակի զուգարան գնալով և բլյութուզով երաժշտություն լսելով։ Տնօրենը սա համարում է սադրանք, քանի որ «հեռախոսներն արգելված են կոնտրակտով», «զուգարան գնալու հնարավորությունը չպիտի չարաշահվի», արտադրամասի տեխնոլոգները հետևում են դերձակների արդյունավետությանը վայրկյանների ճշգրտությամբ։
Կարի ֆաբրիկայի պատերին եռալեզու հուշաթերթիկներ են կպցրած։ Դրանցից մեկում նշված է, որ
Աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8։00-ին և ավարտվում 19։00-ին։ 11 ժամից՝ 39 600 վայրկյանից, 3 600 վայրկյանը կարելի է ծախսել ճաշի ընդմիջման վրա, «խմելու/քաքելու/թելերի» համար հատկացված է առավելագույնը 1 800 վայրկյան։ Մնացած 34 200 վայրկյանի ընթացքում դերձակները պիտի անընդմեջ կարեն։
Մեկ այլ հուշաթերթիկում նշված է, որ նրանց, ովքեր հեռախոսը չեն հանձնել հսկիչներին, տուգանելու են 50 դոլարով։ Նրանց, ովքեր չեն մաքրել իրենց կարի մեքենան՝ 5 դոլարով։
Կարի ֆաբրիկան գտնվում է նախկին հանրախանութի տարածքում։ Դերձակներն այստեղ աշխատում են և միաժամանակ նաև ապրում։
170 հոգու տեղավորել են ընդամենը մի քանի երկաթյա բարաքներում։ Ամեն սենյակում 9-ից 12 մարդ է քնում։ Լոգասենյակը՝ բետոնապատ տարածք երեք խցիկներով, նույնիսկ ցնցուղ չունի։ Մարդիկ ստիպված են լողանալ կռացած՝ ծորակների տակ։
Տարածքը ամբողջությամբ ախտահարված է թաղթաբիթիներով և խավարասերներով։ Տնօրենը կարծում է, թե խնդիրն աշխատողների մեջ է՝ «մաքրասեր չեն» և այլն։ Իբրև թե իրենց ապահովել են խոհանոցով, իսկ իրենք սնունդը սենյակներ են տանում։ Բայց սենյակներում նույնիսկ նստելու տեղ չկա։ Իսկ «խոհանոցը» նեղլիկ բարաք է՝ կիսով չափ ծածկված ԴՍՊ-ներով։ 170 աշխատողներն այնտեղ չեն էլ տեղավորվում և ստիպված են հերթափոխով սնվել։
Մաքրողներ չկան, ախտահանում չի արվում։ Աշխատողների խոսքով, տնօրենը նույնիսկ քիմիկատներ չի տրամադրում, որ ինքնուրույն փորձեն միջատներից ազատվել։
«Իսկ ես ի՞նչ՝ հինգ աստղանի հյուրանոցով պիտի նրանց ապահովեի՞», — արդարանում է գործատուն։ Պայմաններն, ըստ նրա, համապատասխանում են «նորմերին»։
Մայիսի 12-ին գործատուն և բանվորների պատվիրակները ժամանել էին Երևան՝ Հնդկաստանի դեսպանատուն։ Բանակցություններից հետո տնօրենը հրաժարվել է գործադուլի պահանջները կատարելուց։ Ընկերության կողմից ստորագրված պարտավորագիրը, որը վկայակոչում են աշխատողները, նա համարում է հորինվածք։ Դերձակները հրաժարվում են վերադառնալ աշխատանքի, եթե չվերանայվեն վերջին նորմատիվները․ «Օրական 120 կոմպլեկտ մի ձև հասցնում էինք, բայց 200-ն անհնարին է»։