Home / Հայաստան / Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են տարածքները քննարկող պաշտոնյաները

Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են տարածքները քննարկող պաշտոնյաները

Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Նոյեմբերյանի համար 5 դպրոցը ոսկե մեդալով ավարտած Շահին Մուստաֆաևի նախագահած հանձնաժողովներն անդրադարձել են պետական սահմանի դելիմիտացմանն առնչվող հարցերին և սկսել համաձայնեցնել համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը, նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերը։

«Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը», – ասված է հայկական կողմի հաղորդագրությունում։

Օրերս Մհեր Գրիգորյանի գրասենյակից հրապարակել էին Հայաստանի պահանջած 31 ոչ անկլավային տարածքների ցանկը, որոնց օկուպացիայի փաստը Ադրբեջանը հրաժարվում է ընդունել։ Երևանը պնդում է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են 5 մարզերի 31 հայկական բնակավայրի տարածքները․ Տավուշում՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր, Սյունիքում՝ Քաջարանց, Սալվարդ, Գորհայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Վերիշեն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ, Արարատի մարզում՝ Պարույր Սևակ, Գեղարքունիքում՝ Սոտք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք, Կախակն, Կուտական, Վայոց ձորում՝ Ջերմուկ։

Խոսքը մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է՝ մի մասը Ադրբեջանի տիրապետության տակ է անցել դեռ 90-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մյուսը՝ 2021-22-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով։

Ադրբեջանը, ըստ փոխվարչապետի գրասենյակի, բարձրաձայնում է Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող՝ Բաղանիս Այրում, Աղաշը Ասքիփարա (Ներքին Ոսկեպար), Խեյրիմլի, Ղըզըլհաջիլի գյուղերի հարցը։ Այս գյուղերը հիմնականում անբնակ են, դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան ճանապարհը և Հայաստան մտնող գազամուղը:

տե՛ս
Անկլավների փոխանակում․ ելնել տեղացիների շահերից
Քարտեզներ և անկլավներ
«Հայաստանի սահմանների անորոշությունը» կեղծ օրակարգ է