Թումսո Աբդուրախմանովը բլոգեր է, ով փախել է Չեչնիայից 2015 թվականին՝ նախագահ Ռամզան Կադիրովի ազգականներից մեկին պատահական հանդիպելու պատճառով: Ռուսաստանում (Չեչնիայում) նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, իսկ Լեհաստանը, որից նա ապաստան էր հայցել, վերջերս որոշում է կայացրել նրա և նրա ընտանիքի արտաքսման վերաբերյալ:
Թումսո Աբդուրախմանովը ստիպված է թաքնվել Եվրոպայում, քանի որ Ռամզան Կադիրովի ազգականներից մեկին՝ Իսլամ Կադիրովին, դուր չի եկել նրա մորուքը: Աբդուրախմանովն ու Կադիրովը հանդիպել են 2015 թվականին: Իսլամ Կադիրովը, ով Չեչնիայի ղեկավարի բարեկամը լինելուց բացի այդ ժամանակ նաև բարձրաստիճան պաշտոնյա էր, փողոցում կանգնեցրել է Աբդուրախմանովին, առգրավել նրա հեռախոսը, նստացրել մեքենա ու տարել իր տուն: Այնտեղ Թումսոյին երկար հարցաքննել են՝ մորուքի տեսքի և կրոնական հայացքների վերաբերյալ: Այնուհետև նրան բաց են թողել՝ պայմանով, որ հաջորդ հանդիպմանը կբերի «իր նմաններին և խմբակիցներին»: Այդ գիշեր Աբդուրախմանովը ընտանիքի հետ լքել է Չեչնիան:
Գրոզնիում նա աշխատել է «Էլեկտրոսվյազ»-ում՝ որպես տնօրենի տեղակալ, իսկ արտագաղթելուց հետո դարձել է ամենահայտնի չեչենական բլոգերը:
Կադիրովի իշխանության մասին նրա տեսանյութերը յութուբում միլիոնավոր դիտումներ են հավաքում (շատերը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, խուսափում են հավանել նրա ալիքը կամ մեկնաբանություններ թողնել տեսահոլովակների տակ)։ Նրա որոշ ելույթներից հետո Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մահոմեդ Դաուդովը (ավելի հայտնի է որպես Լորդ) բլոգերի նկատմամբ արյան վրեժ է հայտարարել:
Աբդուրախմանովը թաքցնում է իր բնակության վայրը: Փորձում է դուրս չգալ տնից, չքայլել մեքենայաշատ փողոցներում: Հայտնի է միայն, որ այժմ նա գտնվում է Լեհաստանում։
BBC-ի ռուսական ծառայությունը Թումսոյի հետ զրուցել է նրա մանկության, քաղաքական հայացքների և այն մասին, թե ինչ է նշանակում լինել Կադիրովի թշնամին։ Հարցազրույցի հատվածական թարգմանությունը՝ ստորև․
Իչկերիայի քաղաքացի
Թումսոն ծնվել է Գրոզնիում: Պատերազմից առաջ նրա հայրը աշխատել է կառավարությունում, վիրավորվել է Գրոզնիի կենտրոնի առաջին ռմբակոծումների ժամանակ, ինչից այդպես էլ չի կազդուրվել:
Ընտանիքը վիրավոր հոր հետ տնից տուն էր գնում։ Բժշկական օգնության ստանալու հնարավորություն, Թումսոյի խոսքերով, նրա հայրը չուներ. «Ուռուս-Մարտանը, ուր մենք գնացել էինք, ընդդիմության ձեռքերում էր: Հայրս Դուդաևի կողմնակից էր, և մենք վախենում էինք նրան հիվանդանոց տանել, քանի որ շշուկներ կային, որ դուդաևականներին այնտեղ սպանում են… Ձեռքի տակ եղած միջոցներով էինք բուժում: Մարգանցովկա էինք օգտագործում, դրանից վերքի վիճակն ավելի էր վատանում։ Մի խոսքով՝ ծանր էր»:
Այդ ժամանակները Աբդուրախմանովը ահավոր ու հետաքրքիր է անվանում. «Երբեք չեմ մոռանա ինչ վախ էր սիրտս ընկնում, երբ ինքնաթիռի ձայն էի լսում: Զգացողություն, երբ չգիտես՝ ուր կընկնի ռումբը»:
Ինքն անձամբ չի կռվել: Առաջին չեչենական պատերազմի ժամանակ 9 տարեկան էր, երկրորդի ժամանակ՝ 14:
«Ես Իչկերիայի քաղաքացի եմ,- ասում է Թումսոն (Իչկերիան Չեչնիայի ինքնանվանումն էր 1991-1994 և 1996-1999 «անկախական» թվականներին): – Կապ չունի՝ անձնագիր ունեմ, թե ոչ: Ես չունեմ։ Պետության քաղաքացի լինելը փաստաթուղթը չէ, այլ՝ քո ով լինելու գիտակցումը»:
«Երեք օրից կգտնեմ քեզ ու կսպանեմ»
Չեչնիայի իշխանությունների հետ Աբդուրախմանովի կոնֆլիկտը շարունակվում է արդեն ավելի քան երեք տարի: 2015-ի նոյեմբերին Չեչնիայի նախագահի աշխատակազմի ղեկավար և Ռամզան Կադիրովի ազգական Իսլամ Կադիրովի թափորը նրան կանգնեցնում է աշխատանքից վերադառնալու ճանապարհին: Թումսոյի խոսքերով, նա չէր հավանել իր մորուքը՝ այն անվանելով վահաբականի մորուք:
Ռամզան Կադիրովը բազմիցս և բացահայտ կերպով կոչեր է արել պայքարել ոչ միայն վահաբականների, այլ նաև նրանց նմանների դեմ:
Իսլամ Կադիրովը նրան հարցեր է տվել կրոնի ու քաղաքականության մասին։ Թումսոյի առգրավված հեռախոսում «հայտնաբերված» լուսանկարներից և քաղաքական մեմերից նա եզրակացրել է, որ Թումսոն դժգոհ է չեչենական իշխանություններից և հարգանքով է վերաբերվում նախկին նախագահներ Ջոհար Դուդաևին ու Ասլան Մասխադովին:
Աբդուրախմանովի խոսքերով, իր բոլոր իրերը վերցրել են, իսկ իրեն ուղեկցող մեքենայով տարել են Չեչնիայի կառավարական համալիրի տարածք՝ հարցաքննության: Մի քանի ժամ անց նրան բաց են թողել՝ պայմանով, որ չի սափրի մորուքն ու հանդիպման մասին կպատմի բացառապես իր ընտանիքի անդամներին:
«Նա ինձ ընտրության հնարավորություն տվեց: Ասաց, որ կարող եմ փախչել, բայց երեք օր անց նա կվերադառնա Մոսկվայից, կգտնի ինձ ու կսպանի: Կամ՝ մենք նորից կհանդիպենք, ես հասկացող, կրոնական մարդկանց կբերեմ: Եթե նրանք քեզ ամեն ինչ բացատրեն, պատրա՞ստ ես արդյոք ընդունել, որ սխալվել ես և ուղղվել: Բնականաբար, ես երկրորդ տարբերակն ընտրեցի»,- Իսլամ Կադիրովի հետ հանդիպման մասին պատմում է բլոգերը:
Նա նշում է, որ կատարվածը ընկալում էր որպես թյուրիմացություն և վստահ էր, որ հաջորդ զրույցից հետո իրեն բաց կթողնեն:
Երեք օր անց Իսլամ Կադիրովը վերադարձել է Մոսկվայից, վերցրել է Թումսոյին տնից և նրանք միասին գնացել են ծաղիկներ գնելու՝ մի աղջկա համար, ով այդ օրը ծննդյան տարեդարձն էր նշում. «Իսլամն ասաց, որ Մոսկվայից մի օրով է վերադարձել, քանի որ խոստացել էր հոբելյարին անձամբ շնորհավորել: Նրա խոսքերով, դա օրինակ էր, թե ինչպես տղամարդը պետք է պահի իր խոստումը»:
Այնուհետև նրանք գնացել են կառավարական համալիրում գտնվող նույն տուն, որտեղ իրենց սպասում էր Մահոմեդ Խիտանաևը՝ Չեչնիայի նախագահի օգնականը կրոնական հարցերով:
Աբդուրախմանովի խոսքերով, խոսակցությունը հիմնականում մեղադրանքներից էր կազմված. «Իսլամ Կադիրովը՝ մատնանշելով ինձ, ասաց. սա իմ ձերբակալվածն է, 80%-ով սալաֆիտ (սունի իսլամի ուղղություն, որը հավատը, կրոնն ու կենսակերպն ընդունում է այն ձևով, ինչպիսին վաղ մահմեդական համայնքներում էր): Չգիտեմ՝ ինչպես էր նա տոկոսները հաշվել»,- հիշում է բլոգերը:
«Կադիրովն ասաց, որ իմ նմանները Չեչնիայում լիքն են, ու որ ես պետք է մատնեմ իմ հրոսակը: Այսինքն, ինձ արդեն մեղադրում էին, չգիտեմ, ինչ որ աղանդի, կուսակցությանը անդամակցելու մեջ։ Ես այդպես էլ չհասկացա՝ ինչի մասին էր խոսքը»,- ասում է Թումսոն: Չեչնիայի նախագահի օգնականը՝ Խիտանաևը, Աբդուրախմանովի խոսքով, իրեն կեղտոտ վահաբական է անվանել, ով ատում է Չեչնիան և ինչ որ խմբավորում է առաջնորդում։ Այդ մասին, ըստ Խիտանաևի, վկայում էր բլոգերի լավ շարադրված խոսքը:
Աբդուրախմանովից պահանջել են վերադառնալ մեկ շաբաթ անց՝ համախոհների խմբի հետ. «Պայմանները նույնն էին՝ մորուքը չսափրել, ոչ մեկին ոչինչ չասել: Սա շանս էր ինձ համար: Համաձայնեցի»:
Թումսոն ասում է, որ փախուստի դիմելու իր հիմնական պատճառը հաջորդ հանդիպմանը ընկերներին բերելու նախապայմանն էր:
Նրա կարծիքով, պաշտոնյաներն ու հոգևորականները պլան էին կատարում․ նրանք ծրագրել էին Ռամզան Կադիրովին զեկուցել հեղաշրջում կազմակերպող արմատականների խմբավորում բացահայտելու մասին:
Վաղ առավոտյան Աբդուրախմանովը կնոջն ու երեխաներին Ղազախստան է ուղարկել, մորն ու եղբորը՝ Վրաստան, ուր ուշ երեկոյան մեկնել է նաև ինքը. «Այդ պահից սկսում են Չեչնիայից դուրս այլախոհ-փախստականի իմ արկածները»:
Նրա երկու զրուցակիցները՝ Իսլամ Կադիրովն ու Մահոմեդ Խիտանաևը, ավելի ուշ հեռացվել են պաշտոնից:
«Ես Ռոբին Հուդ չեմ»
Աբդուրախմանովը հիշում է, որ Վրաստան հասնելուց մեկ ամիս անց իրեն զանգահարել է Գրոզնիի Ներքին գործերի բաժնի պետ Մագոմեդ Դաշաևը և առաջարկել վերադառնալ տուն: Դաշաևը խոստացել է շտկել նրա «խնդիրը», բայց 2015 թվականի տարեվերջում Աբդուրախմանովն իմացել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) խմբավորման շարքերում կռվի մասնակցելու մեջ։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել:
Ի պատասխան, Աբդուրախմանովը ձայնագրել է իր առաջին տեսաուղերձը՝ ուղղված Չեչնիայի դատախազությանը: Որպես անմեղության ապացույց նա ցույց է տվել Ղազախստանի մուտքի կնիքը, որը դրվել է իր անձնագրում այն ժամանակահատվածում, երբ, ուժայինների կարծիքով, նա Սիրիայում է եղել:
Տեսանյութը 80 հազար դիտում է ունեցել: «Այդ ժամանակ ես իմ առաջին աններելի սխալը գործեցի. նկարահանեցի ուղղահայաց մի տեսանյութ: Այդպես ես դարձա բլոգեր», – կատակում է Աբդուրախմանովը:
Սկզբում նա միջազգային պաշտպանություն հայցեց Վրաստանից: Ինը ամիս անց մերժում ստանալուց հետո նա տեղափոխվեց Լեհաստան:
Աբդուրախմանովի բլոգը գնալով ավելի հայտնի է դառնում։ Դրան զուգընթաց նա սկսում է նամակներ ստանալ չեչեններից՝ այս կամ այն խնդիրը լուսաբանելու խնդրանքով: Տեսնելով, որ մարդիկ անանուն արտահայտվելու հարթակի կարիք ունեն, բլոգերը ալիք է բացում տելեգրամում:
Չեչենները հիմնականում խնդրում են պատմել այն մասին, որ իրենց ազգականին առևանգել կամ ձերբակալել են առանց մեղադրանք առաջադրելու: Ստացած տեղեկությունները Աբդուրախմանովը փորձում է ստուգել՝ իրավապաշտպան ծանոթների կամ զոհի մյուս ազգականների, ծանոթների, հարևանների միջոցով:
«Ստացած տեղեկությունները ես փորձում եմ վերլուծել: Չեմ կարող ասել, որ իմ վերլուծությունը միանշանակ ճիշտ կլինի: Ես չունեմ ճիշտը ստից տարբերակելու հստակ մեթոդաբանություն, բայց փորձում եմ չարձագանքել բացահայտ կեղծիքին: Լինում է, որ դու ուղղակի պետք է վստահես տեղեկությանը», – ասում է Թումսոն:
Չեչնիայում տեղի ունենալիք իրադարձությունների մասին, ըստ Աբդուրախմանովի, իրեն տեղեկություններ փոխանցողների մեջ կան նաև Կադիրովի հետ աշխատող մարդիկ. «Երբ Կադիրովի դարաշրջանն ավարտվի, նա կապշի, թե ինչքան մարդ էր իր շրջապատից բալետ անում ինձ ու տեղյակ պահում իր ծրագրերի մասին: Նա կսարսափի»:
Աբդուրախմանովը համոզված է, որ բլոգեր է դարձել զուտ բախտի բերումով։ Մեղադրանքները, որ նա քննադատում է Կադիրովին՝ գտնվելով ապահովության մեջ, Աբդուրախմանովն ընդունում է․ «Այդ մարդիկ իրավացի են։ Ես իրոք սկսեցի քննադատել իշխանություններին միայն հեռանալուց հետո: Գտնվելով այնտեղ՝ պարզապես չես կարող քեզ նման բան թույլ տալ: Ավելի ճիշտ՝ կարող ես, բայց մեկ անգամ միայն, ինչից հետո իջեցրած տաբատով կհայտնվես վազքուղու վրա: Օրինակները շատ են»:
Աբդուրախմանովի հիշատակած դեպքը տեղի է ունեցել չեչեն բլոգեր Ադամ Դիկաևի հետ, ով սոցցանցերում քննադատական մեկնաբանություններ թողնելուց մի քանի օր անց տեսահոլովակ է հրապարակել, որում շապիկով և վարտիքով վազում է վազքուղու վրա և ասում, որ գիտակցել է իր ոչնչությունը:
«Ես Ռոբին Հուդ կամ հերոս չեմ: Եթե ես այդպիսին լինեի, հենց տեղում՝ Կադիրով Իսլամի ու իրա հետինների դեմքին կարտահայտվեի և, հավանաբար, հենց տեղում էլ նրանք ինձ կսպանեին։ Եվ դուք իմ մասին երբևէ չէիք էլ իմանա․․․»,- ասում է Աբդուրախմանովը:
«Իհարկե, ժողովուրդը վախենում է իշխանություններից: Այս իշխանությունը ազդեցության հսկայական ռեսուրս ունի: Մեր երեխեներին բերում են մեռած ու ստիպում մեզ թաղել նրանց գիշերվա մթի մեջ: Եվ մենք թաղում ենք ու շարունակում լռել: Դա հսկայական բռնապետության արդյունք է: Մարդիկ վախեցած են», – պատմում է Աբդուրախմանովը:
2012-ին Ռամզան Կադիրովն արդարացրեց Չեչնիայի մուֆտիի որոշումը՝ չանցկացնել կրոնական ծիսակարգեր գրոհայինների թաղման ժամանակ: «Այդ մարդկանց ձեռքերը մինչև արմունկները արյան մեջ են՝ կանանց, ծերերի, երեխաների: Նրանք շան մահով են մահացել և սովորական հուղարկավորության արժանի չեն», – ասել է մուֆտի Սուլթան Միրզաևը:
«Սա հոգևորականության սկզբունքային դիրքորոշումն է, և մենք այն բացառապես իրավացի ենք համարում», – ի աջակցություն Միրզաևին ասել է Կադիրովը:
«Մեզ խանգարեցին զբաղվել մեր իսկ հանցագործներով»
Մորուքը, որի պատճառով Թումսոն ստիպված եղավ հեռանալ Չեչնիայից, նյարդայնացնում է ոչ միայն իր գաղափարական թշնամիներին, այլ նաև համակիրներին: Շատերն իրոք կարծում են, որ մորուքը վահաբականության նշան է:
Աբդուրախմանովը հիշում է Լեհաստանում իր ծանոթի միջոցով բնակարան փնտրելը. «Զանգեց և ասաց, որ բնակարան կգտնի, բայց մորուքը անհրաժեշտ է սափրել. այդպիսի հարցերում լեհերը բծախնդիր են: Ասացի՝ եթե սափրեի, էն ա իմ տանը հանգիստ կապրեի»:
Թումսոն իր մորուքը կրոնական հայացքներով է բացատրում, բայց հավաստիացնում է, որ հեռու է ռադիկալիզմի ցանկացած դրսևորումից. «Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչ է վահաբականությունը: Այս աշխարում քիչ մարդ կա, որ հասկանում է, ու ամենքը յուրովի է մեկնաբանում: Օրինակ, Չեչնիայում, Ռամզան Կադիրովի համար վահաբականը ահաբեկիչ է, ավազակ, շայթան: Բայց երբ նա Սաուդյան Արաբիա է մեկնում, նրա համար վահաբականը նորմալ քաղաքական գործընկեր է: Այստեղ նրա առաջնահերթությունները փոխվում են»:
«Ես ուղղակի ուզում եմ հավաստիացնել իմ համոզմունքների մեջ կասկածող և ինձ, գուցե, զգուշավորությամբ նայող մարդկանց, որ նրանք կարող են չանհանգստանալ մորուքիս համար: Այն վտանգավոր չէ իրենց համար», – ավելացնում է Աբդուրախմանովը:
Աբդուրախմանովը Չեչնիայի անկախացման ու Ռուսաստանի հետ խաղաղ հարևանության կողմնակից է: 1996-1999 թվականները, երբ խաղաղության համաձայնագիր էր ստորագրվել Իչկերիայի ու Ռուսաստանի միջև, Աբդուրախմանովը ծանր շրջան է համարում. «Պատերազմների արանքում չեչենների գործած հանցագործությունները, իհարկե, սարսափելի են. մարդկանց առևանգումներ, ստրկավաճառություն: Նրանք պետք է դատապարտվեն: Այն ժամանակ մեզ խանգարեցին զբաղվել մեր իսկ հանցագործներով»:
Նա կարծում է, որ անհրաժեշտ է հրաժարվել կառավարման մերձավորարևելյան ձևից և դառնալ իրավական պետություն, որտեղ աշխատում են իշխանության բոլոր ճյուղերը. կա անկախ դատարան և խորհրդարան, որտեղ քննարկումներ են ընթանում: «Ես անգամ մտածում եմ, որ նա [Կադիրովը] թուրքական սերիալներից է ոգեշնչվում», – ասում է Աբդուրախմանովը:
Այդպես է, թե ոչ՝ հայտնի չէ, սակայն Ռամզան Կադիրովը բազմիցս Չեչնիա է հրավիրել Օսմանյան կայսրության կազմավորման մասին «Diriliş Ertuğrul» («Հարություն առած Էրթուղրուլը») թուրքական պատմական հեռուստասերիալի դերասաններին, իսկ էպիզոդներից մեկում նկարահանվել է Կադիրովի որդին՝ Ադամը:
Իր ելույթներում Աբդուրախմանովը հաճախ հակադրվում է այն տեսակետին, որ թեև Կադիրովի գործողությունները հնարավոր չէ արդարացնել, այնուամենայնիվ նա վերականգնել է հանրապետությունը պատերազմից հետո: «Ես լավ հասկանում եմ, որ Կադիրով Ռամզանը մզկիթներ չի կառուցում, տներ չի նվիրում, ճանապարհներ չի կառուցում: Նշվածներից ոչինչ նա չի անում: Եթե Կադիրովը բիզնեսմեն կամ նավթային մագնատ լիներ և իր միջոցներից հատկացներ ու կառուցեր, դա կլիներ իր վաստակը: Բայց Ռամզան Կադիրովը պետական ծառայող է, ով պետք է աշխատավարձով ապրեր»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Աբդուրախմանովը խիստ բացասական է վերաբերվում, կարծում է, որ Չեչնիայում ոչինչ չի փոխվի, անգամ եթե Կրեմլը փոխարինի Կադիրովին. «Ով էլ նրա փոխարեն գա, նույնն է անելու»:
Բլոգերը նշում է, որ հետևում է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու բոլոր հետաքննություններին. «Չգիտեմ՝ ինչպիսի նախագահ նա կլինի և ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը Չեչնիայի հարցում, բայց այն, ինչ նա անում է, ինձ դուր է գալիս»:
Արյան վրեժ խորհրդարանի խոսնակից
Աբդուրախմանովի ամենահայտնի տեսանյութը Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մահոմեդ Դաուդովի (մականունը՝ Լորդ) հետ խոսակցությունն է. ավելի քան երկու միլիոն դիտում:
Դաուդովը նրան զանգել էր 2018-ի օգոստոսին և հայտնել, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին: Աբդուրախմանովի խոսքերով, դա իր համար խիստ անսպասելի էր. «Սկզբում չհավատացի, որ դա կադիրովյան Լորդն է»:
Այն ժամանակ Դաուդովը խոսք էր տվել զբաղվել Աբդուրախմանովի գործով և խթանել դրա փակմանը, եթե հաստատվի, որ այն հարուցվել էր խախտումներով:
«Եթե դատենք ըստ օրենքի, գուցե նա [Իսլամ Կադիրովը] ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել, բայց փաստն այն է, որ նա՝ որպես այս իշխանության պաշտոնյա, վախեցել է, որ վաղը դու կարող ես խնդիրներ ստեղծել, որոնք կարող են վնասել մարդկանց, և քեզ իր տուն է տարել: Քեզ ոչինչ չեն արել, ես այսօր ճշտեցի՝ քեզ կպել են, թե ոչ: Ընդհամենը հեռախոսդ են նայել…. Եթե նորմալ խիտ մորուք ունենայիր, գուցե ոչ մի բան էլ չասեր»,- ասել է Դաուդովը:
2019-ի մարտին Աբդուրախմանովը ռուս լրագրող Մաքսիմ Շեվչենկոյի հետ համատեղ եթեր է անցկացրել, որտեղ Չեչնիայի նախագահի հորը՝ Ախմադ Կադիրովին, չեչեն ժողովրդի դավաճան է անվանել, քանի որ՝ լինելով Չեչնիայի մուֆտին, նա երկրորդ պատերազմից առաջ ջիհադ է հայտարարել, իսկ հետո՝ անցել ռուսաստանյան դաշնային ուժերի կողմը:
«Ես քամահրում եմ նրա հիշատակն ու նրա հետ կապված ամեն ինչ»,- ասել է բլոգերը:
Սրանից մի քանի օր անց Չեչնիայի խոհրդարանի նախագահ Դաուդովը ինստագրամի իր էջում ուղիղ եթերով Աբդուրախմանովին արյան վրեժ է հայտարարել։
«Պաշտոնապես հայտարարում եմ, Թումսո, որ ես ու իմ եղբայրները, դու գիտես ովքեր են իմ եղբայրները, Ախմադ Հաջիի մասին քո ասածների համար քեզ արյան վրեժ ենք հայտարարում»,- ասել է Դաուդովը:
Դաուդովին միացել են նաև այլ չեչեններ: Ինչպես գրում է «Կավկազսկիյ ուզել» առցանց թերթը, Ախմադ Կադիրովի մասին ասվածի համար վրեժխնդիր լինելու դիտավորության մասին հայտնել են նաև Չեչնիայի որսորդական տնտեսության բաժնի պետ Համզադ Էդելգիրեևը և “Հարավ” գումարտակի հրամանատար ներկայացած Հուսեին Մեջիդովը։ Ինստագրամի Kavkaz_days էջում հրապարակված տեսանյութում մի խումբ երիտասարդներ Գրոզնու մզկիթի բակում Թումսոյին երգչախմբով անվանում են «կին»:
Դրանից մեկ շաբաթ անց Կադիրովը՝ լրագրողների հետ խորհրդակցության ժամանակ, կոչ է անում արժանի հակահարված հասցնել բոլոր նրանց, ովքեր փորձում են սևացնել Չեչնիան: Աբդուրախմանովի անունը նա չի տալիս։ Ասում է, որ խոսքը նրա մասին է, ով համացանցում անհիմն ստում և մոլորության մեջ է գցում տասնյակ հազարավոր մարդկանց:
«Որոշ փսևդոբլոգերների երևակայությունն այնքան է զարգանում, որ նրանք բացահայտ ստեր են հրապարակում: Որպես օրինակ վերցնենք Ախմադ Հաջի Կադիրովի քաղաքական գործունեության մասին կեղծ տեղեկությունները, որոնցում նա իբր թե դուրս է եկել իր կառավարության դեմ»,- հաղորդում է տարածաշրջանային հեռուսաալիքի եթերից հնչող ձայնը:
Նույն օրը՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, Կադիրովն ուղիղ պատասխանում է իր հոր հասցեին հնչած մեղադրանքներին. «Ասլան Մասխադովին դեմ գնալուց առաջ Ախմադ Հաջին ի՞նչ ուղի է անցել: Քանի՞ անգամ է նա Ասլանի մոտ գնացել: Քանի՞ անգամ է խնդրել նրան: Վկաների ներկայությամբ, ովքեր մինչ օրս ողջ են, նա Ասլանին ասում էր. «Դու ուզում ես չարի՞ք բերել, ուզում ես վահաբականներին բերել ու կազմալուծե՞լ Չեչնիան, մի՛ բեր այդ վահաբականներին այստեղ»»:
Որոշ ժամանակ անց չեչենական հեռուսատեսությամբ ցույց են տալիս Աբդուրախմանովի բարեկամներին, ովքեր հայտարարում են, որ հրաժարվում են Թումսոյից և նրա սպանության դեպքում վրեժխնդիր չեն լինի:
Բլոգերը հավաստիացնում է, որ արյան վրեժի մասին հայտարարությանը հանգիստ է արձագանքել, չնայած խոսնակի խոսքերին միանգամայն լուրջ է վերաբերվում. «Ես հասկանում եմ, որ Դաուդովն այն մարդն է, ով հնարավորություն ունի իր մտածածն անելու: Հիմա արտոնությունների դիմաց այդ արյան վրեժը լուծելու համար պատրաստակամություն ունեցողների թիվն էլ ավելի է մեծացել»:
Աբդուրախմանովն ափսոսում է, որ հիմա մարդկանց հետ քիչ է շփվում, կորցրել է վստահությունը, ոչ մեկին չի ասում բնակության վայրը. «Հնարավոր է, որ նրանք ինձ գտնեն, հնարավոր է՝ սպանեն, բայց ես դրանից չեմ վախենում: Եթե այդպես լինի, ուրեմն այդպես էր կանխորոշված»:
Աբդուրախմանովին ավելի շատ անհանգստացնում է այն, որ եվրոպական երկրները հրաժարվում են իրեն օգնել: Նրա խոսքով, մեկ ամիս առաջ ինքը ծանուցում է ստացել Լեհաստանի իշխանություններից Ռուսաստան արտքսելու որոշման մասին: Ծանուցման մեջ, մասնավորապես, ասվում է, որ իր միջազգային պաշտպանություն տրամադրելու խնդրանքը ևս մերժվել է: Նրան պարտադրում են Ռուսաստան գնալ, ինքնակամ չգնալու դեպքում՝ սպառնում են վտարել:
«Կադիրովի թշնամին լինելը վտանգավոր է: Ամենամեծ խնդիրը ցանկացած մարդու մեջ պոտենցիալ կադիրովյան գործակալ տեսնելն է: Իսկ լինել Կադիրովի թշնամին և չունենալ աջակցություն եվրոպական երկրից, որը քո մեջ ևս վտանգ է տեսնում՝ կրկնակի դժվարություն է», – ասում է Աբդուրախմանովը:
Բլոգերի խոսքով, արյան վրեժի մասին հայտարարությունից հետո իր առօրյա կյանքը չի փոխվել. նա զբաղվում է իր սոցիալական ցանցերի զարգացմամբ, գրեթե ամբողջ օրը տրամադրում է հետևորդների հետ շփմանն ու նրանցից ստացած տեղեկությունների վերստուգմանը:
«Չեմ կարող մանրամասն ներկայացնել օրվա կարգը, բայց այն սովորական է: Կադիրովի թշնամու սովորական օր», – ասում է Աբդուրախմանովը: