Չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը ողջ է: Եռամսյա բացակայությունից հետո նա նոր տեսանյութ է հրապարակել, որով հայտարարել է իր գործունեությունը վերսկսելու մասին։ Դեկտեմբերի սկզբին չեչենական ալիքները գրում էին, որ Թումսոյին սպանել են։ Այս տեղեկությունները նա ըստ էության չի մեկնաբանել։
Չեչնիայի իշխանությունները երբևէ չեն թաքցրել Թումսոյին «լռեցնելու» իրենց ջանքերը։ 2019 թվականին Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մահոմեդ Դաուդովը (հայտնի է «Լորդ» մականունով) Աբդուրախմանովին արյան վրեժ էր հայտարարել, ուղիղ մեկ տարի անց՝ Դաուդովի ծննդյան օրը, բլոգերի նկատմամբ մահափորձ էր իրականացվել, որին, ըստ հետաքննության, մասնակցել է նաև նրա նախկին կինը։ 2021 թվականին մահափորձի մեջ մեղադրվող անձը (Չեչնիայի բնակիչ) խոստովանել էր, որ սպանության է գնացել պատվերով, և շվեդական դատարանի կողմից դատապարտվել 12 տարվա ազատազրկման։
2022-ի դեկտեմբերի 5-ի գիշերը չեչենական ընդդիմադիր «Ադաթ» տելեգրամ-ալիքը հայտարարել էր, որ հայտնի չեչեն բլոգեր, Ռամզան Կադիրովի ընդդիմախոս Թումսո Աբդուրախմանովը, որը քաղապաստան էր ստացել Շվեդիայում, «գնդակահարվել է մի խումբ անձանց կողմից»։ «Ադաթը» շեշտել էր՝ «նրա մահը հաստատող բավականաչափ տեղեկություններ ունենք», և հավելել, որ Թումսոյի եղբայրը՝ Մուհամմադը (ապրում էր Գերմանիայում) «թաքցվել է հատուկ ծառայություններ կողմից»։
Հղվելով Աբուրախմանովի անանուն «թիմակիցներին», Թումսոյի մահվան մասին գրել էր նաև «Ազատություն» ռադիոկայանը՝ մանրամասնելով՝ բլոգերին «սպանել են դեկտեմբերի 1 լույս 2-ի գիշերը»։
Թումսոյի մահվան մասին լուրերը սկսվել էին տարածվել դեռևս դեկտեմբերի 1-ին․ առաջինն այդ մասին գրել էր «Իչկերիա․ հերոսներ, թշնամիներ և դավաճաններ» տելեգրամյան ալիքը, որը ավելի ուշ հերքել էր այդ տեղեկությունը։ Հետագայում սպանության մասին հաղորդել են նաև ռուսական և չեչենական պրոպագանդիստական աղբյուրները։
Ռուսական «Рыбарь» տելեգրամ-ալիքը, որը լուսաբանում է Ուկրաինայում ռուսական բանակի ռազմական գործողությունները, հայտարարել էր, որ Թումսոյի սպանությունը կազմակերպել է Ահմեդ Զաքաևը՝ 2005 թվականին սպանված Չեչնիայի նախագահ Ասլան Մասխադովի նախկին թիմակիցներից մեկը։ Հայտնի «ВЧК-ОГПУ» տելեգրամ-ալիքն էր հայտարարել էր, թե դեկտեմբերի սկզբին «սենատոր Սուլեյման Գերեմեևը [ՌԴ պետդումայի չեչեն պատգամավոր Ադամ Դելիմխանովի եղբայրը] բլոգեր Թումսո Աբուրախմանովի մահվան կապակցությամբ բանկետ է կազմակերպել»։
Շվեդական ոստիկանությունը և հատուկ ծառայությունները տարածվող տեղեկությունները մեկնաբանել հրաժարվել էին։
Այն մասին, որ Թումսոն ողջ է, առաջին անգամ հայտարարել է չճանաչված Իչկերիայի կառավարության մամլո ծառայությունը՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին։ Եռամսյա բացակայությունից հետո Թումսոն կապի է դուրս եկել 2023-ի փետրվարի 20-ին։
Անցած գիշեր նա նոր տեսանյութ է հրապարակել իր YouTube-ալիքում։ Աբդուրախմանովը հայտարարել է, որ վերսկսում է իր գործունեությունը։ Երկարատև բացակայությունն ըստ էության չի մեկնաբանել։
Նոր տեսանյութի մեծ մասը նվիրված է Չեչեն սպորտսմեն Աբդուլքերիմ Էդիլովին, որը, ըստ որոշ հաղորդումների, մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։
«Երբ ես դադարեցի տեսանյութեր հրապարակել, կադիրովյան շրջապատում որոշեցին, թե ես մեռած եմ, որոշեցին, որ ինձ սպանել են։ Աբդուլքերիմն ուրախ-ուրախ սթորի էր դրել WhatsApp-ում՝ հրապարակել էր «ուտիլիզացված է» մակագրությամբ իմ լուսանկարը։ Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Այժմ պարզվել է, որ հենց Աբուլքերիմն է ուտիլիզացված», – ասել է Աբուրախմանովը։
Այնուհետև նա հիշեցրել է, որ արդեն 4 տարի է՝ ինչ Չեչնիայի խորհրդարանի նախագահն իրեն արյան վրեժ է հայտարարել, և նշել, որ այս ընթացքում մահափորձեր են իրականացվել թե՛ իր, թե՛ իր բարեկամների նկատմամբ։
«Չնայած նրանց անսահմանափակ ռեսուրսներին՝ իշխանություն, փող, այն ամենն, ինչ հարկավոր է՝ սպառնալիքներն իրագործելու համար, 4 տարի շարունակ սովորական մի տղան կարող է ողջ մնալ», – հավելել է բլոգերը։
տե՛ս Ո՞վ է Թումսո Աբդուրախմանովը