Home / Բանակ / Նախարարը՝ Ստեփանակերտում․ Հնարավոր չէ մի ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել

Նախարարը՝ Ստեփանակերտում․ Հնարավոր չէ մի ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ղարաբաղի նախագահի, նեև՝ Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ։

Ղարաբաղյան լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հակամառտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի մոտեցումներին, Մնացականյանը նշեց, որ Հայաստանն իր մոտեցման մեջ ունի երեք հիմնարար ուղղություն՝ բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում բանակցային գործընթացը, եւ Լեռնային Ղարաբաղի` որպես այդ գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: 

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, սա մեզ համար շատ կարեւոր, պրակտիկ, պրագմատիկ հարցերից մեկն է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այս գործընթացի սուբյեկտ: Խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ մենք չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ մենք չունենք այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը:

Սա է մեր մոտեցումն այս հարցում:

Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին, մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես առաջարկվում էր, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, եւ սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու:

Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում,» – ասաց արտգործնախարարը: