Հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիան կսկսվի Տավուշի հատվածից, սահմանազատման գործընթացում Երևանն ու Բաքուն առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։
Փոխվարչապետների գլխավորած՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների այսօրվա հանդիպման ընթացքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության տեքստը հրապարակվել է Հայաստանի արտգործնախարարության կայքէջում։
«Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ.
— Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
— Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ և պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
— Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
— Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
— Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով:
Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
— Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերը:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը», – ասված է հայտարարության մեջ։
2․5 գյուղ և կիսապաշտոնական քարտեզ
Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման՝ մեկնաբնել են Հայաստանի վարչապետի աշխատակազմից․
«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում», – պետական Արմենպրես լրատվական գործակալության հետ զրույցում ասել են Փաշինյանի աշխատակազմից։
Պաշտոնական այս մեկնաբանությանը կից Արմենպրեսը քարտեզ է հրապարակել, որում մանուշակագույն գծով ուրվագծված է սահմանի այս փուլում դելիմիտացվող հատվածը, իսկ նարնջագույն գծով՝ Խորհրդային Միության փլուզման պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը․
անբնակ, բայց մոտիկ
Շաբաթներ առաջ իշխանությունները ազդարարել էին սահմանազատման և սահմանագծման «գործնական փուլի մեկնարկը»։ Հաղորդվել էր, որ դելիմիտացիան սկսվելու է Տավուշից։
Բաքուն պահանջում էր իր վերահսկողությանը վերադարձնել 4 ոչ էքսկլավային գյուղերը՝ Աշաղ Ասքիփարայը (Ներքին Ոսկեպար), Բաղանիս Այրումը, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, որոնք Խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել, բայց 90-ականներից հետո հայտնվել են հայկական կողմի (մասնակի) վերահսկողության ներքո։ Հայկական կողմն այս պահանջի դեմ սկզբունքային առարկություններ չուներ։
Վարչապետ Փաշինյանը առաջին անգամ՝ մարտի վերջին, երկրորդ անգամ՝ նախօրեին, գնացել էր Տավուշի մարզի սահմանաներձ հայկական գյուղեր՝ տեղի բնակիչներին համոզելու, որ 4 գյուղերը չվերադարձնելու պահանջները կարող են հանգեցնել սահմանային մեծ լարվածության։
Թեև այս գյուղերը հիմնականում անբնակ են, դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Ոսկեպարից դեպի Նոյեմբերյան և Իջևան միջհամայնքային ճանապարհը և Հայաստան մտնող գազամուղը:
Հայաստանի վարչապետը հավաստիացրել էր՝ տեղյակ են լոգիստիկ խնդիրներից և ամեն ինչ կանեն դրանք լուծելու համար։
Միջպետական ճանապարհը շրջանցելու համար էլ նոր երթուղի էր պետք գցել կամ պայմանավորվել գործող երթուղուց օգտվելու, այդ հատվածը փոխանակելու շուրջ։ Փոխանակելու բան, թերևս, կա՝ հայկական այն տարածքները (Ջողազի ջրամբարից հյուսիս), որոնք հենց այս հատվածում գտնվում են ադրբեջանական զորքերի փաստացի վերահսկողության ներքո, նույնքան ռազմավարական նշանակություն ունեն Բաքվի համար։
4 գյուղերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչները ահազանգում էին՝ միջհամայնքային և միջպետական ճանապարհի մի մասն անցնում է այս գյուղերի տարածքով, դրանց վերադարձից հետո ադրբեջանական դիրքերը հայտնվելու են իրենց տներից մետրերի հեռավորության վրա։ Գյուղացիներն ընդհանուր առմամբ չէին վիճարկում, որ քննարկվող 4 գյուղերը Ադրբեջանի մաս են կազմել, բայց և անհանգստացած էին հնարավոր շրջափակմամբ և անվտանգային նոր ռիսկերով։
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը ստեղծված իրավիճակը տեղափոխել էր քարտեզի վրա․
քարտեզն ամբողջությամբ՝ հղումով
Կարմիրով ուրվագծված է հայկական խրամատների և հենակետների գիծը
Կանաչով ուրվագծված են ադրբեջանական խրամատներն ու դիրքերը
Արանքում այսպես կոչված չեզոք գոտին է՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև գտնվող (այդ թվում՝ անականապատ) տարածությունը, որի լայնությունը տատանվում է մի քանի տասնյակ մետրից մինչև 2 կիլոմետր։
Նարնջագույն գծագրով պատկերված են նախկին 4 գյուղերի բնակելի հատվածները (հյուսիսից հարավ և հարավ-արևելք)՝ 1) Բաղանիս Այրում, 2) Աշաղ Ասքիփարայ, 3) Խեյրիմլի, 4) Ղըզըլհաջիլի։
Ինչպես երևում է, Աշաղ Ասքիփարայի 3/4-րդը գտնվում է չեզոք գոտում։ Ղըզըլհաջիլին գրեթե ամբողջությամբ կա՛մ չեզոք գոտում է (փոքր մասը), կա՛մ ադրբեջանական խրամատներից այն կողմ (մեծ մասը)․ այս գյուղը լքվել է զուտ որովհետև մոտ է գտնվում շփման գծին։
Բաց կիսաթափանցիկ ֆոնով նշված է Հայաստանի Հանրապետության այն տարածքը, որը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո՝ Ջողազի ջրամբարից հյուսիս։ Դատելով իշխանությունների մեկնաբանություններից՝ այս տարածքի վերադարձի շուրջ համաձայնություն չկա։