Home / Համայնքներ / Կիրանցը շահել էր, Բերքաբերը՝ տուժել, Իջևանում չեմ հիշում, երբ եմ եղել

Կիրանցը շահել էր, Բերքաբերը՝ տուժել, Իջևանում չեմ հիշում, երբ եմ եղել

Անտոն

Իջևանում նախորդ անգամ չեմ հիշում երբ եմ եղել, կարելի ա ասել՝ չեմ եղել երբեք։ Առաջին երեք անգամը Իջևան պիտի գնայի անկախ իմ կամքից։ Գուբախտ էին բերում Կողբի զորամասից, քանի որ նոր կոմբատը որոշել էր դիրքերում մառոզ-տերևաթափ անել։ Տենց պոստ չկար, որ գոնե մի-մի հոգու նկատողություն կամ գուբախտ, կամ չռփոց, նարյադ, մի կարգապահական պատիժ չհասներ։ Ես դիրքի ավագն էի, կամաց-կամաց հասել էինք խելամտության և զինվորական ուստավի արանքում գոյակցելու բալանսին։ Պոստերում շոգ էր, խրամուղին ու յաչեյկեքը բավականին խորն էին, հեռավորությունը մինչև ադրբեջանական հենակետեր՝ մոտ 600-700 մետր, դիրքերի արանքում խաղողի այգիներից մնացած վայրիացող բերքն էր, սյուներ, աղբյուր ու աղբ։ Քանի որ իրոք շոգ էր, կասկա ու բռոնիկ չէինք հագնում։ Մասնավորապես որովհետև գիտեինք՝ պիտի ստուգում լինի, իսկ ստուգողներին հետաքրքրում է մենակ մաքրությունը, նոր կրակակետ ավելացնելը, դզոտի գլուխը ճիմով ծածկելը, կանոնագրքից անգիր ասելը։ Երկու նոր կրակակետերն կահավորել էինք, ճիմը փռել էինք, ուբոռկա էինք արել, կասկան-բռոնիկը հագել էինք վերջում։ Ստուգողներն ավելի ուշ եկան։ Ասում ա՝ քրտնած չեք, ուրեմն նոր եք բռոնիկ հագել։ Այ պարոն մայոռ, իհարկե նոր ենք հագել, բա հո կասկեքով չէինք ավել անելու։ Կրակակետերի համար՝ շնորհակալություն, բռոնիկների համար՝ գուբախտ։ Բայց հերթափոխն ավարտելուց հետո։

Իջանք դիրքերից։ Հարաբերություններ կարգավորելու համար բոլորը ծանոթ-բարեկամ էին խառնում։ Մարդ կա՝ կամբատից ա ներողություն խնդրում, մարդ կա՝ պալկայի հետ ա լեզու գտնում։ Ես դրանցից ոչ մեկի ձևը չունեմ։ Օքեյ, մի շաբաթ գուբախտ։

Ինձ ու իմ պես երկու անճարի տանում են Իջևան։ Հասանք, կոֆե խմեցինք ուղեկցողների հետ։ Պարզվեց, որ գուբախտում նոր-նոր հաղթահարել են ոչիլի էպիդեմիան, հազիվ են պրծել։ Մեր տղերքից մեկն էլ, ցավը տանեմ, էնքան էլ մաքրասեր չէր, ոչիլներին հետն էր բերել Իջևան։ Ասում էր, որ հատուկ ա արել։ Չեմ ժխտի՝ նա գուցե ամբողջ կյանքն էր պատրաստվում այդ օրվան։ Մեզ ղրկեցին հետ՝ մաքրվելու։ Նավսյակի որոշել էին նոր մարդ չընդունել։

3 օրից նորից տարան։ Ոչլոտ ախպերն էդ ընթացքում ինչ-որ հոպար գտավ, որի ընկերը մեր ճաշարանի համար թե մի բան բերող էր, թե մի բան տանող, նա էլ փաստորեն խնդրեց, որ չպատժեն մեր տղուն։ Երկրորդ անգամ գնում ենք ոչ թե երեքով, այլ արդեն երկուսով։ Հասնում ենք Իջևան, կոֆե ենք խմում նույն ապառատից, մտնում ենք գուբախտ։ Արա լավ, ի՞նչ ա նշանակում տեղ չկա, տղերք ջան, բա խի՞ չէիք հարցրել բերելուց առաջ։ Մեր սպայակազմի կազմակերպչական հմտությունները ոչ մի բանի չէին հերիքում։ Պերաշկի կերանք, քանի որ բաց էինք թողել ճաշարանի ժամը։ Վերադարձանք։

Մի քանի օր էլ անցավ։ Նոր հերթափոխի տասովկեքն են սկսվում՝ փող գցվել, առևտուր անել, մարդ խառնել, փորձել անձնակազմի շահեկան փոփոխություններ անել, ուղղակի պատրաստվել՝ զենք, պատրոն, նռնակ, բռոնիկ, կասկա, պլաշ-պալատկա և այլն։ Մեր հենակետը դասակի հրամանատարի լռվցնելու տեղն էր։ Միակ կարևոր բանը, որ նա արել իմ ծառայության ժամանակ, մի տարի առաջ էր։ Կանգնեցրեց ինձ, երբ որ զենքը ձեռքիս դուրս թռա բլինդաժից․ արթնացել էի նրանից, որ մի տավարի ցավ ուրիշներին ուրախացնելու համար ինձ բռնաբարելու իմիտացիա էր անում։ Դասակի հրամանատարը համոզեց, որ զենքը ռազրիժատ անեմ ու տամ իրան։ Ապրես, Եփրեմյան, ոչ մեկին չկրակեցի։

Կարճ ասած, Եփրեմյանը վերջապես ջոկեց, որ եթե ինձ ուղարկեն գուբախտ, ինքը ստիպված պիտի գործ անի։ Երրորդ անգամ ինձ Իջևան էին տանում մենակով․ անցած մի քանի օրերի ընթացքում տղերքից էն մեկն էլ էր հասցրել տասովկա տենալ, որ պատիժը անժամկետ հետաձգվի։ Ուղեկցողներն ու ես ճամփին էինք, Նոյեմբերյան չհասած զանգեցին չաստից, որ հետ կանչեն։ Կամբատը որոշել էր, որ Եփրեմյանի հետ դիրք հելնելն ինձ համար ավելի լավ պատիժ կլինի։ Էդ հերթափոխին իմացա, որ Եփրեմյանին կարող էի տեսնել մի երկու տարի շուտ՝ 2008 թվի մարտին, Երևանի կենտրոնում, ացիպլենիում կանգնած։ Չհանդիպեցինք, որովհետև ոստիկանական բաժանմունքում ծեծ էի ուտում էտ օրերին։

***

Էս անգամ հասա Իջևան լրիվ բարեհաջող։ 2025-ի մայիս, եղանակը՝ մեղմ, բարեխառն։ Գնում ենք ռեպորտաժ անելու։ Հին պերաշկիանոցը էլ չկա, բայց ռազմական ոստիկանության շենքը նույն տեղում ա։ Կողքը թաքնված ա գուբախտը։

Սպասում եմ Իջևանի կենտրոնում։ Աղստև գետի ափերին՝ 500 մետր շառավիղով, ավտոկայանն ա, շուկան, քաղաքապետարանը, ոստիկանությունը (նաև ռազմական), փոստը, մի քանի նոր սրճարաններ, կոֆեի ապարատներ, քյաբաբնոց, մշակույթի տուն, սպասող տաքսիստներ։ Իջևանը ձգտում է դառնալ Դիլիջան։

Սպասում ենք, որ գնանք Բերքաբեր ու Կիրանց՝ Տավուշ-Ղազախ դելիմիտացված սահման։ Մտածում ենք մտնել նաև Ազատամուտ ու Կայան։ Իջևանից Բերքաբերի ուղղությամբ կես ժամը մեկ երկու գազել ա գնում։ Մեկը մտնում ա գյուղ, մյուսը՝ անցնում դեպի գյուղ տանող խաչմերուկի կողքով։ Մարդ ա 200 դրամ։ Լավ ա աշխատում ներհամայնքային մաշված տրանսպորտը։ Ինձնից ու վարորդից բացի՝ գազելում տղամարդիկ չկան։ Տենց էլ չհասկացա՝ Հայաստանում տղամարդիկ ոնց են տեղաշարժվում։ Երևի մեքենա ունեն կամ ամաչում են ցույց տալ, որ չունեն։

Զառա

Անցնում ենք Իջևանի Բենտոնիտ կոմբինատի կողքով։ Եթե Կրիվոյ մոստից թեքվենք աջ, կմտնենք Ազատամուտ և Կայան։ 

Իջևանը Շամշադինին կապող մայրուղին անցնում է այստեղով՝ Ազատամուտի կողքով, ադրբեջանական Սոֆուլու և Բարխուդարլու անկլավների տարածքով, Կայանի միջով։ 

Ազատամուտը քաղաքային տիպի ավան է, ունի բարձրահարկ շենքեր, փոքր հրապարակներ։ Կառուցվել է 1970-ին, սպասարկել է բենտոնիտի գործարանը, Ազատամուտ է կոչվել 11-րդ Կարմիր բանակի պատվին, որը 1920-ի նոյեմբերին Ադրբեջանից մտել է Հայաստան հենց այս տարածքով։ Տավուշի սահմանից սկսվել է Հայաստանի խորհրդայնացումը։

Ազատամուտցիներն ամենաշատը կարոտում են սովետական Բենտոնիտը։ Իջևան-Բաքու գնացքն ու Իջևան-Ղազախ մայրուղին անցնում էին այստեղով։ Քանի երկաթգիծը կար, կոմբինատը արտադրանք էր տալիս և ապահովում մոտ երեք հազար աշխատատեղ։

Սովետական Միության փլուզումից հետո գնացքը կանգնեց, ավանը դարձավ գյուղ։ Բայց Ազատամուտում ապրող մարդիկ իրենց գյուղացի չեն համարում։ Նրանք չունեն հող և այգի, չեն զբաղվում գյուղատնտեսությամբ կամ անաստապահությամբ, այլ գնում են խոպան կամ աշխատում են կոմբինատից մնացած ցեխերում, կամ ֆուտբոլ են խաղում Բենտոնիտ ակումբում, կամ պահակ են աշխատում Գրանդ Քենդիի նոր պահեստում, կամ բանվոր՝ ծխախոտի արտադրամասում, պայմանագրային զինծառայող, ուսուցիչ, բժիշկ պետական հիմնարկություններում։ Հարևան Կայանն էլ սովորական կայան է՝ փոքր բնակավայր կարևոր մայրուղու կողքին։

Իջևան-Բերդ ճանապարհը, էլեկտրական ցանցերն ու կապի մալուխները ձգվում են ադրբեջանական անկլավների միջով։ Սոֆուլուն և Բարխուդարլուն Հայաստանի վերահսկողության տակ են անցել 1990-ականների սկզբին։ Բնակչությունը փախել է, տներից մնացել են մենակ հիմքերը։ 2020-ից հետո Ադրբեջանն անկլավները վերադարձնելու պահանջ է դրել։ Հայաստանը առաջարկել է փոխանակել Արծվաշենի հետ։

Ազատամուտի հենց առաջին բակում մեզ բացատրում են, որ անկլավները ստեղծվել են 1930-ականներին, իբրև թե Սովետի ժամանակ կար հատուկ ծրագիր՝ կղզիներ սարքել հարևան հանրապետությունների խորքերում, միջպետական ճանապարհներին կամ կարևոր օբյեկտների վրա։ Բայց Սոֆուլուն ու Բարխուդարլուն – հայկական Արծվաշենի պես – կղզիացել են դեռ Սովետից առաջ։ Հայաստանի կազմում դրանք երբեք չեն եղել։

Խորհրդային մարդու համար ներքին սահմաններ չկային։ Սոֆուլուից գնում էին Ղազախ կամ Արծվաշենից գալիս Ճամբարակ առանց ճանապարհի պատկանելիության մասին մտածելու։ Սահմաններն ի հայտ եկան 90-ականներին, որ փակվեն․ միջհամայնքային ճանապարհները հիմա կտրված են խրամատներով, ականներով, փշալարերով, դրոշներով։

Եթե անկլավները վերադարձվեն, Շամշադինը կզրկվի դեպի Իջևան կարճ ճանապարհից, կմեկուսացվեն մի քանի գյուղեր։ Բայց ո՞նց է դա լինելու։ 

Որ էտի տան, ստեղ ահագին դժվարություններ կլինեն։ Դա կղզի ա։ Իրանք պիտի մեր տարածք գան, մեր տարածքից պիտի մտնեն։ Բայց դա հիմա մենակ խոսակցություններ են։ Ոչ մեկ չգիտի՝ ոնց, ինչ։ Մարդիկ զուտ խոսում են։ Նամանավանդ 5-րդ ալիքը․․․ Չափազանցացված մի բան ա ասում, ժողովրդի մեջ պանիկա ա գցում, բայց հլա որ ոչ մեկ ոչ մի բան չգիտի՝ ինչ կա, ինչ չկա, ոնց պիտի սա լուծվի։

— Ստեղից 3 կիլոմետրի վրա մի հատ գյուղ կա։ Մենք ո՞նց տենք գնալ էտ գյուղը բա։ Էս 3 կիլոմետրը ո՞նց տենք գնալ։ Գնալ տենք քոլերով գանք, իրանք էլ ստեղ արխային ֆռֆռա՞ն։ Չեմ հասկանում ես՝ ոնց կլինի դա։ Մենք չենք կարա նրանց մեջով գնանք։ Նրանք լկստված են, աներես են, նրանք կգան։

— Ընդամենը մի կիլոմետր ա էտ արանքը։ Էտ մի կիլոմետրի խաթեր մենք պետք ա գնանք, կողքի գյուղի անտառներով էն գյուղը հասնենք։ Ընդամենը էտ մի կիլոմետրի խաթեր։

— Էս հայերը գետից էն կողմի վրա հողամասներ ունեն։ Այգեհովիտ գյուղը ընդեղ հողամասներ ունի։ Խածյա բի փոխանակեն էտ հողամասների հետ։ Մենք գետի հոլի հողերը չվերցնենք, էս ճամփեն ազատ մնա, որ ժողովուրդը կարենա գնա-գա։ Հո մենակ մենք չենք, Բերդի ճանապարհն էլ ա ստեղով անցնում։

Շամշադինում ուզում են, որ սահմանները նորից բացվեն։ Ազատամուտում նախընտրում են, որ ոչ մի բան չփոխվի։ Ոչ ոք չի խոսում՝ ինչ է լինելու խաղաղությունից հետո, որովհետև պարզ է՝ չի լինելու այնպես, ինչպես 87 թվականին են։ 

***

Գալիս ենք Կիրանց-Բերքաբեր-Ոսկեպար։ Հայ-ադրբեջանական սահմանի նմուշային դելիմիտացիան սկսվեց անցած տարի՝ Տավուշի հենց այս հատվածից։ Ադրբեջանական 4 գյուղերի տարածքներից դուրս բերվեցին հայկական հենակետերը, Տավուշ-Ղազախ նոր սահմանին կանգնեցին սահմանապահներ, դրվեց փշալար, կառուցվեց պատ։ Տարածքները, որոնցով անցնում էին հայկական միջպետական մայրուղին և ադրբեջանական միջհամայնքային ճանապարհները, անժամկետ փոխանակվեցին։

Տեղի արքեպիսկոպոսի և տավուշցի դաշնակցականի գլխավորությամբ Կիրանցում եղավ փոքր բունտ, որը շուտով մարեց։ Նոր սահմանի մյուս կողմում հայտնված գույքի համար տվեցին մեծ փոխհատուցումներ։ Գյուղացիներից մի քանիսը հարստացան, մի քանիսը նեղացան, մեծամասնությունը հոգնեց։ 

— Հենց էս պատի հետևը եղել ա խնամուս տունը։ Դա հիմնահատակ քանդել են։ Իսկ էն մեկն էլ բաջանաղիս տունն ա եղել։ Ըտեղ նաև վագոն-տնակ ա եղել ու մի հատ խադավիկանոց։ Դրանք էլ են մնացել իրանց։

— Էտ Նիկոլայ կոչվածին զանգին, ասեցին, որ էս գյուղն անկոտրում ա, սրանց դեմը խաղ չկա։ Ու ի՞նչ արին, ախպեր։ Դրին ու սկսեցին փոխհատուցել։ Հարց եմ տալիս՝ եթե մի հատ վագոն-տնակի համար 120 հազար դոլար են տալիս, դու խաղ ես անո՞ւմ 120 հազար դոլարի հետ։ Վագոն-տնակ ա ընդամենը․ մի հատ վագոն ա դրած, դեմն էլ մի 50 հատ տուֆով պատած թեթև կուխնյայատիպ բան ա սարքած։ Էտ ո՞նց եղավ, որ պատի էն կողմում մնացած մի հատ վագոնին տվին 120 հազար դոլար փող։ Էտ 120 հազար դոլարով դու կգնաս Երևան, Հյուսիսային պողոտայում քո ուզած տունը կառնես։ Ճի՞շտ ա։ Բայց էկան էտ քոսոտ դոմիկին էտքան տվին։ Էն վագոնին էլ (մի հատ վագոն կար ստեղ դրած, որպես խանութ էին աշխատացնում) 50 հազար դոլար տվին։ Ի՞նչ ա նշանակում դա։ Վագոնին մարդ կարա՞ 50 հազար տա։ Ես էտ 50 հազարով կգնամ Իջևանում երկու հատ կվարտիրա կառնեմ։

Կիրանցում հարցազրույց տալ ոչ ոք չի ուզում։ Ասում են, որ համայնքը պառակտվել է փոխհատուցումների և ընդդիմության ցույցերի պատճառով։ Կիրանցում նոր դպրոց ու ֆուտբոլի դաշտ են սարքել։ Բայց գյուղացիները զրկվել են արոտավայրերից։ Բողոքել էլ չի լինում։ «Քարտեզով ադրբեջանական տարածքներ էին, բայց պատմական առումով հարյուր տոկոս հայկական են», – ասում է մեր զրուցակիցը։

— Ինչ էս սահմանազատումը եղել ա, լրագրողները լցվել են։ Դրանից առաջ լրագրողը վաբշե գեղի վրա չէր գալիս։ Բայց ինչ էս սահմանազատումը եղել ա, լրագրողները մեր գեղը խեղդում են։ Էնքան ա փող աշխատեն էլի։

Քաղաքականությունից ուզում է խոսել միայն նոր դպրոցի պահակը։ Նա կիսվում է մեզ հետ փրկության սցենարներով։ Անցած ամիսների ընթացքում մասնագիտացել․

— Ինչքան մեր գյուղը լրագրող ա եկել, ես սաղին էլ ինտերվյու եմ տվել։ Կարող ա ինձ տեսած լինես։ Ես շատ եմ ինտերվյու տվել։

— Հմի օրենքն իրանց ձեռքն ա, ախպեր։ Սա Նիկոլի թիվն ա, ցավդ տանեմ։ 

— Ստեղ ոչ մի բան չի արվել օրինական, լրիվ արվել ա անօրինական, ստեղ ինչ որ տենում ես՝ լրիվ ապօրինի ա։

Բերքաբեր գնալու համար պետք է մեքենա ստոպենք Սբ․ Մարիամ Աստվածածին մատուռի մոտից։ Բայց Բերքաբեր գնացողներ չկան։ Երկար սպասելուց հետո կանգնում է տեղացի պայմանագրայիններից մեկը։ Իմացանք, որ գյուղը նոր են ասֆալտապատել։ Առաջ խմելու ջուր չկար։

— Ջողազի լիճն ա էտի։ Էն էլ Օդընդաղ սարն ա։ Էտ բարձունքը մինչև գլուխը եղել ա հայկական հող։ Մինչև 92 թիվը։ 92 թվին՝ կռվի ժամանակ, մերոնք գրաված են եղել մինչև ըտեղ, մեր տիրապետության տակ ա եղել։ Վերջը հետնահանջ են տվել ու տվել իրանց։

— Ջողազի ջրամբարի մի մասը իրանց տիրապետության տակ ա հիմա, մի մասը՝ մեր։

— Հաղարծինը եղել ա Գագիկ Թագավորի նստավայրերից մեկը։

— Ալեքսանդր Պուշկինը ստեղով անցել ա, էս քարը իրա պատվին են դրել։

— Ընդհանրապես պատերազմից հետո կրակոցներ չեն եղել ստեղ։

— Ճիշտ ասած, Փաշինյանի ընտրվելուց հետո ճանապարհը սարքեցին, գյուղամիջյան ճանապարհները սարքեցին։ Առաջ ճանապարհ չկար ընդանրապես։ Ահագին փոփոխություններ եղել են։

— Գազաֆիկացվել ա [գյուղը], բայց հլա չեն միացրել [տներին]։ Նոր են տրուբեկը քաշել։ Ջուր են ուզում քաշել համ էլ։ Խմելու ջուրը գյուղում մի քանի տեղ ա դրված ընդամենը, տներում չկա։ Հիմա տների համար էլ են ուզում քաշեն։

— էս [16 միլիոն դրամի սուբսիդիոն] ծրագրով թազա տներ են սարքում, մի հարյուր քանի հատ տուն են սարքում, դեռ պատրաստ չկա, որ ապրեն։ Որ ապրելու ենթակա լինի, կհասկանանք՝ քանիսն են ապրում, քանիսը չէ։ Բայց վատը էն ա էտ ծրագրի, որ բանկերում խնդիր ունենալու դեպքում չեն տալիս, չեն տրամադրում։ Էսօր քյասիբ մարդն ա, որ բանկում խնդիր ունի։ Այսինքն՝ եթե ես քյասիբ եմ, բանկում խնդիր ունեմ, ինձ չի հասնում, իսկ էն ով հարուստ ա ու բանկում խնդիր չունի, իրան հասնում ա։

Ջողազի ջրամբարի մասին ավելի ուշ խոսեցինք նաև երևանցի փորձագետի հետ․

— ԽՍՀՄ ժամանակ մեր ջրամբարների մեծ մասը գտնվել են հայ-ադրբեջանական սահմաններին, չգիտեմ ինչի համար։ Հայաստանը պոմպերի միջոցով է ոռոգման ջուրն օգտագործել, իսկ Ադրբեջանը՝ ինքնահոսով։ Կիրանցի ջրամբարն էլ էր էտ վիճակում մինչև ԽՍՀՄ-ի փլուզվելը․ պոմպակայան կար, էտ պոմպակայանով ջուրը բարձրացվում էր, դրա հաշվին մոտավորապես 5-6 գյուղեր էտ տարածաշրջանում ոռոգման ջուր ունեին։ ԽՍՀՄ փլուզումից հետո ամբողջ պոմպակայանը թալանվեց։ Մնաց մենակ հին քանդված շենքը։ Պատերազմից, սահմանային էտ կռիվներից հետո ամեն ինչ մնաց էտ վիճակում, և հիմա դա հնարավոր չի օգտագործել։ 

Բերքաբերի հրապարակում հավաքված տղամարդիկ գոհ են սահմանազատումից։ Ավագ սերնդի ներկայացուցիչները վստահ են, որ Կիրանցի միտինգները բեմադրվել են դաշնակների կողմից։

— Ասում ա՝ Տավուշի 4 գյուղը տվել են Ադրբեջանին։ Տո խի՞ եք հիմար-հիմար դուրս տալիս, ես չեմ հասկանում։ Տավուշը Ղըզըլհաջիլի անվամբ, Տավուշը Խեյրիմլի անվամբ, Տավուշը Աշաղը Ասքիփարա անվամբ գյուղեր ա ունեցե՞լ։ Ո՛չ։ Իրանց գյուղը չի եղե՞լ։ Իրանց գյուղն է եղել։ Բա խի՞ եք ստից խոսում։ Էտ անպոզները այ տենց ժողովրդի մեջ նիդառազումենի են գցում, ժողովրդի մեջ հրահրոց են գցում, ինչ ա թե 26 թվականը մոտենում ա։

Սարիգյուղցի մեր ընկերները տրամադրությունների տարբերությունը բացատրում են այսպես․ 90-ականների պատերազմից հետո Կիրանցը շահել է ադրբեջանական տարածքների կլանումից, իսկ Բերքաբերը՝ տուժել հայկական հողերի կորստից։ Դելիմիտացիայից հետո կիրանցիները զրկվել են արոտավայրերից։ Իսկ բերքաբերցիները հույս ունեն, որ 90-ականներից օկուպացված իրենց հողերը շուտով կվերադարձվեն, իսկ եթե որոշում կայացվի դրանք փոխանակել՝ պետությունը կփոխհատուցի գյուղացիներին։