Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) դիմել է Քաջարան համայնքին, որ թույլտվություն ստանա նոր երկրաբանական ուսումնասիրություն անելու համար։ Նպատակն է՝ պարզել, թե երկարատև արդյունահանումից հետո մոլիբդենի և պղնձի ինչ պաշարներ են մնացել հանքավայրում և արդյոք դրանք համապատասխանում են սովետական շրջանում արված հաշվարկներին։
ԶՊՄԿ-ն մտադիր է 2026-2028 թվականներին 383 նոր հորատումներ անել Ողջի գետի ձախափնյա հատվածում՝ մոտ 434 հա տարածք, որը դուրս է մնացել կոմբինատի «լեռնահատկացման սահմաններից»։ Հոկտեմբերի 16-ին կայացած հանրային լսումների ժամանակ ԶՊՄԿ ներկայացուցիչները խոստանում էին, որ ընդերքի ուսումնասիրության ընթացքում ջուրը կկիրառվի փակ ծրջանառության եղանակով, այսինքն՝ չի լցվի շրջակա միջավայր, հետևաբար բնապահպանական առումով ռիսկեր չկան։ Իսկ եթե հորատումներ անեն մասնավոր սեփականատերերի տարածքներում՝ կփոխհատուցեն վնասները։
Հանրային լսմանը ներկա բնակիչները թերահավատ էին ԶՊՄԿ-ի բոլոր խոստումների նկատմամբ։ Նրանք ենթադրում են, որ ուսումնասիրությունը արվելու է գործող հանքավայրը մեծացնելու և պաշարների արդյունահանումն արագացնելու համար։ ԶՊՄԿ ներկայացուցիչները հերքել են՝ այս պահին զուտ պաշարների գնահատում են ուզում անել։
Բայց ԶՊՄԿ տնօրեն Ռոման Խուդոլինը ինքն է վերջերս հանքագործների հավաքի ժամանակ հայտարարել, որ Հայաստանում գործող հանքերը կսպառվեն մինչև 2038 թիվը և անհրաժեշտ է նոր պաշարներ փնտրել։ Խուդոլինը կոչ էր արել Կառավարությանը զբաղվել նոր երկրաբանական հետազոտություններով՝ ասելով, որ դա մասնավոր ընկերությունները չեն կարող անել։ Ըստ նրա, վերջին 10 տարում ոչ մի լուրջ ուսումնասիրություն չի արվել։ Նույն ֆորումի ժամանակ Ամուլսարի (դեռևս չգործող) հանքի տնօրեն Հայկ Ալոյանն էլ կոչ է արել չսպասել մինչև 2038 թիվը և արագացնել հանքերի շահագործումը, քանի դեռ պղնձի ու ոսկու գները բարձր են։
ԶՊՄԿ ներկայացուցիչներից մեկն էլ նոր հորատումներ սկսելու հարցով հանրային լսմանը հայտարարել է, թե ԶՊՄԿ-ն փաստորեն սեփական «ռեսուրսներն է ներդնում» պետության գործը անելու համար։
Քննարկվել է նաև փոխհատուցումների հարցը։ Թեև ընկերությունը խոստանում է, որ կփոխատուցի տեղացիներին, որոնց հողում գործ է նախատեսում անել, դահլիճում ներկաներից Կարեն Մովսիսյանը նշել էր, որ իր այգիներն օգտագործելու համար ԶՊՄԿ-ն չի փոխհատուցել իրեն։ «Տաս օր պադրյադ իմ ութանասուն տարեկան մերը ժամերով կանգնում է ուպրավլենու հայաթում, պարոն Նիկողոսյանը տաս րոպե ժամանակ չունի նրան լսելու», – ասել է նա։
Կոմբինատի ղեկավարության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը դահլիճից պատասխանել է՝ Կարեն Մովսիսյանը սեփականության վկայական չի ունեցել, հետևաբար այդ հողը պատկանում է ԶՊՄԿ-ին։ Մովսիսյանին, ըստ նրա, առաջարկվել է որոշակի գումար, որին նա չի համաձայնվել։
ԶՊՄԿ-ի պատրաստած պրեզենտացիայում պարզ երևում է՝ հորատման համար հայցվող 434 հեկտարը ներառում է նաև Քաջարան գյուղը և տեղացիների սեփական հողերը։
Քաջարանցի Արմեն Գևորգյանը դժգոհել է. «Դուք մեր բնակավայրը արդեն դիտարկում եք որպես հանքավայր»։
Համայնքի վարչական ղեկավար Ռաֆիկ Աթայանը Epress.am-ին պատմել է, որ ոչ ինքը, ոչ համագյուղացիները հանրային լսմանը մասնակցելու ծանուցումներ չեն ստացել, վերջին օրն են իմացել լսումների մասին։ Քարտեզից են իմացել, որ իրենց գյուղը ամբողջությամբ ներառված է հորատման ենթակա տարածքի մեջ։
Աթայանն ասում է, որ գյուղում ապրում է 110 ընտանիք՝ մոտ 300 բնակիչ։ Մեծ մասը աշխատում են հանքում և զբաղվում են գյուղատնտեսությամբ, բոլորը դեմ են «հանքին հող վաճառելուն»։
«2012-ին էլ են փորձել մեր գյուղում հորատում անել, դեմ ենք եղել։ Գյուղի հողերը ճանաչել են արդյունաբերական նշանակության՝ հանրային շահի անվան տակ։ Չենք թողել, հիմա էլ չենք թողնելու», – ասել է նա։
Հանրային լսման ժամանակ Քաջարան խոշորացված համայքնի ղեկավար Մանվել Փարամազյանը խնդրել է, որ ԶՊՄԿ-ն փոխի հորատումների քարտեզը, հանի դրանից գյուղին պատկանող մասը, դրանից հետո միայն հրավիրի նոր հանրային լսումներ։