Ինչ սկսվել է տարին, իշխանությունները քննարկում են նոր Հայաստանի Հանրապետություն և նոր հայաստանցիներ ստեղծելու ծրագիրը։
Հայաստանի հին ազգայնականությունը սպառված է, պնդում են Փաշինյանն ու թիմակիցները, և կարիք կա նորը ստեղծելու։ Ամբողջ իշխանական ապարատը լծվել է հայկական նոր առասպել ստեղծելու գործին։
Ամեն ինչ սկսվեց տարեվերջին Հանրային հեռուստատեսությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 1990-1991 թվականներին Հայաստանը անկախացել է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու նպատակով։ Եւ հիմա, երբ «Արցախի հարցը փակված է», ի՞նչն է ՀՀ-ի գոյության իմաստը։ Պետականության հիմքում դրված ամբողջ խոսույթը, հայեցակարգը, բովանդակությունը պիտի ուղղակի քանդել, հայտարարեց պետության առաջնորդը։
Նոր «հայրենասիրության մոդելի» անցնելու համար իշխանության ներկայացուցիչները հորդորում են վերացական «Հայքի» փոխարեն հայրենիք համարել կոնկրետ՝ 29 800 կիլոմետր քառակուսի քարտեզով Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն, Հայաստանի ամենաբարձր լեռը համարել Արագածը, ոչ թե Թուրքիայում գտնվող Արարատ լեռը, փոխել Հայաստանի օրհներգը և զինանշանը։
Այս խոսակցությունները նոր չեն, չնայած այդպես է պնդում ընդդիմության մեդիա մեքենան՝ այս օրակարգի հետևում տեսնելով բացառապես Ադրբեջանի նոր պահանջները։
Իշխող կուսակցությունը միշտ է տարված եղել 19-րդ դարի ազատական ազգայնականությամբ։ Պատահական չէ, որ անգամ կուսակցության անունը հղում է Ժան Ժակ Ռուսոյի «Քաղաքացիական պայմանագիր» գրքին, ըստ որի պետության և անհանտների միջև հարաբերությունն է սուվերենության աղբյուր և խմբային նույնականացման հիմք, ոչ թե լեզուն, կրոնական իշխանությունը, ցեղային կամ մարզային ծագումը, խավը։ Սա հաշվի առնելով տարօրինակ է, որ իշխանությունը ուզում է փոխել նաև Հայաստանի օրհներգը, որը ևս ձոն է իրենց սիրելի եվրոպական նացիոնալիստական շարժումներից մեկին՝ իտալական միավորման պայքարին և Ջուզեպպե Գարիբալդիին։
Հին ազգայնականություն
Նոր հայրենասիրության մոդել ստեղծելուց առաջ պետք է ապամիֆականացնել հինը։ «ՔՊ»-ն ռիսկ չի անում կամ չի կարող հայոց պատմությունը վերանայել՝ փոխում է միայն դասի անունը։ «Քանդելու և նորը կառուցելու արանքում ձևավորվելու է վակուում: Այդ վակուումի ընթացքում տեղի են ունենալու պրոցեսներ: Անկանխատեսելի են այդ պրոցեսները»՝ իր վախերով բաց կիսվում է Փաշինյանը։
Բայց վախվխալով հնարավոր չէ ազատվել Երրորդ հանրապետությունից և ստեղծել Չորրորդը։ Պետք է ընդունել նախ, որ 90-ականների անկախությունները, այդ թվում հայ Անկախական շարժումը ոչ թե 19-րդ դարի եվրոպական ազգայնականության ծնունդ էր, այլ դրա 20-րդ դարի մուտացիայի, որտեղ սողոսկել էր էթնիկ-լեզվական պատկանելիությունը որպես կարևոր գործոն և անջատողականությունը։
89-90-ականների անկախացումները, ըստ բրիտանացի պատմաբան Էրիկ Հոբսբաումի, հետևանքն են դեռ առաջին համաշխարհային պատերազմի։ Դրանք Վուդրոու Վիլսոնի թոռներն են. Վիլսոնի քարտեզով սկսվեց Եվրոպան էթնո-լեզվական երկրների բաժանելու իդեան՝ քանդելով Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունները՝ ցեղասպանությունների գնով։
Հին միֆը քանդել կարող են պատմաբանները ապամիֆականացնելով այն ազգայնականությունը, ինչ ստեղծվել էր Երրորդ Հանրապետության համար։ Բայց դա վտանգավոր է, քանի որ Պատմությունը վտանգավոր է նաև նոր ազգայնականություն ստեղծելու համար։ Ահա թե ինչու հին միֆի մասին կա միայն մեդիա թրոլինգ, Արարատը հետ բերելու, ծովիվ ծով Հայաստանի իղձի մասին։ Չկա քննարկում թե այդ իղձերը ժամանակին ո՞վ է ստեղծել և ի՞նչ նպատակով։
Ինչպես սահմանում է ֆրանսիացի փիլիսոփա Ռոլանդ Բարտը իր «Միֆոլոգիաներ» գրքում՝ միֆը ստեղծվում և մեդիայի միջոցով տարածում են իշխողները՝ հանրությանը կառավարելու համար։ Այսպես, Արագած լեռան լուսանկարը տարածելով Փաշինյանն առաջարկում է նոր հայաստանցին ծառայի Արագածին, ոչ թե Արարատին։ Մեծ հաշվով՝ իշխանությունը առաջարկում է փոխել սրբազան պատկերները, իսկ որպես նկար Արարատն անհամեմատ ավելի գեղեցիկ է։ Հարց է՝ արդյո՞ք ՔՊ-ն այնքան մեդիա ռեսուրս ունի, որ Արագածը սրբացնի։
Նոր միֆ արտադրողի ճանապարհը բռնելով՝ ՔՊ-ն լրիվ կորցնում է կապը քաղաքականի հետ։ Ըստ նույն Բարտի՝ միֆական լեզվի միակ հակոտնյան քաղաքականությունն է. «Երբ մարդը խոսում է որպեսզի իրականությունը փոխի և չպահպանի այն որպես պատկեր, միֆը անհնար է դառնում։ Ահա թե ինչու հեղափոխական լեզուն չի կարող լինել միֆական։ Հեղափոխությունը կատարկտիկ գործողություն է, որը բացահայտում է քաղաքականը, այն ստեղծում է աշխարհը, և հեղափոխական լեզուն կլանվում է այդ ստեղծման մեջ։ Քաղաքական լեզուն ցրում է միֆը»,-գրում է նա։
Ահա այսպես Փաշինյանը դադարում է լինել քաղաքական գործիչ և դառնում նոր միֆոլոգ, որը սպառողների համար նոր պատում է հորինում։
Քնար Խուդոյանը՝ media.am-ի համար