Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) շարունակում է պատժել փետրվարին հանքում հայտարարված գործադուլի մասնակիցներին։ Ընկերությունը մայիսի 5-ին հայց է ներկայացրել Սյունիքի դատարան՝ գործադուլի մասնակիցներից ութի դեմ և միջնորդել մոտ 4 միլիարդ 758 միլիոն դրամի կալանք դնել նրանց գույքի ու հաշիվների վրա՝ որպես ընկերության կրած վնասի փոխհատուցում։ Սյունիքի դատարանը կալանքի միջնորդությունը բավարարել է մասնակի՝ միայն գույքի վրա։
Սա ըստ էության հակըննդեմ հայց է. աշխատանքից ապօրինի հեռացված ութ գործադուլավորները ԶՊՄԿ-ին են դատի տվել ապրիլին՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքի։ Ընկերությունը նրանց հեռացրել էր աշխատանքից գործադուլի ընթացքում, ընդ որում՝ ութ աշխատակիցներց երեքը գտնվում էին արձակուրդում, մեկը՝ արհմիության անդամ է։ Հիշեցնենք, որ գործադուլը դադարել էր փետրվարի 11-ին, քանի որ ԶՊՄԿ ղեկավարությունը, ԱԺ պատգամավորների (քպ-ական Նարեկ Ղահրամանյան, Արմեն Խաչատրյան) և Արհմիությունների կենֆեդերացիայի նախագահի միջնորդությամբ, խոստացել էին, որ ոչ ոք չի պատժվելու գործադուլի համար։ Ընկերությունը նաև խոստացել էր, որ աշխատավարձը կբարձրացվի ու պայմանները կբարելավեն։
ԶՊՄԿ-ից հեռացված աշխատակիցների փաստաբան Հրայր Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ կալանքի որոշումով փաստորեն վիժեցվել է բանակցային գործընթացը։ Մինչ մայիսի 5-ին ԶՊՄԿ-ն դիմել է դատարան էլեկտրոնային եղանակով, մայիսի 6-ին այն սկսել էր բանակցել հեռացված աշխատողների հետ. խոստացել էին, որ հեռացված աշխատակիցները կստանան միջին աշխատավարձի 12-ապատիկը և հաշտություն կնքեն։ Այժմ հաշտության գալը անհնար է դառնում։
ԶՊՄԿ-ում գործադուլի մասնակիցներ դեմ կա նաև քրեական հետապնդում։ Փաստաբան Հրայր Խաչատրյանը դիմել է քննչական՝ կարճելու ԶՊՄԿ-ի դիմումով քննություն, քանի որ քննչականը աշխատանքային վեճերի լուծման մարմին չէ։ Քննիչը միջնորդության քննությունը հետաձգել է։ ԶՊՄԿ-ում աշխատում են մոտ 4600 մարդ, կան բազմաթիվ վկաներ, քննությունը կարող է տևել 5-6 տարի։ Գործադուլին մասնակցել է 2448 մարդ։
«Հաշտության նախապայմաններից մեկը եղել է, որ, օրինակ, ես որպես փաստաբան հրապարակումներ չանեմ, ես գործադուլի ժամանակ գրել եմ աշխատանքային իրավունքների մասին։ Մենք համաձայնել են նաև նման պայմանների։ Քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է։ Չի բառացվում, որ ինչ որ մեկի դեմ մեղադրանք առաջադրվի։ Քրեականի առանձնահատկությունն էն է, որ մարդկանց ասում են՝ խոստովանական ցուցմունք գրի։ Եվ եթե ինչ-որ մեկը վախենա ու գրի, ցուցմունքը կարող է օգտագործվել մյուսների դեմ»,-ասել է Խաչատրյանը։