Home / Մեդիա / Ահաբեկիչները օդից չեն հայտնվում. Կովկասյան ընդհատակ (մաս 3)

Ահաբեկիչները օդից չեն հայտնվում. Կովկասյան ընդհատակ (մաս 3)

Մաս 1 / Մաս 2

Մաս 3

2002-ի սեպտեմբերին Մասխադովի ուժերն անսպասելիորեն համալրվում են։ Ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը՝ Ռուսլան Գելաևը, որը 2000 թվականից Վրաստանի Պանկիսի կիրճում էր, անցնելով Ինգուշեթիայով, Հյուսիսային Օսետիայով ու ևս մեկ անգամ Ինգուշեթիայով, հասնում է Չեչնիա։ Մասխադովի զորքերը համալրվում են հարյուրավոր լուրջ մարտիկներով, ինչը նրան ինքնուրույն քաղաքական ուժ դառնալու նոր հնարավորություն է տալիս։ Արմատականները, սալաֆիտները, վահաբիտները, Բասաևը այլևս գերակա դիրք չունեն։ 

Հենց այդ ժամանակ Բասաևը Մոսկվա է ուղարկում Մովսար Բարաևի ջոկատը, որը 2002-ի հոկտեմբերի 23-26-ը ահաբեկչություն է իրականացնում Դուբրովկայի թատրոնում «Նորդ Օստ» մյուզիքլի ժամանակ։ Նորդ Օստից հետո Մասխադովի հետ որևէ տեսակի քաղաքական բանակցություններն արդեն անպատկերացնելի էին։ Այս գործողությամբ Բասաևը վերջնականապես փակում է հետդարձի ճանապարհը, այն դեպքում, երբ հոկտեմբերի 23-ին Մոսկվա էր ուղարկվել Մասխադովի տեսաերիզը, որում նա ինչ-որ խաղաղության ծրագիր էր առաջարկում։ Այդ տեսաերիզն օդանավակայանում առգրավել էին ՖՍԲ ծառայակիցները։ Այդ պահին այդ տեսանյութը կարևոր իրադարձություն չդարձավ, քանի որ բոլորը տարված էին Նորդ Օստի ահաբեկչությամբ։ Հասել էին ևս մի անդառնալիության կետի։ 

Իսկ հետո՞։ Հետո 2005-ի մարտի 8-ին Մասխադովին սպանում են։ Նրա պաշտոնը ստանձնում է Աբդուլ-Խալիմ Սադուլաևը։ Սադուլաևին սպանում են 2006-ի հունիսի 17-ին։ Նրա փոխարեն գալիս է Դոկու Ումարովը։ 2007 թվականի հոկտեմբերի 7-ին Ումարովը հայտարարում է, որ 1990-ականների սկզբին հիմնված սեպարատիստական չեչենական հանրապետությունը՝ Իչկերիան, փակվում է։ Դրա փոխարեն այսուհետ գործում է համակովկասյան ընդհատակը՝ Իմարաթ Կովկասը։ Ի՞նչ էր դա։ Ինչ-որ նոր մտահղացո՞ւմ, թե ստեղծված իրականությունը ընդունելու ակտ։ Դա իրականության ընդունում էր։ Շամիլ Բասաևը չեչենական դաշտային հրամանատարներից ամենաստեղծարարն ու նախաձեռնողն էր։ Սպանվել է 2006-ի հուլիսի 10-ին Ինգուշեթիայում։ Չնայած տարածված վարկածին, նրան ռուսական հատուկ ծառայությունները չեն սպանել, նրանց համար էլ էր դա անսպասելի սպանություն։ Նա պայթել է իրենց իսկ կողմից տեղադրված ռումբի վրա։ Սիրում էր ինքնաշեն բաներ։ 

ամբողջական տեքստը՝ աուդիոտարբերակով․

Միջազգային ահաբեկչություն

Դոկու Ումարովը ռազմական հրամանատար չէր։ Նա կոմիսար էր, որը միավորել էր տարբեր կառույցներ, տարբեր համայնքներ, որոնց դեմ, պետք է ընդունել, դաշնային կենտրոնը պայքարում էր բավականին արդյունավետ։ 2014-ից կարելի է ասել Իմարաթ Կովկասը էլ չկար։ 2014-ին արդեն վկայություններ կային, որ Ումարովը սպանվել է։ Իմարաթ Կովկասի հաջորդ ամիրը պաշտոնը զբաղեցրել է մի քանի ամիս, հաջորդները՝ մի քանի շաբաթ, հետո մի քանի օր ու վերջ։ Այնուհետև որպես հնարավոր այլընտրանք, որպես հնարավոր ֆրանշիզա, որի ներքո կարելի էր շարունակել գործունեությունը, առաջանում է Իսլամական պետությունը (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն, ԻԼԻՊ)։

Ահաբեկչական ընդհատակի դեմ ակտիվ պայքար էր գնում 2000-ականների վերջերից ու 2010-ականների սկզբներից։ Հատկանշական է Ինգուշեթիայի օրինակը։ 2002-2008 թվականներին՝ նախագահ Ռուսլան Սուլթանովիչ Աուշևի հեռանալուց հետո, դաշնային ուժայինները, դաշնային հատուկ ծառայությունները Ինգուշեթիայում կարող էին անել ինչ ուզում էին։ Նրանց պատճառով Ինգուշեթիան Հյուսիսային Կովկասի ամենաթեժ կետն էր դարձել, քանի որ սովորության համաձայն ուժայիններն իհարկե գործում էին բիրտ մեթոդներով։ Դաշնային ծառայությունների այսպիսի պահվածքի արդյունքում՝ ինչքան էլ չձերբակալեին ու չոչնչացնեին զինյալներին, ավելի շատ նոր վրիժառուներ էին առաջանում։ 

2008-ի աշնանը Ինգուշեթիայի ղեկավարի պաշտոնում նշանակվում է գեներալ Յունուս-Բեկ Բամաթգիրեևիչ Եվկուրովը։ Թվում էր, թե նրա օրոք նոր արյունահեղություններ են լինելու, բայց ոչ։ Եվկուրովը փորձում էր Ինգուշեթիայում հակաահաբեկչությունը ավելի մարդկային դարձնել, վերականգնել փոխըմբռնման մթնոլորտը ինգուշ ժողովրդի, նաև՝ ռուսական իրավապաշտպանների հետ։ Ու դա նրա մոտ ստացվում էր։ Եվկուրովը վարում էր ոչ թե բիրտ, այլ խելացի ուժի քաղաքականություն։ Ինգուշեթիայում ևս կային իմամներ, որոնք սալաֆիտ էին համարվում և խոսում էին ոչ այնպես, ինչպես կուզեր մահմեդական հոգևոր ղեկավարությունը։ Բայց նրանց չէին հալածում։ Եթե կան մարդիկ, որոնք ուզում են դավանել դարերի ընթացքում առաջացած շերտերից զերծ իսլամ՝ դա մի բան է։ Եթե մարդն ուզում է գնալ ու սպանել ճանապարհին հանդիպած բոլոր ուրիշ մարդկանց՝ ինչպես Մախաչկալայում և Դերբենտում էր նախորդ տարվա ամռանը, դա ուրիշ բան է։ Թեև իշխանությունների տեսանկյունից սրանք իրարից քիչ են տարբերվում, մահմեդականների հոգևոր ղեկավարության դավանած իսլամից տարբերվող ուղղությունների համակիրներին ճնշելը կարող էր բերել նրանց ռադիկալացման։

Պետք չէ մոռանալ ևս մեկ հանգամանք։ Ռադիկալիզացիայի պոտենցյալն առանց այն էլ մեծ էր։ 2000-ականների առաջին կեսին՝ մինչև 2005 թվականը, նույն Կաբարդա-Բալկարիայի ջամաաթի ռադիկալիզացիային միաժամանակ երկու գործոն էր խթանում։ Նախ դա պատասխան էր բռնաճնշումներին, բայց նաև ներքին տրամաբանություն կար։ Ի՞նչ էին մտածում ջամաաթի առաջնորդները, ի՞նչ էր պետք անել։ Ամեն ինչ ավելի բարդ էր, քան պարզապես իշխանությունների գործողություններին արձագանք տալը։ Ամեն դեպքում, երբ իշխանությունները թուլացնում են անիմաստ բռնաճնշումները երիտասարդ մահմեդականների նկատմամբ, նրանք այլևս կարիք չեն ունենում գնալ անտառ ու միանալ զինված խմբավորումներին։ Մյուս կողմից, Եվկուրովը հանձնաժողով էր հիմնել, որը զբաղվում էր զինյալների ադապտացիայով։ Այսինքն, եթե դու անտառում ես, բայց ծանր հանցագործություններ չես գործել, ապա կարող ես հանձնվել և դատվել ըստ օրենքի՝ առանց կտտանքների կամ անհետանալու վտանգի։ 

Այս նախաձեռնություններից հետո նախևառաջ կանգնեց ընդհատակյա խմբավորումների համալրումը։ Շատերը հնարավորություն ստացան հեռանալ ընդհատակից՝ անտառներից, լեռներից և այլն։ Կարճ ժամանակում Եվկուրովը կարողացավ Ինգուշեթիայի զինված ընդհատակը կրճատել մոտ հարյուր անգամ։ Նման մի բան կազմակերպվել էր նաև Դաղստանում։ Այնտեղ ևս հիմնվել էր զինյալների ադապտացիայի հանձնաժողով։ Զինված ընդհատակի դեմ պայքարի այս մեթոդը ցույց տվեց, որ մահմեդական համայնքի ապառադիկալացումը փաստացի հնարավոր էր։ 

2012-ի ամռանը կլոր սեղան էր հրավիրվել նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, որին մասնակցում էին իրավապաշտպաններ, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ուժայիններ՝ նաև ՖՍԲ-ից և ազգային հակաահաբեկչական կոմիտեից։ Կլոր սեղանի շրջանակներում քննարկվում էին խելացի ուժի հեռանկարները։ Գրեթե բոլորը կարծում էին, որ սա աշխատող տարբերակ է։ Բացի, իհարկե, չեչենական իշխանություններից, որոնք մինչև վերջ շարունակում էին դիմադրությունը ցանկացած տեսակի «հերետիկոսության» դեմ։ Դեմ էր նաև քննչական կոմիտեն։ Ինչպես թե. կա զինյալը, և մենք չենք դատապարտում նրան ծանր հոդվածներո՞վ։ Կլոր սեղանի բոլոր մյուս մասնակիցները, սակայն, կողմ էին։

Հետո ուրիշ գործոններ ի հայտ եկան։ Օրինակ, Դաղստանում Շեյխ Սաիդ Աֆանդի ալ Չիրկավիի՝ Դաղստանի ուժայինների կրոնական առաջնորդի սպանությունը։ Նաև անցակետերից մեկի պայթեցումը, որի արդյունքում մեծ թվով ուժայիններ զոհվեցին։ Եվս մեկ գործոն, որը հավանաբար էլ ավելի կարևոր էր։ Մոտ երկու տարուց պետք է կազմակերպվեին Սոչիի օլիմպիական խաղերը։ Իշխանություններն ուզում էին ապահովել այդ օլիմպիադայի անվտանգությունը՝ վերադառնալով բիրտ ուժի մարտավարութանը։ 

Բացի այդ, 2011 թվականի Արաբական գարունից և Իսլամական պետության առաջացումից հետո Հյուսիսային Կովկասի արմատական մահմեդականների համար այլ ճանապարհ էր բացվել։ Կարող էին միանալ ԻԼԻՊ-ին։ Նախ, դա ջիհադ էր տեղերում, որոնցում ժամանակին ջիհադ էր հայտարարել ինքը՝ Մուհամմադ մարգարեն, այսինքն, գլխավոր ջիհադը, ըստ սահմանման։ Երկրորդ, դա հինգաստղանի ջիհադ էր. պետք չէր նստել անտառներում կամ խոնավ լեռնային բարիկադներում՝ առևանգման ու կտտանքների վախի տակ։ Կարող ես գտնվել տարածքում, որը վերահսկվում է քո համակիրների կողմից, և որին նվիրատվություններ են անում քո համակիրների համակիրները աշխարհի բոլոր ծայրերից։ 

2010-ականների առաջին կեսին Կովկասը լքել էին հազարավոր մահմեդականներ։ Ոչ բոլորն էին ուզում կռվել, շատերը պարզապես հանգիստ կյանք էին ուզում ու տեղափոխվում էին, օրինակ՝ Թուրքիա։ Մյուսները տեղափոխվում էին Իրաք և Սիրիա։ Հյուսիսային Կովկասում իրավիճակի լիցքաթափման վրա սա շատ ավելի արդյունավետ ազդեցություն է ունեցել, քան ուժայինների բոլոր ջանքերը։ 

Բայց մյուս կողմից, եթե նայենք այդ ընդհատակյա խմբավորումների գործունեության ինտենսիվությանը, որն առաջանում էր տարերային ձևով և հիմնականում արձագանքն էր իրավապահների բռնաճնշումներին, կարող ենք ասել, որ դա զինված խմբերի կողմից շատ փոքր քանակի բռնություն էր, եզակի դեպքեր։ Ինգուշեթիայում 2012 թվականին Յունուս-Բեկ Եվկուրովի պաշտոնից հեռանալուց հետո՝ երբ ուժայիններն էլի ինչ ուզում անում էին, տարածաշրջանում նորից զինված ընդհատակ առաջացավ։ 

Սալաֆիտական ջոկատ կար, որը Իսլամական պետությանն էր միացել 2023-ին։ Ինգուշեթիայում երկար ժամանակ փորձում էին բռնել նրանց։ Ի վերջո բախումներ եղան 2024-ի մարտին։ Այնտեղ բոլորին հետևում են, գիտեն, թե ով ինչ է արել, ում են բռնել այդ գործով և այլն։ Բայց ընդհամենը 20 տարի առաջվա համեմատ սա աննշան ակտիվություն է։ Մյուս կողմից ռուսական ուժայինների ուրախ զեկույցներն էին այն մասին, որ իրենք բռնել են Կրոկուս սիթիի ահաբեկչության մեղավորներին։ Բայց երբ որպես Կրոկուսի հետ կապ ունեցողներ ներկայացնում են բաթալհաջիականներին, այսինքն ինգուշական ամենափակ սուֆի մահմեդական խմբավորման անդամներին, արդեն չես էլ իմանում ինչ մտածել։ Սա նման է 1930-ականների ՆԳՆ զեկույցներում նույնիսկ ոչ թե աջ-տրոցկիստական բլոկին, այլ մենշեևիկ-միապետական դավադրությանը։ Մենշևիկներն ու միապետականները տարբեր մարդիկ են, միմյանց չեն վստահում, հազիվ թե կարողանան միասին գործել։ Եթե այսօր ուզենաք կարդալ Հյուսիսային Կովկասում ընդհատակի դեմ պայքարի մասին ուժայինների զեկույցները, պետք է եռակի զգույշ լինեք։ Երբեմն հիշատակվում են այնպիսի խմբավորումներ, որոնք՝ ըստ իսլամագետների, արդեն ավելի քան կես դար է ինչ գոյություն չունեն։ 

1999 թվականին սկսված երկրորդ չեչենական պատերազմը ռուսական իշխանությունների կողմից ստացել էր «հակաահաբեկչական օպերացիա» անվանումը։ Բայց այն վարում էին պետական ահաբեկչության մեթոդներով։ Այս «օպերացիայի» ժամանակ մարդկանց առևանգումներն ու անհետացումները սովորական բան էին դարձել։ Ի՞նչ է նշանակում մարդու անհետանալը. անօրինական ձերբակալություն, ազատազրկում գաղտնի անօրինական բանտերում, դաժան, սարսափելի, անմարդկային կտտանքներ, որոնց մարդը կարող է չդիմանալ, արտադատարանային մահապատիժ և այլն։ Չեչնիայում երկրորդ պատերազմից հետո ըստ մեր տեղեկությունների «անհետացել է» 3-5 հազար մարդ։ Շատ մեծ թիվ է։ Հաշվի առնելով Չեչնիայի բնակչության թիվը, սա համեմատելի է Մեծ տեռորի ժամանակ 1937-1938 թվականների բռնաճնշումների հետ։ Այդ ամենի արդյունքում չեչենական զինված խմբավորումները, զինված ընդհատակը միայն ուժեղացել է։ Կան օրինակներ, երբ առևանգված ու անհետացած մարդկանց հարազատները միանում են զինված խմբավորումներին ու համաձայնում մասնակցել ահաբեկչական գործողությունների։ 

Այդ միտումը ստացվեց կոտրել պատերազմը չեչենականացնելով միայն, այսինքն, անօրինական բռնության իրավասությունները ազգությամբ չեչեն ուժայիններին` կադիրովականներին, բայսարովականներին ու մյուսներին պատվիրակելով։ Նրանք ոչ պակաս դաժան էին գործում, բայց ավելի ընտրողական։ Եվ արդյունքում 2007-8-9 թվականներից հետո Չեչնիայում զինված ընդհատակը կարելի է ասել ճնշված էր։ Բայց դաշնային իշխանությունների կողմից Դաղստանում, Չեչնիայում, Ինգուշեթիայում, Կաբարդա-Բալկարիայում և այլուր կիրառվող բռնության պատճառով ստեղծվեց իրավիճակ, երբ նույնիսկ հարաբերականորեն խաղաղ բնակավայրերում առաջանում էր զինված ընդհատակ, տեղի էին ունենում մասշտաբային իրադարձություններ, օրինակ՝ հարձակումը Ինգուշեթիայի վրա 2004 թվականին, Բեսլանի ահաբեկչությունը նույն 2004-ին, Նալչիկի բախումները 2005-ին և այլն։ 

Զինված ընդհատակի դեմ պայքարում օրինական և ոչ բռնի մեթոդների կիրառումը օգնում էր կանգնեցնել խմբավորումների համալրումը, օգնում էր մարդկանց դուրս գալ ընդհատակից։ Այդ մեթոդները հնարավորություն էին տալիս կայունացնել իրադրությունը տարածաշրջանում, ապառադիկալացնել համայնքները։ Չնայած տարածված կարծիքին, Ռուսաստանում կային հակաահաբեկչության տարբեր մարտավարություններ։ Ռուսաստանը շատ բան ունի սովորելու իր իսկ փորձից։ Բայց ինչպես տեսնում ենք հիմա Ուկրաինայում ռուսական զինվորականները դիմում են ամենավատ պրատիկաներին, որ կային դեռ նախորդ պատերազմների ժամանակ Չեչնիայում կամ Սիրիայում։ 

Թվում էր, թե իսլամիստական ուժերի ակտիվությունը Կովկասում մեծ չէ, և օրինակ հարձակումները եկեղեցիների և սինագոգների վրա նախորդ տարվա հունիսին Դաղստանում պարզապես բացառություն են։ Բայց այդիսի՞ն է արդոք հեռանկարը։ Որոշ պարզ հարցեր ունեն պարզ պատասխաններ։ Աշխարհը կատարյալ չէ։ Աշխարհը անարդար է։ Քեզ շրջապատող հասարակությունը կեղծավոր է։ Քո ծնողները հանրայնորեն մի բան են ասում, տանը՝ մեկ այլ բան։ Նրանց ժամանակակից կերպարը չի հապատասխանում իրենց գործունեությանը։ Ի՞նչ եմ ուզում ասել։ Ահաբեկչական ակտերի երիտասարդ մասնակիցները կասկածներ ունեցող պատանուց վերածվում են սպանության անհոգի մեքենայի։ Ամբողջ երկրով մեկ երիտասարդները՝ նույնիսկ ամենաապահովված ընտանիքներից, տեսնում են այդ անարդարությունը, խոսքի ու գործողությունների անհամապատասխանությունը։ Նրանց մոտ հարցեր են առաջանում։ Բայց որոշ տեղերում նրանց համար կան պատրաստի, սարսափելի, ոչ ճշմարիտ՝ բայց գրավիչ պատասխաններ։ Դրա համար էլ երիտասարդները, որոնք գալիս են այսպես կոչված «լավ ընտանիքներից», «էլիտաներից», հանկարծ հայտնվում են ահաբեկչական խմբավորումներում։ Ցավոք, ռուսական իշխանությունները, իշխանությունների քաղաքականությունը, պրոպագանդան շարունակելու են վերարտադրել թե՛ անարդարությունը, թե՛ նրանց, ովքեր փորձելու են գտնել պատասխաններ հարցին, թե ինչ անել այդ անարդարության հետ։ Շատ հեշտ է այդպիսի երիտասարդներին խաբելը։ Հետո նրանց կյանքը խորտակվում է ուրիշ մարդկանց կյանքերի հետ։ Կրկնում եմ, Կովկասում ուղղակի ավելի հեշտ է պատրաստի պատասխաններ տալ հարցերին, որոնք առաջանում են ամենատարբեր տեղերում։ Այդ հարցերի իրական լուծումը կարող է լինել միայն գործող, դրական կենսական ծրագրում։ Այդ ծրագիրը պետք է տարբերվի մահվան ճանապարհից, որը ցավոք հասանելի է յուրաքանչյուրին, ով հարցեր է տալիս այդ տարածաշրջանում և ոչ միայն։ 

Մենք դեռ բախվելու ենք երևույթին, երբ կարծես թե օդից առաջանում են սարսափելի բաներ անող խմբավորումներ։ Ռուսաստանն այս ամենը վերապրել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսում, երբ բարին կամեցող, արդարություն պահանջող երիտասարդները պետության անմիտ ու չմտածված գործողությունների պատճառով դառնում էին ահաբեկիչներ։ Սրանք հերթական ակնհայտ չքաղված դասերն են։ Վերադառնալով պատմությանը՝ արդեն ոչ միայն խորհրդային կամ նախախորհրդային, այլև վերջին մի քանի տասնամյակների, կարելի է գտնել ոչ միայն սարսափելի իրադարձություններ, այլ նաև թվացյալ փակուղուց դուրս գալու բավականին հաջող փորձեր։

Ալեքսանդր Չերկասով
իրավապաշտպան

Նախորդ մասերը ՝
«Լավ տղեքն» ու վատ դատարանները. Կովկասյան ընդհատակ (մաս 1)

Պատերազմը ձեն է տանում ու բերում. Կովկասյան ընդհատակ (մաս 2)

Ռուսերեն սկզբնաղբյուրը՝ Նովայա Գազետա