Մեզ պետք են ազատագրող ծեսեր
Ժառանգված ծեսերը հաճախ համայնք էին ստեղծում հարկադրանքի գնով։ Շուկան համայնքի տեսքն է վաճառում, առցանց հարթակը մասնակցությունը վերածում է տվյալների։ Մեզ պետք են ծեսեր, որոնց կանոնները գրում ենք միասին, որոնց աշխատանքը բաժանում ենք և որոնցից կարող ենք հեռանալ՝ չզրկվելով համայնքի աջակցությունից։
Պիտեր Բրեյգել Ավագի «Գյուղական հարսանիքում» հարսը նստած է՝ ձեռքերը ծալած, իսկ առաջին պլանում տղամարդիկ ուտելիք են մատուցում։ Խնջույքի մեջ երևում է այն աշխատանքը, որը սեղանի շուրջ հեշտ է մոռանալ։ Յուղաներկ՝ կաղնու տախտակի վրա, մոտ 1567։ Վիեննայի Արվեստի պատմության թանգարան.
%20(1).jpg)
Հանրային տիրույթ։ Պատկերը՝ Wikimedia Commons։
Ջուրը` ժամը վեցին
Մեր շենքում երեկոյան ժամը վեցն իր ձայնն ուներ։ Սկզբում խողովակներն էին հազում, հետո ջուրը բարակ շիթով հասնում էր ծորակներին, և բնակարաններում միաժամանակ սկսվում էր դույլերի, կաթսաների ու պլաստիկ շշերի շրխկոցը։ Պատշգամբներից մարդիկ իրար ձայն էին տալիս. «Ջուրը տվի՞ն»։ Այդ հարցով շենքը մի քանի ժամով մտնում էր ընդհանուր ժամանակի մեջ։
Ջուրը միացնում էր երրորդ մուտքի վերին հարկում ապրող մի կին։ Հարևանները բամբասում էին, թե նա սեքս աշխատող էր։ Եթե ժամը վեցն անցնում էր, իսկ խողովակները լուռ էին մնում, որևէ մեկին ուղարկում էին նրան, ինչպես ասում էին, «գործից կտրելու»։ Մինչ մեծահասակները դատում էին հարևանուհու կյանքը, ամբողջ շենքի երեկոն կախված էր նրա դաստակի մի շարժումից։ Նա պտտում էր փականը, և սկսվում էր լվացքը, ճաշի պատրաստությունը, երեխաների լողանալը, հաջորդ օրվա ջրի պաշարը հավաքելը։
Իննսունականների բակային ճամբարներն էլ իրենց պատրաստությունն ունեին։ Մեկը մեքենայի մարտկոց էր բերում, մյուսը՝ բարձրախոս, երրորդը տնից լույս էր քաշում, երեխաներն աթոռներն էին իջեցնում։ «Փրոդիջիի» տակ պարում էին երեխաներն ու պատանիները, մեծահասակները շրջանաձև նստում էին նրանց շուրջ։ Լար պահելու, աթոռ բերելու և երաժշտություն ընտրելու ընթացքում հարևանությունը գործի էր անցնում։
Տասնմեկ տարեկան էի, երբ ընկերուհուս ծննդյան օրից դուրս գալիս տեսա, թե ինչպես են մի աղջկա նրա կամքին հակառակ փախցնում։ Ոչ ոք չմիջամտեց։ Ես էլ քարացած նայում էի։ Նույն համայնքը, որը բաժանում էր վերջին մոմը կամ ջրի դույլը, լուռ հետևում էր ծիսական բռնությանը։
Փիլիսոփա Բյունգ-Չուլ Հանը ծեսերը կոչում է «աշխարհում տանը լինելու խորհրդանշական տեխնիկաներ»։ Դրանց կրկնության շնորհիվ գիտենք՝ ինչի սպասել, երբ վերադառնալ, ինչպես դիմավորել կամ հրաժեշտ տալ։ Այդ տան ներսում, սակայն, մարդիկ տարբեր իրավունքներ ունեն։ Կրոնագետ Քեթրին Բելի ծիսականացման վերլուծությունն օգնում է տեսնել, թե ինչպես է ընդունված կարգը նստում մարմնի մեջ. ով է տեղավորվում սեղանի գլխին, ով է կանգնած մնում՝ սպասելով մատուցելու պահին։ Կրկնվող շարժումն աստիճանաբար դառնում է իրերի բնական ընթացքը։
Տոնը նշում է առիթը։ Ծեսը գործողություններին տալիս է ճանաչելի ձև ու խորհրդանշական նշանակություն՝ հաստատելով կապ, կարգավիճակ կամ պարտավորություն։ Հարսանիքը կարող է լինել երկուսն էլ, սուգը՝ ծիսական լինել առանց տոն դառնալու։ Ծորակը բացելն ինքնին ծես չէ. մեր շենքում ծիսականանում էր դրա շուրջ սպասումը՝ նույն ժամով, ազդանշաններով ու դերերով։ Ջրի պակասը կապում էր մարդկանց՝ առանց նրանց հավասար դարձնելու։
Փոխօգնության հաշվեմատյանը
Իմ հիշած միջավայրում ծեսերը փոխօգնությանը ճանաչելի ընթացք էին տալիս։ Մատաղի միսը հասնում էր նաև նրանց, ովքեր չէին կարող միս գնել։ Հարսանիքի նվերը, կնունքի պարտավորությունն ու հուղարկավորության ծախսին մասնակցելը փոխադարձ պարտքերի ցանց էին կազմում։ Քառասունքն ու տարելիցը ցավին ժամանակացույց էին տալիս, ողբասաց կանայք՝ ձայն։ Հարևանները գիտեին՝ երբ գալ։ Վիշտն ուներ հասցե և ժամ։
Մահվան դեպքում այդ հաշվապահությունը բառացի էր։ Համայնքակիցները գումար էին բերում հանգուցյալի ընտանիքին, իսկ ցուցակում գրանցվում էին յուրաքանչյուրի անունն ու օգնության չափը։ Երբ դժբախտությունը հասնում էր ցուցակում եղածներից մեկի տուն, նայում էին, թե նրա ընտանիքը նախորդ անգամ որքան էր տվել, և նույնքան տանում։ Ցուցակը հիշողություն էր պահում համայնքի փոխարեն։ Սգի ծախսը բաշխվում էր տարիների ու ընտանիքների միջև։
Ի՞նչ օգնության կարող է սպասել նա, ով նախորդ անգամ տալու հնարավորություն չի ունեցել։ Իսկ նա՞, ով հրաժարվել է մասնակցելուց կամ համայնքի համար «պատշաճ» կյանք չի վարում։ Փոխադարձ պարտքը հենարան է այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ կարողանում են այն մարել։ Երբ օգնությունն ուղեկցվում է ուրիշի կյանքը վերահսկելու իրավունքով, համայնքին պատկանելը նաև լռելու պարտավորություն է դառնում։
Ծեսերը նաև ժամանակի պետական միջամտությունների հիշողությունն են կրում։ Խորհրդային իշխանությունը փորձում էր նոր ընթացք տալ մարդու կյանքի անցումներին։ Հեղափոխությունից հետո կնունքի փոխարեն առաջարկվում էին նորածինների «հոկտեմբերացումներ», եկեղեցական արարողությունների փոխարեն՝ «կարմիր» հարսանիքներ ու հուղարկավորություններ, Սուրբ ծնունդի փոխարեն` աշխարհիկ Նոր տարին։ Դրանց մի մասը տարածում չստացավ։ Հետագա տասնամյակներին քաղաքացիական ծեսերի ստեղծումը կրկին դարձավ պետական քաղաքականության մաս։ Պատմաբան Վիկտորիա Սմոլկինի հետազոտությունը ցույց է տալիս այդ փորձերի անհարթ ընթացքը. պետական սցենարը դեռ չէր նշանակում, որ մարդիկ դրանով էին ապրում։
Խորհրդային Հայաստանում երգն ու պարն անցնում էին պետական ընտրության և գաղափարական վերահսկողության միջով։ 1938-ին հիմնված երգի-պարի պետական համույթը ժողովրդական նյութը հավաքում, մշակում և տեղափոխում էր համերգային բեմ։ Խաղացանկում տեղ էին գտնում նաև ժողովրդական ոճով գրված նոր գործեր։ Համույթի պաշտոնական պատմությունը խոսում է երգն ու պարը օտար տարրերից «մաքրելու» մասին։ Այսօր «ավանդական» համարվող ձևերի պատմության մեջ տեղ ունեն նաև ընտրող հանձնաժողովը, պարուսույցն ու պետական բեմը։ Հետխորհրդային շուկան ժառանգեց նաև այս մշակված խաղացանկը։
Ո՞վ է մնում խոհանոցում
Գաբրիել Աքսելի «Բաբետի խնջույքը» (1987) ֆիլմում Դանիայի հեռավոր գյուղի կրոնական համայնքը մաշվել է հին վիրավորանքներից։ Փարիզից փախած և երկու քույրերի տանը ծառայող Բաբետը վիճակախաղում շահած ամբողջ գումարը ծախսում է տասներկու հոգու համար մեկ ընթրիք պատրաստելու վրա։ Հյուրերը սկզբում զգուշությամբ են ուտում՝ վախենալով զգայական հաճույքին տրվելուց։ Կերակուրների հերթափոխի հետ խոսակցությունը փոխվում է։ Հիշում են, ժպտում, ներում։ Մի սեղանի շուրջ անցկացրած երեկոն նրանց թույլ է տալիս տարիների ընդմիջումից հետո նորից մոտենալ իրար։
Այդ տեսարանը հիշեցնում է մարդաբան Վիկտոր Թըրների նկարագրած communitas-ը՝ անմիջական միասնության փորձը, երբ սովորական դիրքերն ու տարբերությունները ժամանակավորապես կորցնում են իրենց ուժը։ Սեղանի շուրջ տեղի ունեցողը հնարավոր է դառնում Բաբետի հմտության, փողի և աշխատանքի շնորհիվ։ Ինքը սեղանի շուրջ չի նստում։
Բաբետն այս ընթրիքի հեղինակն է։ Փարիզում նա նշանավոր խոհարար է եղել, և խնջույքն իրեն հնարավորություն է տալիս կրկին ամբողջությամբ գործի դնել իր արվեստը։ Նրա ընտրության մեջ հաճույք ու ինքնահաստատում կա։ Այդ ազատ ընտրված նվերն առօրյայի կանոն դարձնելիս է խնդիրը սկսվում։ Երբ յուրաքանչյուր հավաքից առաջ նույն կնոջ նվիրումն արդեն ենթադրվում է, մյուսների միասին լինելու ժամանակը կրկին վերցվում է նրա հաշվից։
Ծեսերի շուկան
Այսօր կազմակերպչական աշխատանքի մի մասը կարելի է գնել։ Ատամհատիկը պատվիրվում է թեմատիկ ձևավորմամբ, տորթով և լուսանկարվելու անկյունով։ «Բանակի քեֆը» ստանում է քողարկման գույներ, հարսանիքը՝ ֆիլմերից ու սոցցանցերից փոխառված բեմադրված առաջարկ և միանման հագնված հարսնաքույրեր։ «Գենդեր փարթիի» վարդագույն կամ կապույտ ծուխը դեռ չծնված երեխայի կյանքը տեղավորում է պատրաստի սպասումների մեջ։
Վճարովի ծառայությունը կարող է թեթևացնել կազմակերպման` սովորաբար կանանց կողմից ստանձվող գործը։ Այն արդեն անում են վարձու խոհարարները, մատուցողներն ու ձևավորողները։ Ընտանիքի ազատված ժամանակի հետևում նրանց աշխատանքային օրն է՝ իր վարձատրությամբ ու պայմաններով։ Ծառայություն գնելու հնարավորությունը նաև նոր չափանիշ է սահմանում՝ ինչպիսի տեսք պիտի ունենա «լավ» հարսանիքը կամ ծնունդը։ Սիրո ու հոգատարության չափը սկսում է շփոթվել ծախսած գումարի հետ։
Սոցցանցերում տոնակատարությունն իր հեռավոր հանդիսատեսն ունի։ Երբ տեսանյութը դառնում է գլխավոր ակնկալիքը, տեսախցիկն է որոշում կանգնելու տեղը, անակնկալի պահը, գրկախառնության տևողությունը։ Շնորհավորանքին հետևում է դրա վերահրապարակումը. մտերմությունը հաստատվում է նաև հանդիսատեսի առաջ։ Նույն տոնակատարության մեջ ժառանգված պարտքը հանդիպում է գնված ծառայությանն ու առցանց հարթակի թելադրած ձևին։
Ազգային պարն ու ռեյվը
Կասկադում «Կարին» խմբի պարողները տարածվում են մարդկանց մեջ, շրջան կազմում և սովորեցնում քայլերը։ Դիտողը կարող է բռնել կողքինի ձեռքն ու մտնել պարի մեջ։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2012-ից անցկացվող այս հավաքները մայիսից սեպտեմբեր կրկնվում են ամսվա վերջին ուրբաթ օրը։ Մարդիկ ճանաչում են ձևը և գիտեն՝ երբ նորից գալ։
Այդ պարը «մերը» դարձնելու մեջ մեծ աշխատանք կա։ Գագիկ Գինոսյանը Կոմիտասի գրառումներից երկու պար էր վերականգնել՝ նկարագրությունների միջոցով գտնելով նաև համապատասխան մեղեդիները։ Ավանդույթը ներկա է հասնում հետազոտության ու մեկնաբանության միջով։ Պարային շրջանը բացվում է նորեկի առաջ՝ նրան փոխանցելով նաև հայ լինելու որոշակի պատկերացում։ Մասնակիցը կարո՞ղ է վիճարկել պարին կցված պատմությունը՝ շարունակելով մնալ շրջանի մեջ։
Երևանի գիշերային կյանքում պարի շուրջ պատկանելության ուրիշ ձևեր են ստեղծվել։ Ռեյվի կրկնվող բիթը մարմիններին ընդհանուր ժամանակ է տալիս, հաջորդ երեկոյին վերադառնալը՝ ծանոթություն ու վստահություն։ Քվիր մարդկանց համար այդ կապը կարող է հատկապես կարևոր լինել։ Երևանյան գիշերային կյանքի մասնակիցների հետ «Ռեզոնանսի» հարցազրույցներում ակումբը նկարագրվում է որպես տեղ, որտեղ հնարավոր է ազատ արտահայտել ինքնությունը և պակաս մեկուսացած զգալ։ Այդ ազատությունը հաճախ ավարտվում է դռնից դուրս։
«Պոլիգրաֆի» «Princess Diaries» երեկոների հայտարարություններից մեկում արգելվում էին խտրական վարքն ու նկարահանումը, ընդգծվում էր փոխադարձ համաձայնությունը։ Նույն հայտարարությունը նախատեսում էր վճարովի մուտք, մարմնի ստուգում և դռան մոտ ընտրություն։ Ներսի անվտանգությունն ապահովելու փորձն իշխանություն էր տալիս մուտքը որոշողին։ Պարահրապարակի ազատությունն այդ շեմով էր անցնում։
2023-ի ապրիլին ոստիկանությունը ներխուժեց ակումբ։ Ակումբի հաղորդմամբ՝ այցելուներն ու աշխատակիցները բռնության և նվաստացուցիչ խուզարկությունների էին ենթարկվել։ Մեկ շաբաթ անց այն վերաբացվեց «Princess Diaries» երեկոյով, ապա հայտարարեց «Defend Dance» բացօթյա սոլիդարության միջոցառման մասին։ Վերադառնալը նաև համերաշխության գործողություն էր. մարդիկ նորից հավաքվում էին այնտեղ, որտեղ իրենց հավաքվելու իրավունքը խախտվել էր։ 2024-ի հունվարին ակումբը հայտարարեց փակվելու մասին՝ պատճառների թվում նշելով իշխանությունների հետ երկարատև իրավական պայքարը։
Էլեկտրոնային երաժշտության հավաքներն այսօր ծավալվում են նաև քաղաքից դուրս։ «Horizon»-ի 2026-ի ծրագրում Դեբեդն ու Գառնին էին, «Kodama»-ն փառատոնի վայր էր ընտրել Ապարանի ջրամբարի շրջակայքը, HOWL-ը՝ Սևանի ափը։ Մասնակցության հաշվարկն էլ է փոխվում։ Տոմսին գումարվում են ճանապարհը, երբեմն՝ գիշերակացը, աշխատանքից ազատ օրը կամ երեխայի խնամքը կազմակերպելու ծախսը։ Պարահրապարակի ազատությունը կախված է նաև այնտեղ հասնելու հնարավորությունից։
Մենության քաղաքականությունը
Պարից հետո մնում է նորից հանդիպելու ակնկալիքը։ Ծանոթ տեղն ու կրկնվող երեկոն թույլ են տալիս ասել՝ «մինչև հաջորդ անգամ», առանց օր ու ժամ ճշտելու։ Երբ այդ տեղը փակվում է կամ դառնում անհասանելի, շաբաթվա մեջ մի դատարկ տեղ է բացվում։ Հանդիպումը տեղափոխվում է անորոշ «մի օր»։ Մարդիկ կարող են կամաց-կամաց անհետանալ միմյանց առօրյայից՝ առանց բաժանվելու կամ վիճելու։
Բյունգ-Չուլ Հանը «Ծեսերի անհետացումը» գրքում ծեսերի քայքայման հետ կապում է նաև դեպրեսիան։ Նրա համար ծեսերը մարդուն պահում են աշխարհի հետ կենդանի հարաբերության մեջ։ Երբ այդ կապը մարում է, մարդն ավելի է փակվում իր ներսում. աշխարհն ասես այլևս չի արձագանքում։
Մշակութային քննադատ Մարկ Ֆիշերի «Սթրեսի մասնավորեցումը» (2011) էսսեն բացում է այդ մեկուսացման սոցիալական պայմանները։ Անկանխատեսելի աշխատանքային օրը խլում է առօրյայի հաստատուն ռիթմը, թուլանում են համերաշխության կապերը։ Այդ պայմաններում մարդուն սովորեցնում են իր տառապանքի պատճառը փնտրել իր մեջ։ Կյանքի անապահովությունը վերապրվում է որպես անձնական անհաջողություն։
Ծեսերի բացակայությունը կարող է խորացնել այդ մեկուսացումը։ Կորչում են այն առիթները, երբ ուրիշի պատմության մեջ հնարավոր էր ճանաչել սեփական վիճակը։ Մարդիկ կարող են նույն ծանրությունը կրել իրարից մի պատի հեռավորության վրա՝ համոզված, որ այն միայն իրենցն է։
Ծեսին հարկավոր է տեղ
Երևանում միասին լինելու համար հաճախ նախ պետք է ինչ-որ բան պատվիրել։ Սրճարանի սեղանն ունի հաշիվ, ակումբի դուռը՝ տոմս։ Բակում էլ հավաքվելու տեղը հաճախ մեքենաներն են զբաղեցնում։ «Կարինի» անվճար պարերը ցույց են տալիս, թե որքան բան է հնարավոր, երբ մասնակցությունը փող չի պահանջում։ Միջոցառումների առատությունը դեռ քիչ բան է ասում այն տեղերի մասին, որտեղ կարելի է պարբերաբար հանդիպել՝ առանց հաճախորդ դառնալու։
Այդպիսի կյանքը կախված է ամենասովորական բաներից՝ նստելու տեղից, ջրից, ձմռանը՝ ջեռուցվող սենյակից։ Երբ այդ ամենի գինը մշտապես վճարում են նույն մարդիկ, «համայնք ստեղծելու» ցանկությունը հերթական պարտականություն է դառնում նրանց համար։ Բաբետի խոհանոցը մոտ է նույնիսկ ամենաազատ հավաքին։ Փոխօգնության վրա հնարավոր չէ անվերջ բարդել չաշխատող հանրային ծառայությունների գործը։
Տոնը տնօրինելու հարցն այս ամառ բացվեց Վարդավառի շուրջ։ Հուլիսի 12-ի համար քաղաքապետարանը Հանրապետության հրապարակում նախատեսել էր ջրային միջոցառումներ, ժամանցի և սննդի գոտիներ, համերգ։ Քաղաքապետի տեղակալը միաժամանակ հայտարարել էր, որ քաղաքի մյուս վայրերում ոչինչ չեն արգելելու կամ սահմանափակելու։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը քննադատեց տոնը փառատոնի վերածելու մոտեցումը՝ այն համարելով ժառանգված մշակութային շերտերին վնասող վարչական միջամտություն։ Բակային ջրախաղում ընթացքը որոշվում է տեղում։ Անցորդը կարող է դառնալ մասնակից, երեխան՝ մեծին ջրողը։ Տոմս չկա, բայց հաճախ բացակայում է նաև ջրվելուց հրաժարվելու հնարավորությունը։ Դարերի կրկնությունն այդ հարկադրանքը չի արդարացնում։
Բեմի շուրջ հավաքված բազմությունից դժվար է կռահել՝ այդ հանդիպումից ինչ է մնալու հաջորդ օրը, երբ բեմն ապամոնտաժված է։
Չորրորդ ծեսը
Ժառանգված պարտքի, գնված ծառայության և հարթակին հարմարեցված տեսարանի կողքին տեղ է մնում չորրորդ՝ համապրության ծեսի համար։ Սոցիալական քննադատ Իվան Իլլիչը Tools for Conviviality (1973) գրքում խոսում է մարդկանց՝ միմյանց ու միջավայրի հետ ինքնուրույն և ստեղծագործ հարաբերությունների մասին։ Նրա conviviality-ն, այստեղ՝ համապրությունը, անձնական ազատությունն է՝ իրագործված փոխկախվածության մեջ։
Ծեսի մասնակիցների համար սա նաև հավաքի ձևն ու ընթացքը փոխելու հնարավորություն է։ Միասին լինելու հաճույքը ձև ու տևողություն է ստանում։ Մի երեկոյից մյուսը ձգվում է կիսատ մնացած խոսակցությունը։ Առօրյայում հատկացված դերերը մի պահ կորցնում են իրենց անխուսափելիությունը։ Ուրիշների հետ լինելու ցանկությունը դառնում է վերադառնալու բավարար պատճառ։
Պատկերացնենք՝ շաբաթվա մի երեկո Երևանի մի քանի փողոց ազատվում են մեքենաներից։ Բակերից դուրս են գալիս սեղաններ, կաթսաներ, աթոռներ։ Մի կողմում պար են սովորեցնում, քիչ հեռու քայլերը խառնվում են էլեկտրոնային բիթին։ Երկու աթոռի վրա երեխա է քնել։ Սեղանի շուրջ տեղ կա նաև դատարկաձեռն եկածի համար։ Ուտելիքը չի բավականացնում, ինչ-որ մեկը խնդրում է իջեցնել երաժշտությունը։ Մարդիկ տարբեր ժամերի են գալիս, ոմանք հեռանում են նեղացած։
Հավաքի անվճար լինելը դեռ չի ասում՝ ում ժամանակի ու աշխատանքի հաշվին է այն հնարավոր դարձել։ Սպասքը հավաքելու համար սովորաբար առաջինը վեր կացող կինն այս անգամ մնում է նստած։ Ափսեները մի պահ մնում են սեղանին, մինչև ուրիշ ձեռքեր են հայտնվում։ Խոսակցությունն իր հունով շարունակվում է։
Հաջորդ շաբաթ նույն հավաքը գուցե ուրիշ ընթացք ունենա։ Վերադարձի ցանկությունն արդեն հասցե ունի, բայց ձևը դեռ փոխվում է։ Մարդը կարող է մի երեկո լուռ մնալ, շուտ հեռանալ, ասել՝ այս անգամ չեմ անելու, և հաջորդ շաբաթ նորից գալ։ Կրկնությունից մտերմություն է ծնվում, որի մեջ մի փոքր տեղ է մնում Ուրիշի համար՝ նույնիսկ վաղուց ծանոթ մարդու ներսում։
Բակից տուն գնալուց հետո էլ կապը կարող է շարունակվել։ Մեկը հարևանի հետ բժշկի կգնա, մյուսը կնկատի երկար ժամանակ չերևացողին։ Ջուրը բացող կնոջ մասին իմ հիշողության մեջ մնացել է նրան «գործից կտրելու» այդ շտապ պահանջը։ Ուզում եմ պատկերացնել մի երեկո, երբ նրա դուռը թակում են, որովհետև սեղանի շուրջ իր տեղը դատարկ է։
Թագուհի Թորոսյան
արվեստագետ, համադրող
- Տեսական հենարաններ՝ Բյունգ-Չուլ Հան, The Disappearance of Rituals (2020, գերմաներեն բնագիրը՝ 2019, մեջբերումը՝ հեղինակի թարգմանությամբ), Քեթրին Բել, Ritual Theory, Ritual Practice (1992), Վիկտոր Թըրներ, The Ritual Process: Structure and Anti-Structure (1969), Իվան Իլլիչ, Tools for Conviviality (1973)։