Բաքուն պահանջում է Երևանից «անհապաղ ազատել» Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս ոչ անկլավային գյուղերը։ Հայտարարությունը հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին։
«Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարայը, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, որոնց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում, ենթակա են անհապաղ ազատման», – հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը։
Ադրբեջանի պահանջած այս տարածքները հիմնականում անբնակ են, դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը և Հայաստան մտնող գազամուղը:
Նախքան սահմանազատման հանձնաժողովներ հանդիպումը Հայաստանի փոխվարչապետի գրասենյակից հաստատել էին՝ Բաքուն այս գյուղերն է պահանջում, բայց հրաժարվում է Հայաստանի տարածքից հետ քաշել իր զորքերը։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 5 մարզերի 31 բնակավայրերի տարածքները՝ ընդհանուր մոտ 200 քառակուսի կիլոմետր։ Հայաստանի փոխվարչապետի գրասենյակը հրապարակել է այդ տարածքների ցանկը․ դրանց մի մասը Ադրբեջանի տիրապետության տակ է անցել 90-ականներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մյուսը՝ 2021-22-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով։
Բաքուն օկուպացիայի փաստը չի ընդունում։ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի վերջին հայտարարության մեջ հայկական 31 բնակավայրերի օկուպացման մասին հայտարարությունները որակվում են որպես «անհիմն»։
Դեռ տարեսկզբին Իլհամ Ալիևն նախընտրական հարցազրույց էր տվել և հայտարարել, թե ադրբեջանական բանակը մտադիր չէ ետ քաշվել վերջին տարիներին Հայաստանից օկուպացված տարածքներից։ Հայաստանի վրա վերջին հարձակումները նա բնորոշել էր որպես «սահմանի ճշտում»։ «Իհարկե, մենք մեկ քայլ անգամ ետ չենք գնա թե՛ 2021-ի մայիսի, թե՛ 2022 սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ պետք է այդ սահմանը հաստատվի», – ասել էր Ադրբեջանի ղեկավարը։
Ոչ էքսկլավային 4 գյուղերից բացի՝ պաշտոնական Բաքուն բարձրացնում է նաև 4 անկլավների հարցը։ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի վերջին հայտարարության համաձայն, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու գյուղերը և Նախիջևանին սահմանակից Քյարքին (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն)։ ԽՍՀՄ օրոք դրանք, որպես անկլավ, համարվել են Խորհրդային Ադրբեջանի մաս։ Հայկական կողմն իր հերթին ունի Արծվաշեն անկլավը, որն Ադրբեջանն օկուպացրել է 90-ականներին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ անկլավ/էքսկալվների թեման քննարկման փուլում է, հստակ լուծում դեռ չկա։ Անկլավները կարող են վերադառնալ հարևան պետությունների վերահսկողության ներքո կամ փոխանակվել համաչափության սկզբունքով։ Փոխանակման վրա ի սկզբանե Երևանն էր պնդում։
տե՛ս Անկլավների փոխանակում․ ելնել տեղացիների շահերից
Հայաստանի արտգործնախարարը, մինչ այդ, նշել էր՝ պետք է ուսումնասիրվեն նաև անկլավների ծագման իրավական հիմքերը, սահմանազատման հանձնաժողովները դեռ պետք է զբաղվեն այդ հարցով։ «Խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների մասին հիշատակում առհասարակ չկա», – հավելել էր Արարատ Միրզոյանը։
Երեկ հրապարակված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարը խոսում էր արդեն խաղաղության պայմանագրի անորոշ հեռանկարներից։ Ադրբեջանը, ըստ նրա, խաղաղության պայմանագրի նախագծից փորձում է հեռացնել հղումը Ալմա-Աթայի հռչակագրին, որով նորանկախ հանրապետությունները ճանաչել էին միմյանց՝ խորհրդային հանրապետություններից ժառանգված սահմանները և որի հիման վրա Հայաստանը ցանկանում է իրականացնել սահմանազատումը։
Կողմերը այս համաձայնագրին իրենց հավատարմությունը վերահաստատել էին Պրահայի և Բրյուսելի քառակողմ և եռակողմ հայտարարություններում։ Ադրբեջանը, սակայն, վերջին ամիսներին փորձում է ետ կանգնել այդ պայմանավորվածությունից։
«Սա առնվազն հարցեր է առաջացնում Հայաստանի Հանրապետության դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն», – թուրքական պետական TRT-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Միրզոյանը հավելել էր՝ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները լինեն Երևանի ամբողջական հսկողության ներքո։ Նա շեշտել է, որ հայկական կողմը չորս կարևոր պայման է առաջ քաշում հաղորդակցության ուղիները վերաբացելու համար․ «Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի [Ռուսաստանի սահմանապահ – խմբ․] ուժեր տեղակայվեն, օրինակ՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով», – ընդգծել է Արարատ Միրզոյանը: