2026 թ. հունիս 6, շաբաթ

Վաղվա ընտրությունների շնորհապետը

Շնորհապետական կուսակցությունը խոստանում է Հայաստանում հաստատել մերիտոկրատիա՝ արժանիների իշխանություն։

Մերիտոկրատիա տերմինը հորինել է սոցիոլոգ Մայքլ Յանգը 1958-ին հրապարակված երգիծական հակաուտոպիստական վեպում։ Դրանում նա զգուշացնում է, որ գալու է գերազանցիկների իշխանություն, որը ոչնչով չի տարբերվելու դասակարգային համակարգից։ Արիստոկրատները շարունակելու են իշխել՝ արդարացնելով դա իրենց դիպլոմներով, աղքատները ընդունելու են, որ լավ չեն ապրում, որովհետև «արժանի չեն»։

Գուրգեն Սիմոնյանը մերիտոկրատիա բառն օգտագործում է դրական իմաստով։

g2.jpg

Նրա կուսակցության նպատակն է՝ կրթել մարդկանց, դարձնել արժանի, բարձրացնել ընդհանուր «մակարդակը»։

«Հայ ժողովուրդը անընդհատ փյունիկի պես վեր է հառնում։ Բայց իմ գլխավոր մտավախությունը էն է, որ մենք մեր որակն ենք գցել։ Երեսուն տարի մեր ազգային պետությունը ջանք ու եռանդ չի խնայել, որ մենք մեր որակը գցենք»։

Նա քննադատում է ներկա իշխանություններին զուտ բավարար կրթական ռեֆորմներ չանելու եւ պետական ապարատի աշխատողներին չվերապատրաստելու համար։

«Կարելի էր Ճապոնիայի միջոցով դուրս գալ Օկեանիա, Ավստրալիայի հետ համապարփակ հարաբերություններ հաստատել։ Ավստրալիան՝ ՆԱՏՕ+, հավաքական արևմուտքի մաս է, բայց անկողմնակալ է, աշխարհագրորեն կտրված։ Կարող էին արտապատվիրակել և կազմակերպություններ հրավիրել Ավստրալիայից»։

g3.jpg

Սիմոնյանը ինքը պնդում է, որ բազմաթիվ շնորհներ ունի։ Նրա բլոգից իմանում ենք, որ ճարտարագետ է, տնտեսագետ, քաղաքագետ, անվտանգային փորձագետ, կարատեիստ։ Զբաղվում է նաև կերպարվեստով։ Քաղաքականությունը շատ ժամանակ է տանում, նա չի հասցնում զբաղվել գիտությամբ։

— Ինչը՞ կցանկանայիք փոխել ձեր մեջ, պարոն Սիմոնյան։

— Չէր խանգարի, եթե մի քիչ մտածեի հանգստի մասին։ Մի քիչ էգոյով պայմանավորված հարցը առաջնային դառնար։ Անձի համար հաճելի բաները երրորդ-չորրորդ պլան եմ մղել, ինչը իմ կարծիքով էդքան էլ ճիշտ չի։ Օրինակ՝ ճապոնացիները տռուդագոլիկներին՝ աշխատամոլներին, աշխատանքից հանում են։

g4.jpg

Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Շնորհապետական կուսակցությունը առանձնանում է որպես 2026 թվականի անսպասելի հայտնություն։ IRI-ի մայիսի 28-ի կանխատեսումներով, երկու տարեկան կուսակցությունը չորրորդ տեղն է զբաղեցնելու։ Կուսակցության առաջնորդ Գուրգեն Սիմոնյանին լրագրողները ավելի հաճախ հարցնում են՝ ի՞նչն է ձեր հաջողության գաղտնիքը. «Երևի ես լցնում եմ այն դատարկությունը, որ կա Հայաստանի քաղաքական դաշտում»։

g_1_new (2).jpg

Գուրգեն Սիմոնյանն ու իր կուսակցությանը միացած Էդվարդ Անտինյանը յութուբերներ են։ Նրանց հրավիրում են քաղաքական զրույցների, տարբեր ալիքներով վերլուծելու գեոպոլիտիկ զարգացումները ու դրանց «թաքնահարույց» վտանգները հայ ժողովրդի համար. ի՞նչ են իրականում խոսել Պուտինն ու Ալիևը, ինչո՞ւ է Թրամփը հազվագյուտ հանածոներ գտնում ամենուր, ի՞նչ է մտածում Իրանի հոգևոր առաջնորդը։

Նա հաճախ մտնում է վեճերի մեջ յութուբյան վերլուծաբանների եւ ենթամշակութային այլ ինֆլուենսերների հետ. «Սիրելի՛ քաղաքացիներ, մի համախմբվեք անձանց շուրջ, ովքեր ոչ միայն թերի բարձրագույն չունեն, այլև միջնակարգ կրթությամբ են հավակնում երկիր կառավարել, կոմանդանտեի փափախով»։

Կուսակցության երկրորդ համարն է նախկին լիբերալ-դեմոկրատ, նախկին ռամկավար, նախկինում Վիկտոր Դալլաքյանի ընկեր Էդվարդ Անտինյանը։ Նրան Ռամկավար ազատական կուսակցությունից հեռացրել էին 2011-ին՝ գաղտագողի ՀՌԱԿ պաշտոնական կայքէջի գաղտնաբառերը փոխելու, սփյուռքի կառույցների ղեկավարությանը իր շահերին ծառայեցնելու մեղադրանքով։

Անտինյանը նախընտրական շրջանում աչքի ընկավ մեկ տեսանյութով, որում նա մեղադրում է Ղարաբաղի ժողովրդին և վերնախավին «Հայաստանի թշնամի» լինելու մեջ։

g5.jpg

Շնորհապետական կուսակցության նախագահ Սիմոնյանը պնդում է, որ իր քաղաքական գործունեությունը ֆինանսավորվում է հետևորդների, համակիրների նվիրատվություններով։ Ըստ ԿԸՀ-ի հայտարարագրերի՝ կուսակցությունը ստացել է մոտ 16 միլիոն դրամ նվիրատվություն, որոնցից 8 միլիոնը փոխանցել է ինքը՝ Գուրգեն Սիմոնյանը։ Լրագրողներին նա ասել է, որ իրեն կանխիկ փող են տվել հետևորդները, ինքը փոխանցել է իր անունով։

Շնորհապետական կուսակցությունը չունի նախընտրական ծրագիր։