2026 թ. նոյեմբեր 19, հինգշաբթի

Փաշինյանը խոստանում է հեռանալ սահմանադրական հանրաքվեով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ, եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չանցնի։ Իսկ եթե Սահմանադրությունն, այնուամենայնիվ, անցնի, Փաշինյանը հաջորդ ընտրություններում չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Առաջարկն ուղղված է պառլամենտական ընդդիմությանը, որը համախմբվել է հանրաքվեն թույլ չտալու շուրջ։ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն նոր խորհրդարանում չունի, Սահմանադրության նախագիծը համաժողովրդական քվեարկության հանելու համար նրան ձայներ են անհրաժեշտ ընդդիմադիրներից։

«Ես իրենց տալիս եմ անպարտելի տարբերակ․ անկախ նրանից, թե ինչ կլինի հանրաքվեի արդյունքը, ես հեռանում եմ։ Մի դեպքում հեռանում եմ՝ կիսատ թողած խաղաղության օրակարգը, որովհետև ստացվում է, որ այդ օրակարգը չի ստանում ժողովրդի աջակցությունը առնվազն իմ մատուցմամբ։ Երկրորդ տարբերակում ես իրացնում եմ այն մինչև հաջորդ ընտրությունները այս կարգավիճակով, իսկ հաջորդ ընտրություններում չեմ լինում վարչապետի թեկնածու», — կառավարության այսօրվա նիստին ասել է Փաշինյանը:

Նոր Սահմանադրության նախագիծը դեռ հրապարակված չէ։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը երեկ հայտարարել է, որ այն հանրայնացվի հաշված օրերի ընթացքում։ Մինչ այդ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։

Եթե ընդդիմությունը հրաժարվի նրան «հեռացնելու այս տարբերակներից», Փաշինյանի խոսքով՝ իրենք կփորձեն հեռացնել ընդդիմությանը։

«Գնանք հանրաքվեի, ժողովուրդը թող ասի՝ ունի՞ այս կառավարությունը, ես անձամբ ունե՞մ վստահություն, թե՞ ոչ: Կարծում եմ, այս բանաձևից հրաժարվելը քաղաքական մահ է ընդդիմության համար։ Բայց սա չի հանում նաև սկզբնական հարցը․ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները պետք է հստակ պատասխանեն, և այն քաղաքական ուժերը, որ «ոչ»-ի շուրջ համախմբվել են, պետք է հստակ ասեն՝ միացյալ Հայաստանի տեսլականը պաշտպանո՞ւմ են, թե՞ չէ», — ասել է գործող վարչապետը։ 

Նոր Սահմանադրությունը դեռ պետք է լրամշակվի։ Անկախ դրանից՝ բոլոր փոփոխությունները, ըստ Փաշինյանի, լինելու են «Իրական Հայաստանի գաղափարախոսության» շրջանակում։ Ըստ այդ հայեցակարգի, պետությունը պետք է առաջնորդվի ոչ թե պատմական Հայաստանի, հայ ժողովրդի պատմական իրավունքների կամ պատմական արդարության վերականգնման գաղափարով, այլ ներկայում գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության սահմանափակ հնարավորություններով և կոնկրետ պետական շահերով։

Փաշինյանի կուսակցությունը սահմանադրական փոփոխություններն այս կոնտեքստում ներկայացնում է որպես նախաքայլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Բաքուն իբրև նախապայման պահանջել է, որպեսզի Հայաստանի Մայր օրենքից հեռացվի հղումը 1990 թվականի Անկախության հռչակագրին, որում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ Թեպետ Հայաստանի Սահմանադրական դատարանը դեռ 2024-ին ամրագրել էր, որ այդ հղումը ոչ մի իրավական նշանակություն չունի, Ադրբեջանը այն մեկնաբանում է որպես տարածքային պահանջ։ Արդեն հայտնի է, որ նոր Սահմանադրության նախաբանից այդ հղումը հեռացվելու է: Փաշինյանի կուսակցությունը արտաքին պարտադրանքի մասին հիմնականում չի խոսում․ փոփոխությունները ներկայացվում են որպես Հայաստանի այսօրվա շահերից բխող քայլ։

Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է առնվազն 70 պատգամավորի քվե: «Քաղաքացիական պայմանագրին» առնվազն 6 ձայն է պետք ընդդիմությունից, որը արդեն հայտարարել է՝ չի աջակցելու նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելուն։ 

Եթե այսօրվա առաջարկը ընդդիմությունը չընդունի, իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների՝ փորձելով ձևավորել այնպիսի խորհրդարան, որում ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն։

Փաշինյանն իր հեռանալու մասին նաև երեկ էր խոսել՝ խորհրդարանում։ 

«Տենց հուսահատ մի աղաչեք էդ հանրաքվեի մասին: Մի նեղվեք էդքան, որ Ձեզ չի հաջողվել արտաքին պահանջը ներկայացնել որպես ներքին օրակարգ: Ձեզ հետ գործարք չի լինելու: Մենք ձեզ հեռացնելու ենք առանց գործարքի», —  արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Դեռ հոկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ կներկայացնի այնպիսի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդդիմադիրներին առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ խոստանալով, որ եթե ժողովուրդը մերժի այն, իշխանությունը հրաժարական կտա և կգնա նոր, արտահերթ ընտրությունների։