Տեղ գյուղի հատվածում այսօր Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայող է վիրավորվել։ Նախօրեին մեկ վիրավորի մասին է հաղորդել նաև Բաքուն։ Սահմանային կրակոցների համար կողմերը միմյանց են մեղադրում, վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրությունները ինտենսիվացել են։
Առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ ժամը 5։30-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայող է վիրավորվել․ նրա վիճակը գտահատվել է բավարար։ Ավելի ուշ Ղարաբաղի ՊԲ-ն տեղեկացրել է, որ ժամը 9-ին ադրբեջանական զինուժը 82 մմ տրամաչափի ականանետ է կիրառել Շուշիի շրջանում։ Արդեն կեսօրից հետո Երևանը հաղորդել է ևս մեկ վիրավորի մասին՝ կրկին Տեղ գյուղի հատվածում։ Ռազմական գերատեսչությունից վստահեցրել են՝ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 13:40-13:50-ը, ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել նաև Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Բաքուն հանդես է եկել հայելային մեղադրանքներով և պնդել, թե հայկական ուժերն են սկսել գնդակոծությունները, իսկ իրենք «պատասխան միջոցներ են ձեռնարկել»։
Կրակոցների մասին հայկական և ադրբեջանական կողմերը հաղորդել են նաև նախօրեին․ հունիսի 11-ին Բաքուն հայտնել էր մեկ զինծառայողի վիրավորման մասին:
սահմանազատման աշխատանքներ կրակոցների ֆոնին
Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին կայացել է դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը՝ հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը: Քննարկել են ընթացիկ խնդիրները։
նոր պահաջները՝ Բաքվից
Մինչ այդ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել։
Բաքուն խաղաղություն է ուզում և դրական է գնահատում Երևանի դիրքորոշման փոփոխությունը (Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը և անկլավները, ճանաչելու պատրաստակամությունը)` հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Առաջիկա օրերին նախատեսված բարձր մակարդակի բանակցությունների նպատակը, ըստ նրա, մեկն է՝ «կողմերին մոտեցնել խաղաղության պայմանագրին»։
Խաղաղությանը նվիրված իր ելույթում Ալիևը գովել է ադրբեջանական բանակը և հայտարարել է, թե ժամանակակից աշխարհում կարևորը ուժի գործոնն է, և պետք չէ հույս դնել միջազգային իրավունքի, միջազգային կառույցների բանաձևերի և որոշումների վրա։ Ավելի ուշ, վկայակոչելով հենց այդ «միջազգային սկզբունքները», կարծիք է հայտնել, թե խաղաղության պայմանագրի նախագիծը արդեն իսկ կարելի է ստորագրել։
Անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր՝ հաշտեցման համաձայնագիրը պատրաստ չէ ստորագրման։ Երևանը արդեն տևական ժամանակ խոսում է «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հասցեագրման» անհրաժեշտության մասին։ Միջազգային ներգրավվածությունը Ղարաբաղի հայերի հետ բանակցություններում Բաքուն մերժում է և պնդում, թե դա Ադրբեջանի ներքին հարցն է, որի լուծմանը երրորդ երկրները միջամտել կամ նույնիսկ միջնորդել չեն կարող։ Ստեփանակերտը այս ձևաչափով բանակցություններից հրաժարվում է։
Տարաձայնություններին Ալիևը երեկ չի էլ անդրադարձել։ Փոխարենը նոր պահանջներ է դրել՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնք, Ալիևի խոսքով, կարող են բնապահպանական վտանգ ներկայացնել։ Խոսքը մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի մոտ (Երասխում) կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի մասին է, որի շինհրապարակը պարբերաբար գնդակոծությունների է ենթարկվում։
Ադրբեջանական մի քանի կազմակերպություններ օրերս բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ոչ միայն դադարեցնել Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը, այլև փակել Զանգեզուրի, Ագարակի, Թեղուտի, Ախթալայի, Կապանի հանքավայրերը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահը կառավարությանը հանձնարարել է աջակցել կառավարամերձ «բնապահպանների» (անցյալ տարվա դեկտեմբերին նրանք ի հայտ էին եկել Լաչինի միջանցքում՝ սկիզբ տալով Ղարաբաղի առ այսօր շարունակվող շրջափակմանը) պահանջներին և գործի դնել պաշտոնական խողովակները, «որպեսզի Հայաստանը դադարեցնի այդ վտանգավոր գործելակերպը»:
Ղարաբաղում սով է սպասվում
Ուղիղ 7 ամիս շրջափակված Ղարաբաղը այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից։ Գազ և էլեկտրաէներգիա արդեն վաղուց չի մատակարարվում։ Արդեն գրեթե մեկ ամիս է ադրբեջանական անցակետը ամբողջությամբ փակ է՝ հումանիտար բեռնափոխադրումներ չեն լինում։
Ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխող Կարմիր խաչի հատուկենտ մեքենաներն էին միայն վերջին շաբաթներին անցնում կամրջով։ Երեկ Ադրբեջանը նաև դրանց տեղաշարժն է արգելել՝ պատճառաբանելելով, թե այդ մեքենաներով փորձել են արգելված ապրանքներ տանել (ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին)։
Հայաստանի արտգործնախարարությունը ահազանգել է՝ Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու վտանգի առաջ․
«Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը։ Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը։
Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև առողջապահական ոլորտում։ Հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար ահրաժեշտ դեղորայքի պակաս<․․> Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։ ․․․Այս ընթացքում անհապաղ բժկական օգնություն ստանալու նպատակով ԿԽՄԿ միջոցով ՀՀ են կարողացել փոխադրվել միայն մի քանի տասնյակ հիվանդներ և նրանց ուղեկցող անձինք։ Նրանք ստիպված են եղել անցնել մարդկային արժանապատվությունը վիրավորող գործընթացներով, նկարահանվել և որպես գործիք են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ապացուցելու, որ Լաչինի միջանցքով իբրև թե գործում է մարդկանց անխափան անցում», – դիմելով միջազգային հանրությանը, գրել է Հայաստանի արտգործնախարարությունը։
Ղարաբաղի ՄԻՊ-ը հավելել է՝ ռուս խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի․ «Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի»։
Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով հարյուրավոր մարդիկ այսօր Ստեփանակերտի փողոցներ են դուրս եկել, նրանք պաշտոնյաներից ավելի կոնկրետ քայլեր են ակնկալում։