Home / Բանակ / Արմաշի լճերի ձգողականությունը

Արմաշի լճերի ձգողականությունը

Ես և Մերին գնացինք Երասխ՝ Արարատի մարզի վերջին գյուղը՝ Նախիջևանի սահման։ Մերին արվեստագետ է, եկել է այստեղ հետազոտելու խորհրդային շրջանի գյուղատնտեսությունը։ Արաքս գետի ափամերձ տարածքներում բամբակի, բրնձի, խաղողի այգիներ են եղել։ Բերվել են հազարավոր մարդիկ ու շահագործվել։ Հողը աղակալումից փրկելու համար լճեր են կառուցվել։

Ես ավելի շատ գնացի այդ լճերում թռչուններին նայելու։ Պատահաբար իմացա, որ Արմաշի լճերը թռչունների միգրացիայի կետ են։ Թռչուններին իրենց հաբիթատում նայել սիրում եմ։ Նրանց տեսնելիս կենտրոնանում եմ․ միշտ անսպասելի է թռչնի հայտնվելը, անգամ եթե ունես տեսախցիկ, միայն աչքդ է հասցնում ֆիքսել։

Երասխը ճանապարհին հանգստանալու կետ է ոչ միայն թռչունների համար։ Այստեղով է անցնում Հյուսիս-Հարավ մայրուղին։ Գյուղը շատերը գիտեն իր շրջանաձև խաչմերուկով, բիստրոյով, բենզալցակայանով։ Ընդհանրապես Արարատի մարզը տարանցիկ տեղ է։ Ես ինքս ծնվել եմ Արարատի Դվին գյուղում։ Գիտեմ ճանապարհը դեպի Երևան, բայց չգիտեմ՝ ի՞նչ կա այդ 30 կիլոմետրի վրա։

Երասխում տարանցիկության զգացում կա նաև Հայկական երկաթուղու վերջին գործող կայարանի շնորհիվ։ Երկաթգծի շարունակությունը՝ Նախիջևանով դեպի Մեղրի, չի գործում 90-ականների Ղարաբաղյան պատերազմից ի վեր։

Տեղացիները պատմում են, որ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մի պահ թվաց, որ գնացքը կբացվի, որ 30 տարվա կոնֆլիկտը կլուծվի մեկ օրում։ Դեպի Նախիջևան գնացող ռելսերի վրա որպես պատնեշ դրված վագոնը հանեցին, թումբը բացեցին։ Հողի գինը կտրուկ բարձրացավ։ Շատ չանցած ամեն ինչ ավարտվեց։

Հիմա բանակցությունները լճացել են։ Ռեգիոնում սառը և տաք պատերազմներ են նորից, միջազգային կապի հույսեր այլևս չկան։ Հակառակը՝ պետական սահմանն ավելի է ընդգծվել կահավորանքով ու ազգային դրոշներով։ Երախսը ստացել է սահմանայինի ստատուս, ինչը նշանակում է՝ հռչակվել է վտանգավոր տեղ։

Բայց Երասխը վտանգավոր տեղ չի համարվում դեռ։ Ռազմականացումն այստեղ նոր երևույթ է, այն չի հասցրել սահմանել կյանքը։ Բանակը հեռու է միակ աշխատանքը լինելուց։ Կյանքն այստեղ սահմանվում է գյուղատնտեսությամբ, Ալրաղացող, գործարաններով, ձկնաբուծարաններով։

Մեր այցը Արարատյան դաշտ համընկավ բերքահավաքի սեզոնի հետ։ Տեղացիների հետ հիմնականում զրուցեցին նրա մասին, թե ինչով է տարբերվում պլանային գյուղատնտեսությունը շուկայականից։ Գյուղացիները բողոքում էին, որ հիմա մենակ են ոչ միայն բնական աղետների, այլև շուկան կառավարող սպեկուլյանտների դեմ։ Նրանց մեծ մասը իրենց հողը վաճառել են մեծ ֆիրմաներին կամ գինեգործարաններին։

Գյուղատնտեսությունը նորից խոշորանում է՝ մի տարբերությամբ, որ հիմա մարդիկ անհող են և աշխատում են ուրիշի հողում որպես վարձու աշխատող։

Հարցազրույցները՝ տեսանյութում։

Քնար Խուդոյան