Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ ինչպիսին էլ լինի սահմանազատումը Ոսկեպար-Կիրանց հատվածում, սահմանը անցնելու է նույն ուրվագծերով, ինչ ներկա գործընթացի պարագայում: Ուրիշ սահման այդ շրջանում չի եղել ու ուրիշ սահմանազատման սկզբունքներ հետխորհրդային երկների միջև իրականացված օրինակները չգիտեն:
Հետևաբար, Կիրանցի բնակիչները առնչվելու են նույն խնդիրներին, որոնք կան հիմա, լինի այդ ընթացքը մեկ, տաս, քսան կամ ավելի տարի հետո: Ու փոխարենն այդ խնդիրների լուծումները առաջարկվեն, մարդկանց հիմնավորված մտավախությունները ու դժգոհությունը օգտագործվում է իբր Հայաստանը փրկելու, արժանապատիվ խաղաղության և այլ աբստրակտ ու լոզունգային խոսույթները սպասարկելու համար, որոնք հիմնված են ավանդական հասարակություններին այդքան բնորոշ «փրկության» ու հերթական «վերջնական» լուծումների տրամաբանության վրա:
Կիրանցի համար բոլոր այս լուծումները լավագույն դեպքում տալու են նույն արդյունքները, բայց, անկասկած, հայրենիքը փրկվելու է: Կան, իհարկե, ավելի բարդ ու ավելի սոփեստիկ լուծումների առաջարկներ կամ ֆորմալիստական քննադատություն, բայց դրանք բոլորը նույնպես զրկված են կոնկրետությունից և ընդհանուր են, բոլորի հիմքում «մոտավոր» պատկերցումներն են, ինչպես նաև իրականության նկատմամբ որոշակի նորմատիվ պահանջներ՝ շրջադարձ ինչ-որ ցանկալի կետի ու իրավիճակի (տարբեր, բայց միշտ աբստրակտ ձևակերպումներով, սուբստանցիոնալ եզրույթներով, որոնք բացատրության կարիք չունեն և ենթադրաբար հասկանալի են բոլորին) ու սպեկուլյատիվ թեզերը, որոնք տրամաբանական ու տեղին են հնչում, բայց միայն այդ աբստրակտ դաշտում:
Հրդեհի պայմաններում դրանց ակտուալությունը նման է մի լուծումի, երբ դու կանգնես հրդեհի կողքին ու հաշվես, քանի լիտր ջուր ու քանի հրշեջ են պետք այն մարելու համար, մինչդեռ մոտակայքում ոչ ջուր կա, ոչ էլ հրշեջ:
Քաղաքական պայքարը հայկական քաղաքական միտքը պատկերացնում է միայն փրկության ու ազգային-ազատագրական շարժման տրամաբանությամբ, այսինքն՝ միշտ տալիս է հարցին էսխաթոլոգիական բնույթ: Հենց դա է պատճառը, որ կաևոր են էմոցիաները, խորհրդանիշները, այլ ոչ թե լուծումների էֆեկտիվությունը: Քայլը ինքնարժեք է, եթե ունի որոշակի էթիկական բովանդակություն ու, ենթադրաբար, նաև բերելու է անխուսափելի դրական արդյունքի: Հայոց պատմությունը հիմնականում հայոց պատմությամբ հետաքրքրվող այդ մարդկանց համար միայն որոշակի մսաղացի նեղ անցքերով անցած մի քանի օրինակների պահարան է:
Ադոնցի հայտնի մամիկոնյաններ-բագրատունիներ երկըտրանքի մեջ նրանք միշտ ընտրում են մամիկոնյաններին, սակայն զինելով նրանց ոչ թե ժամանակին հարիր զենքով (ի վերջո, կարևորը ոգին է), այլ նախնիների ոսկորներով ու միջնադարյան անշունչ ու անճար խորհրդանիշներով: Նրանք գիտեն ու հաճախ բերում են Սարդարապատի օրինակը, բայց հիմնականում լռում են ավելի մեծ ծավալների ու թեժության Ղարաքիլիսայի մասին, որովհետև այնտեղ արդյունքն այլ էր:
Իհարկե, նման մտածելակերպը վերագրում է անհաջողությունները նույնպես բարոյական գործոններին՝ դավաճաններին, հակազգային տարրերին, «թուրքամետներին» և այլն: «Թուրքը» այդ սյուժեյում գլխավոր մոբիլիզացիայի գործիքն է, ու ինչքան շատ են նրանք փորձում վախեցնել «թուրքով», այնքան ավելի շատ են բարոյալքում մարդկանց և գովազդում «թուրքերին»: Նաև հիշելով պայքարի հաջող օրինակները, երբեք չեն մտածում հաջորդ քայլի մասին, կարծես դրանով ամեն ինչ ավարտվում է: Հերոսական Վանը 1915-ապրիլ-մայիսին ու նույն տարվա հուլիսին կամ 1918 թ., Շաքի-Շամախիի շրջանի մոտ 80 հազ. գրեթե իսպառ ոչնչացված հայության ճակատագիրը, կամ Բաքվի մարտերի, որոնք իրենց համառությամբ և հերոսական դրվագներով գերազանցում են 1918 թ. ցանկացած այլ ճակատամարտ: Բավական է այսօր ևս մեկ հաղթանակ տանել, ու վաղը բոլոր հարցերը լուծվելու են, արժանապատվությունը վերականգնվելու է, և մենք հասնելու ենք մեր վերջնական նպատակին՝ «թուրքի» դեմ կատարյալ հաղաթանակին:
Արդյոք հայոց պատմության մեջ քի՞չ են օրինակները, երբ հաղթանակներին հաջորդել են պարտությունները: Իսկ համաշխարհային պատմությա՞ն մեջ: Կամ հակառակը: Ու արդյո՞ք միայն ռազմական հաղթանակներն են եղել պետությունների զարգացման դրդապատճառը, այլ ոչ նաև պարտությունները ու դրանց պատճառները հասկանալու ու գիտակցելու փորձերը: Հաջորդ քայլի մասին մտածելը, իրականության բարդության ընկալումը, պետությունների հարաբերությունները ազգ-ամբոխների հարաբերություններին չխառնելը, ծանր պահերին սառը դատելը՝ այս ամենը «լևոնականութուն» է, զգուշավորությունը ու հաշվարկը՝ վախկոտություն: Հայաստանը հայտնվում է այս իրավիճակում ոչ առաջին անգամ ու ոչ էլ երկրորդ կամ երրորդ, ու ամեն անգամ նույն թեթևամտությունը, տգիտությունը ու իրականության գեղարվեստական ընկալումը բերում են նույն արդյունքների:
Ցանկացած խնդրի մասին մոտավոր, աղոտ, հակասական պատկերացում, բայց նույն հիմքի վրա միշտ «ազգանպաստ» լուծում, էմոցիաների մի այնպիսի փոթորիկ, որը անհնարին է դարձնում հենց նման պահերին այդքան հարկավոր ու արժեքավոր սառը դատողության ու ազատ հանրային խոսքի ու բանավեճի կարիքը չեն կարող ապահովել «ազգանպաստ» լուծում: Ու նաև քարոզչություն, ստեր ու ապատեղեկատվություն, երբ առանց այդ էլ խոցելի իրավիճակում գտնվող մարդիկ, որոնք, ասենք, ամբողջ կյանք օգտվել են Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Թբիլիսի մայրուղուց, մտածում են, որ Ոսկեպարի շրջանում այս գործնթացի արդյունքում կտրվելու է Վրաստանի ու Հայաստանի կապը, կամ որ հանձնվում են Տավուշի հայկական գյուղերը, կամ որ նույն համատեքստում իբր Ջիլիզա գյուղը, որը արդեն հայ-վրացական սահմանին է ու երբեք չի եղել վիճելի, հանձնվում է Վրաստանին և այլն:
Իրականության նման խեղաթյուրման արդյունքում մարդիկ պատրաստ չեն ընկալել բարդ լուծումները ու, քանի որ հեռանում են իրականությունից, նաև հետագայում ընդունակ չեն հասկանալ կատարվածի իրական պատճառները:
Սամվել Մելիքսեթյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի անձնական էջ