2026 թ. սեպտեմբեր 19, շաբաթ

Իրանի վրա հարձակվողները ապուշ են. հարցազրույց

Փոխանակային հարաբերակցություն (Exchange Ratio)
Հարցազրույց Երվանդ Աբրահամյանի հետ

— NLR-ին տված ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ Իրանը նոր էր դուրս եկել հունվարի բողոքի ցույցերի ճնշման տակից։ Ինչպե՞ս եք գնահատում երկրի ներքաղաքական իրավիճակը պատերազմի վեց ամիսներից հետո։ Որքանո՞վ է երկիրը մոտ հերթական խոշոր սոցիալական պայթյունին։

— Դժվարություններ իհարկե կան, բայց դա նորություն չէ։ Պատժամիջոցները վաղուց են գործում։ Դրանք վերջին ժողովրդական ապստամբության հիմնական պատճառն էին. սա երկարաժամկետ գործոն է։ Իսկ թե արդյոք տնտեսական դժվարությունները կհանգեցնեն ռեժիմի տապալմանը՝ արդեն այլ հարց է։ Ուրիշ օրինակներից գիտենք, որ պատժամիջոցները, որքան էլ խիստ չլինեն, այդ նպատակին չեն հասնում։ Ինչո՞ւ Ջորջ Ու. Բուշը ներխուժեց Իրաք։ Որովհետև տարիներ տևած պատժամիջոցները բավարար չէին Սադամ Հուսեյնի իշխանությունը տապալելու համար։ Նույնն էլ Քադաֆիի դեպքում էր։ Փորձեցին նաև Ասադի վրա, դա էլ ձախողվեց։ Կարծում եմ, Իրանի դեպքում դժվարությունները ծանր են լինելու, հատկապես ցածր և միջին խավերի համար։ Բայց չեմ կարծում, որ դա կհանգեցնի ռեժիմի փոփոխության։ Հեղափոխության պահապանները իսկապես նվիրյալներ են։ Դա մեծ բանակ չէ և չի կարող նվաճել հարևաններին, բայց բավարար մեծ ուժ է քաղաքները վերահսկելու համար։ Նախկինում նրանք պատրաստ էին կրակել անզեն ցուցարարների վրա։

Ինչ-որ առումով պատերազմն իրականում ամրապնդել է ռեժիմը։ Անցյալ տարվեվերջին, երբ ցույցերը սկսվեցին, ռեժիմը կորցրել էր լեգիտիմության մեծ մասը, քանի որ խարխլել էր իր սոցիալական հենարանը։ Ռեժիմին աջակցում էր բնակչության ընդամենը 15-20 տոկոսը։ Բայց պատերազմը նրան երկրորդ կյանք է տվել։ Նույնիսկ նրանք, ովքեր անտարբեր են ռեժիմի նկատմամբ, բավական հպարտ են փաստով, որ Իրանը կարողանում է դիմակայել խոշոր տերությանն ու նույնիսկ գերազանցել այն։ Կարելի է զուգահեռներ տանել Խորհրդային Միության հետ։ Բոլշևիկներն ի սկզբանե բավական մեծ լեգիտիմություն ունեին, բայց 1930-ականներին կորցրին այն՝ մեծ սովի և բռնաճնշումների հետևանքով։ Երկրորդ համաշխարհայինը խորհրդային իշխանությանը երկրորդ կյանք տվեց, և այդ ազդեցությունը շարունակվեց սերունդներ շարունակ։ Պուտինի ռեժիմը մինչ օրս փորձում է Հայրենական մեծ պատերազմը օգտագործել որպես լեգիտիմության աղբյուր։ Կարծում եմ իրանական ռեժիմն էլ նույնը կանի։

Այն, թե ինչպես է այս ամենը մինչ այժմ կազմակերպվել՝ ասենք, Խամենեիի հուղարկավորությունը, ցույց է տալիս, որ ռեժիմը ինստիտուցիոնալ առումով շատ ամուր է։ Վեբերը երևի կզարմանար՝ տեսնելով, որ Միացյալ Նահանգները, որը ենթադրաբար ժամանակակից պետություն էր՝ ինստիտուցիոնալացված բյուրոկրատիայով, վերածվել է սուլթանության, որտեղ սուլթանը որոշումներ է կայացնում ինքնուրույն՝ խորհուրդներ ստանալով իր պալատական ստրուկներից կամ ծառաներից։ Այսպիսի բաներից եմ ապշում, երբ ամերիկյան մամուլ եմ կարդում, հատկապես New York Times, որը բավական ինֆորմատիվ է Վաշինգտոնում կայացված որոշումների մասին։ Մարքս եղբայրների ֆիլմի է նման այդ քաոսը։ Իրանական ռեժիմը լրիվ ուրիշ է։ Չնայած Իրանը ղեկավարվում է միջնադարյան թեոկրատների կողմից, այն խիստ ինստիտուցիոնալացված է։ Նույնիսկ ղեկավարության գլխատումը չհանգեցրեց ռեժիմի փլուզմանը։ Երևի հենց դա էին ակնկալում իսրայելցիները։ Նրանք Թրամփին վստահեցրել էին, որ երեք-չորս օր ռմբակոծությունից հետո ռեժիմը կփլուզվի։ Իշխանափոխություն կլինի կամ, կարծում եմ Իսրայելն իրականում մտածում էր, որ երկիրը կընկնի քաղաքացիական պատերազմի մեջ։ Բայց նման բան չեղավ։ Ինստիտուտները պահպանվեցին և ոնց որ թե բավական ամուր են։ Համոզված եմ՝ ղեկավարության ներսում անձնական և քաղաքական մրցակցության մեծ չափաբաժին կա, բայց նրանք, այնուամենայնիվ, շահագրգռված են իրենց հանրապետության պահպանմամբ։

— Ինչ վերաբերում է տնտեսական վիճակին, հաղորդումներ են եղել, որ վերջերս հացի սուբսիդիաները կրճատվել են, իսկ գները՝ կրկնապատկվել։ Դա բավական ռիսկային քաղաքականություն է թվում։

— Այո, բայց ռեժիմը պաշարների բաշխման առումով բավական խելամիտ է գործում։ Հավանաբար բնակչության ավելի աղքատ հատվածների համար սուբսիդիաներ կլինեն։ Կրկին, ինստիտուտները շատ արդյունավետ են։ Դա ակնհայտ էր նաև 1980-ականների Իրան-Իրաք պատերազմի ժամանակ։ Մուսավիի կառավարությունը հաջողությամբ հետևում էր, որ պակասուրդ չառաջանա։ Մինչ այժմ, չնայած բոլոր դժվարություններին, կարծես թե բավարար սնունդ և հիմնական ապրանքներ կան։ Այստեղ զուգահեռներ կարելի է անցկացնել Մոսադեղի ժամանակաշրջանի հետ։ Արևմտյան կոնսենսուսն այն էր, որ նավթի էմբարգոն կփլուզի տնտեսությունը, բայց այդպես չեղավ։ Թեև 1951-53 թվականներին Իրանը չէր կարողանում նավթ արտահանել, երկիրը հիմնականում ագրարային տնտեսություն ուներ, իսկ բերքահավաքը լավ էր։ Հետևաբար, չառաջացավ այնպիսի իրական ճգնաժամ, որը կարող էր տապալել ռեժիմը։ 1979 թվականից ի վեր ռեժիմը միշտ շեշտել է առաջին անհրաժեշտության ապրանքների հարցում ինքնաբավությունը։ Կարող են գոյատևել, քանի որ կարող են հենվել ներքին արտադրության և էմբարգոն շրջանցելու այլ միջոցների վրա։ Չեմ ուզում թերագնահատել մարդկանց կրած դժվարությունները, բայց չեմ կարծում, որ դրանք բավարար են ռեժիմը կործանելու համար։

Եթե նրանք շարունակեն նավթ վաճառել, հատկապես Չինաստանին, ապա որոշակի եկամուտ կունենան, ինչը կօգնի մեղմել տնտեսական ճգնաժամի ազդեցությունը։ Նրանք օգտագործում են նաև այլ ուղիներ։

Տարածաշրջանից դուրս էլ շատ նավթատարներ ունեն։ Նավթը լավ գնով չեն վաճառում, բայց գոնե դրանից որոշակի եկամուտ են ստանում։ Կրկին՝ քաղաքական առումով նրանք բավական խելամիտ են գործում և պատրաստ էին նման իրավիճակի։ Կարծում եմ Իրանն աշխարհում նավթատարների ամենամեծ նավատորմն ունի, որը կարող է նավթ պահեստավորել և տեղափոխել աշխարհի տարբեր վայրեր՝ այս կամ այն տեղում վաճառելու համար։

— Արևմտյան մամուլում տեղեկություններ են շրջանառվում բանակցությունների հարցում իրանական ղեկավարության պառակտումների մասին։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

— Այդ տարաձայնություններին չափազանց մեծ նշանակություն է տրվում։ New York Times-ը շարունակ պնդում է, որ բանակցությունների իրական խնդիրը Իրանի կոշտ գծի կողմնակիցներն են։ Դա ճիշտ չէ։ Պատմականորեն կոշտ գծի կողմնակիցները միշտ էլ պատրաստ են եղել ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ։ Խոմեյնին, նույնիսկ երբ ԱՄՆ-ին և Իսրայելին դատապարտում էր որպես սատանայական ուժեր, կուլիսների հետևում բավական մաքիավելյան քաղաքականություն էր վարում։ Բավական է հիշել Իրանգեյթը։ Նույնը կարելի է ասել ավագ Խամենեիի մասին։ Չնայած ողջ հռետորաբանությանը՝ նրա ներկայացուցիչները պատրաստ էին բանակցել և համաձայնության գալ։ Պետք է տարանջատել Թեհրանի հռետորաբանությունը նրա իրական քաղաքականությունից։ Կարծում եմ այսօրվա այսպես կոչված կոշտ գծի կողմնակիցները պատրաստ կլինեն համաձայնության գալ, եթե կարողանան վստահել մյուս կողմին։

Պարտադիր չէ կոշտ գծի կողմնակից լինել Թրամփին չվստահելու համար։ Ի՞նչպիսի համաձայնության կարող ես հասնել մեկի հետ, ով վստահելի չէ։ Նա կարող է գործարք կնքել, իսկ հաջորդ օրը խզել այն, ասել, որ մտափոխվել է։ Հունիսի 17-ի հուշագրի հիման վրա Վաշինգտոնում ենթադրվում էր, որ Իրանը կբացի նեղուցները, իսկ դրանից հետո ամերիկացիները կանցնեն պատժամիջոցների թուլացման հաջորդ փուլին և թույլ կտան Իրանին նավթ վաճառել։ Բայց իրանցիները տեսնում էին, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Նրանք զիջելու էին իրենց գլխավոր հաղթաթուղթը։ Նեղուցները բացելուց հետո Թրամփը կարող էր նոր պահանջներ առաջ քաշել կամ հրաժարվել ստանձնած պարտավորություններից, ասելով, որ դա գործարքի մաս չէ։ Համոզված եմ, որ եղել են մարդիկ, ասենք նախագահ Փեզեշքիանի պես, որոնք ավելի շատ կողմ էին համաձայնագրին, բայց նրա համար դժվար կլիներ մյուսներին համոզել, որ Թրամփն այն մարդն է, որին կարելի է վստահել։

— Ձեր կարծիքով իրանական բնակչության մեծամասնությունն այս հարցում ո՞ւմ կողմից է՝ Փեզեշքիանի՞, թե՞ կոշտ գծի։

— Մեծամասնությունը երևի Փեզեշքիանի կողմից է, որովհետև նրանք իրավիճակի մասին թերի պատկերացում ունեն։ Կրկին, սա Մոսադեղի ժամանակաշրջանի կրկնությունն է։ Շատ իրանցիներ կարծում էին, որ եթե Մոսադեղը պատրաստ լիներ փոխզիջման գնալ, ամեն ինչ լավ կլիներ։ Նրանք չէին գիտակցում, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան երբեք էլ փոխզիջում չէին ուզում. նրանք ցանկանում էին վերահսկել նավթը։ Բայց հակառակը պնդող արդյունավետ քարոզչություն կար։ Այսօր էլ համատեղ ջանքերով փորձ է արվում ներկայացնել, թե ԱՄՆ-ը Իրանի դեմ ոչինչ չունի, և Իրանի՛ ռեժիմն է անզիջում։ Իրանում շատերն այս ռեժիմը չսիրելու իրենց պատճառներն ունեն։ Հեշտ է ստեղծված փակուղու համար հենց ռեժիմին մեղադրելը։

— Փետրվարին Դուք խոսեցիք Իրան-Իրաք պատերազմի՝ Իսլամական նորաստեղծ Հանրապետության վրա համախմբող ազդեցության մասին։ Այսօր տեսնո՞ւմ եք նմանատիպ դինամիկա։ Հնարավո՞ր է, որ «դրոշի շուրջ համախմբվելու» էֆեկտը կարճատև լինի։

— Քանի դեռ Իրաքի հետ հակամարտությունն ընկալվում էր որպես պաշտպանական պատերազմ, այն համախմբող ազդեցություն էր ունենում։ Բայց երբ Խորամշահրն ազատագրվեց և որոշում կայացվեց մտնել Իրաք, կարգախոսը դարձավ՝ «պատերազմ, պատերազմ մինչև հաղթանակ», և «Երուսաղեմ տանող ճանապարհն անցնում է Բաղդադով»։ Դա խարխլեց ռեժիմի դիրքերը։ Ավելի պակաս հայտնի է այն, որ նավատորմի հրամանատարը և կանոնավոր բանակի բավական մեծ թվով բարձրաստիճան սպաներ դեմ էին պատերազմը շարունակելուն։ Նրանք հրաժարականներ ներկայացրին, բայց դրանք չընդունվեցին։ Նրանց փաստարկն այն էր, որ եթե Իրանը շարունակի պատերազմը, դա Միացյալ Նահանգներին կներգրավի հակամարտության մեջ։ Դա կամրապնդի իմպերիալիզմը տարածաշրջանում, իսկ դա ձեռք չի տալիս Իրանին։ Բայց որոշումը կայացրին Հեղափոխության պահապաններն ու Խոմեյնիի շուրջ հավաքված արկածախնդիրները, որոնց համար դա հեղափոխությունը տարածելու հնարավորություն էր։ Այսօր Թեհրանի կոշտ գծի կողմնակիցները չեն մտածում հեղափոխությունը տարածելու մասին։ Նրանք մտածում են պաշտպանության մասին։ Հասարակական ընկալումը կարևոր է․ նրանք չեն ցանկանում անզիջում երևալ, թեև դրա համար հիմնավոր պատճառներ ունեն։ Ուզում են ցույց տալ, որ պատրաստ են համաձայնության գալ, և որ մինչ այժմ ձախողման մեղավորը մյուս կողմն է։ Կարծում եմ դա է պատճառը, որ նրանք համաձայնեցին հուշագրին։ Եթե իրական առաջարկ ներկայացվեր, նրանք կհայտնվեին հասարակական ճնշման տակ։ Բայց նրանք չեն ուզում տպավորություն ստեղծել, թե թույլ են տալիս խաբել կամ օգտագործել իրենց։

— Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից բարձրաստիճան ղեկավարների սպանություններից հետո Իրանի ղեկավարության մեջ վերադասավորումներ են տեղի ունեցել։ Ինչպե՞ս պետք է հասկանալ Մոջթաբա Խամենեիի վերջին նշանակումները։

— Նախ ուզում եմ անդրադառնալ ավագ Խամենեիի սպանությանը։ Դա իսկապես մաֆիական ոճի սպանություն էր։ Առավոտյան Խամենեին բաց ընտանեկան հանդիպում էր հրավիրել, հենց այն առավոտյան, երբ իրանցի և ամերիկացի ներկայացուցիչները Ժնևում բանակցություններ էին վարում։ Խամենեին սխալ էր հաշվարկել, երբ որոշել էր, որ բանակցությունների մեկնարկի փուլում չեն ռմբակոծի։ Բայց նրանք սպանեցին ոչ միայն Խամենեիին, այլև նրա դստերը, թոռնուհուն, փեսային և հարսին։ Մաֆիան գոնե որոշակի կարմիր գծեր ունի։ Իմ տպավորությամբ՝ Մոջթաբան ռմբակոծության հետևանքով ծանր վիրավորվել է, դրա համար էլ չեն ուզում, որ նա երևա հանրության առաջ։ Բայց նա ի վիճակի է և կայացնում է վերջնական որոշումները։ Այստեղ նաև վաղ իսլամական պատմության՝ Թաքնված Իմամի մասին պատկերացման արձագանք կա։ Պարտադիր չէ, որ նա երևա․ խոսնակը կարող է խոսել նրա անունից։

Ինչ վերաբերում է նշանակումներին, երկար ժամանակ Մոջթաբան հոր աջ ձեռքն էր ռազմական և ազգային անվտանգության հարցերում։ Նա անձնական կապեր էր հաստատել որոշ մարդկանց հետ և այժմ հենց այդ մարդկանց է նշանակել պատասխանատու պաշտոններում։ Այստեղ հարցը կոշտ գծի կողմնակից կամ չափավոր լինելը չէ։ Ավելի շատ վստահելի մարդկանց հարցն է․ սա մեծապես ներխմբային ֆենոմեն է։ Մարդիկ այս անձանց ընկալում են որպես Հեղափոխության պահապանների և հոգևորականության արտադրանքներ։ Բայց նրանք նաև, ըստ էության, ներկայացնում են Իրանի մանր բուրժուազիան՝ բազարի խավը։ Եթե ուսումնասիրեք նրանց կենսագրությունները, կտեսնեք, որ այդ խավից են։ Միմյանց ընտանիքների հետ խնամիական կապեր ունեն, սա բավականին սերտ կապված խմբավորում է։

— Ինչպե՞ս եք բացատրում ամերիկացիների և իսրայելցիների հաջողությունը՝ իրենց թիրախներին հայտնաբերելու և սպանելու հարցում։

— Դժվար չէ պարզել, թե որտեղ է ինչ-որ մեկը բնակվում։ Մարդիկ այստեղից անմիջապես անցնում են իսրայելական հետախուզության հնարավորությունների գերագնահատմանը։ Նրանք գուցե ճանաչում են անձնակազմին, գիտեն՝ ով ով է և ում որտեղ կարելի է գտնել։ Բայց Իրանի մասին նրանց պատկերացումները անհեթեթ են։ Մի քանի օրինակ բերեմ․ հունիսյան պատերազմի ժամանակ նրանք թռուցիկներ էին նետում եբրայերենով՝ Թեհրանի հրեական փոքրամասնությանը կոչ անելով ապստամբել Հանրապետության դեմ։ Դրանից ավելի անպատասխանատու բան չեմ կարող պատկերացնել։ Նույն կերպ՝ այն համոզմունքը, որ չորս օր ռմբակոծությունը բավական կլինի ռեժիմը տապալելու համար, կրկին ցույց էր տալիս Իրանի վերաբերյալ լիակատար թյուրըմբռնումը։ Այժմ մենք նաև գիտենք, որ իշխանության գալու համար նրանց թեկնածուն Ահմադինեժադն էր։ Ի՞նչը կարող էր դրանից ավելի անհեթեթ լինել։ Հիմա ռեժիմը նրան խիստ վերահսկողության տակ է պահում և օգտագործում՝ ցույց տալու համար, որ բոլորը իրենց կողքին են։ Ինչ-որ պահի ստիպված են լինելու զբաղվել նրանով։ Չեմ կարծում, թե կարող են անտեսել այն փաստը, որ նա իսրայելցիների հետ համագործակցում էր ռեժիմը տապալելու նպատակով։ Նախագահության տարիներից ի վեր նրա և հոգևորական վերնախավի միջև վատ հարաբերություններ են ձևավորվել։ Ես կասեի՝ նրա օրերը հաշված են։

— Թրամփը սկզբում ասել էր, որ իսրայելցիները սպանել են ապագա հնարավոր ընդդիմադիր առաջնորդներին։ Գուցե նրանք, բացի Ահմադինեժադից, այլ մարդկանց է՞լ նկատի ունեին։

— Թրամփը դժվար թե իմանար՝ Իրանում ով ով է։ Նա գուցե կարդացել էր, որ, օրինակ, Լարիջանին, որը բնավ լիբերալ չէր, ավելին՝ անզիջում պահպանողական էր, թեև բանակցել էր Օբամայի հետ, սպանվել է։ Հավանաբար, նա մտածել էր, որ հենց սրանք էին այն թեկնածուները, որոնց հետ Իսրայելը նախատեսում էր աշխատել։ Այդպես նա երկուսին երկուս էր գումարել ու ստացել հինգ։ Սա ցույց է տալիս մի առանցքային խնդիր․ Վաշինգտոնում իրականում չկան մարդիկ, որոնք կարող են նախագահին վստահելի տեղեկություններ տրամադրել։ Ուստի նա լսում է Նեթանյահուի պես մարդկանց։ Նրա փոխնախագահը գուցե դեմ էր Իրանի հետ պատերազմ սկսելուն, բայց չուներ բավարար փաստարկներ Թրամփին ապացուցելու համար, որ դա վատ գաղափար է։ Կրկին, New York Times-ը այստեղ բավական ինֆորմատիվ էր։ Լավ գործող կառավարությունում պետք է լիներ աշխատանքային խումբ, որը կարող էր իրավիճակի վերաբերյալ հուշագիր պատրաստել։ Որո՞նք են պատերազմի վտանգները։ Որո՞նք են դրա ծախսերը։ Որո՞նք են այլընտրանքային տարբերակները։ Այսօր Վաշինգտոնում նման բան չկա։ Իրականում ես կասկածում եմ, որ Սպիտակ տանը կա թեկուզ մեկ Իրանի հարցերով փորձագետ, որի կարծիքը լսում են։

— Ինչպե՞ս կգնահատեք Իրանի ռազմական արդյունավետությունը։ Պատերազմի առաջին երկու ամիսներին ամերիկացիներն ու իսրայելցիները հաղթական տրամադրություններ ունեին։ Սակայն դրանից հետո ԱՄՆ-ի հետախուզությունը հաստատել է, որ ոչնչացվել է իրանական հրթիռային զինանոցի մոտ մեկ երրորդը, մինչդեռ վեց ամիս տևած գործողությունները սպառել են ամերիկյան որսացող հրթիռների և այլ զինամթերքի պաշարների զգալի մասը։

— Իսրայելն ու ԱՄՆ-ը շեշտը դնում էին Իրանի նավատորմը խորտակելու վրա։ Նրանք ոչնչացրել էին Իրանի ռազմաօդային ուժերը։ Բայց փաստն այն է, որ խորտակելու համար առանձնապես մեծ նավատորմ չկար։ Ռազմաօդային ուժերն էլ մինիմալ էին։ Իրանը միշտ հենվել է կարճ և միջին հեռահարության հրթիռների վրա։ ԱԹՍ-ները անակնկալ էին։ Դրանք էժան են և հեշտ են արտադրվում։ New York Times-ը գրել էր, որ դրոնն արժե 30 հազար դոլար, հետո այդ թիվը նվազեցրել մինչև 10 հազար դոլար։ Սփյուռքում բնակվող իրանցի տնտեսագետներից մեկը ԱԹՍ-ի արժեքը գնահատել է 4 հազար դոլար։ Յուրաքանչյուր ամերիկյան հրթիռ, որը մեկ ԱԹՍ է խոցում, արժե 1 միլիոն դոլար։ Ուստի 1 միլիոն դոլարը 4 հազարի դիմաց՝ Իրանի համար բավական շահավետ փոխանակում է։ Եվ նրանք այդ ԱԹՍ-ները կարող են արտադրել մեծ մասշտաբներով։

19-րդ դարից սկսած օրիենտալիստական աշխատություններում պնդվում է, որ արևմտյան բանակներն ավելի արդյունավետ են, քանի որ լիազորությունները պատվիրակում են տեղում գործող սպաներին, մինչդեռ արևելյան բանակներն այդպես անել ի վիճակի չեն․ ամեն ինչ պետք է խստորեն վերահսկվի կենտրոնից։ Պատերազմը ցույց է տվել, որ Իրանը շատ լավ կարողանում է լիազորություններ փոխանցել։ Որքան էլ մեծ վնաս հասցնեք Թեհրանի բյուրոկրատիային, Պարսից ծոցում գտնվող սպաներն իրենց ԱԹՍ-ներով դեռ կարող են բավական արդյունավետ գործել։ Փաստորեն օրիենտալիստները կարող են լիազորությունների փոխանցման հարցում նույնիսկ ավելի արդյունավետ լինել, քան Արևմուտքը։ 

— Դուք պնդում էիք, որ Իսրայելի և, հետևաբար, Ամերիկայի իրական նպատակը ոչ այնքան ռեժիմի փոփոխությունն էր, որքան Իրանական պետության կազմաքանդումը էթնիկ գծերով։ Ձեր կարծիքով՝ այսօր որքանո՞վ է այս հեռանկարը դեռևս իրատեսական։

— Վստահ չեմ, որ Սպիտակ տանը որևէ մեկն իսկապես մտածել է այդ մասին։ Բայց այո, կարծում եմ սա էր իսրայելական օրակարգը՝ Իրանի կազմաքանդումը Իրաքի, Սիրիայի և Լիբիայի պես։ Ահմադինեժադի տարբերակը կարող էր տեղավորվել այդ ծրագրի մեջ, որովհետև Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար նրան նախագահ դարձնելուց ավելի լավ բան դժվար է մտածել։ Սա լրացուցիչ զինամթերք է տալիս Իրանում նրանց, ովքեր ասում են, որ սա գոյատևման պատերազմ է, քանի որ հակառակորդները ոչ թե պարզապես ուզում են ազատվել ռեժիմից, այլ ցանկանում են ոչնչացնել երկիրը։ Ես զարմացած եմ, որ նրանք այս փաստարկն ավելի հաճախ չեն օգտագործում։ Շատերը կարծում էին, որ Թրամփն իսկապես մտահոգված է ցուցարարների սպանություններով և գալու է նրանց ռեժիմից փրկելու։ Միապետականները մտածում էին, որ շահին վերադարձնելու են։ Մոջահեդինները կարծում էին, որ իրենք են իշխանության հավակնորդները։ Բայց բոլորը շատ արագ հասկացան, որ իսրայելական օրակարգը լրիվ այլ էր։

— Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Իրանի ռազմավարությունը, և որքանո՞վ է հավանական, որ այն հաջողության հասնի։

— Կարծում եմ ռազմավարությունն ըստ էության ճգնաժամը երկարաձգելն է։ Հույս ունեն, որ Վաշինգտոնում փոփոխություն տեղի կունենա և իշխանության կգա ավելի վստահելի մեկը, որի հետ հնարավոր կլինի համաձայնության գալ։ Նրանք կարծում են, որ դա հնարավոր է, եթե ներկայիս ճգնաժամը շարունակվի։ Նավթի գները չեն ընկնում, շարունակելու են բարձրանալ։ Թրամփը փորձում է դրանք ցածր պահել՝ ասելով, որ մենք շուտով համաձայնության ենք գալու, կամ որ նրանք շուտով հանձնվելու են։ Վաղ թե ուշ Ուոլ Սթրիթը կհասկանա, որ այս ճգնաժամն առաջիկայում չի ավարտվելու։ Նավթի, բայց նաև գազի և պարարտանյութերի գները բարձր են մնալու, և դա հարվածելու է ամերիկացիների գրպանին։ Այդ ազդեցությունը զգացվելու է ընտրություններում։

— Ձեր կարծիքով ի՞նչ դասեր է քաղել Իրանի ղեկավարությունը վերջին տասնութ ամիսների փորձից։ Արդյո՞ք դա ուժեղացրել է նրանց դիրքորոշումը, ովքեր պնդում են, որ Իրանին ի վերջո անհրաժեշտ է միջուկային զսպման միջոց, թե՞ ընդհակառակը ամրապնդել է այն տեսակետը, որ պետք է պահպանել միջուկային ներուժը՝ առանց այն զենքի վերածելու։

— Ինձ չի համոզում փաստարկը, թե ռեժիմը հետաքրքրված էր միջուկային զենքով։ Կար մի կարճ ժամանակաշրջան, երբ միջազգային տեսուչները եզրակացրել էին, որ Իրանը հետաքրքրված է միջուկային զենք ձեռք բերելով, այն ժամանակ, երբ Վաշինգտոնը պնդում էր, որ Սադամ Հուսեյնն ունի զանգվածային ոչնչացման զենքեր։ Եթե դուք Թեհրանում լինեիք, իսկ Սադամն արդեն քիմիական զենք էր կիրառել ձեր դեմ, ապա վստահ եմ շատերը, նույնիսկ չափավորները, կհանգեին այն եզրակացության, որ եթե ամերիկացիները համոզված են, որ Սադամը միջուկային զենք ունի, ապա մենք էլ պետք է ինչ-որ բան անենք։ Կարծում եմ այդ ժամանակ նրանք ուսումնասիրում էին միջուկային զենքի հարցը։ Բայց միջազգային տեսուչները եզրակացրին, որ դա դադարեցվեց հենց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք, և պարզ դարձավ, որ Սադամը միջուկային զենքի ծրագիր չուներ։ Թեհրանը փորձում էր մշակել հետազոտությունների համար անհրաժեշտ գիտելիքներ և հարստացման կարողություններ, որոնք անհրաժեշտության դեպքում ապագայում կարող էին վերածվել զենքի։ Այնպես որ, երբ Օբաման եկավ իշխանության և ասաց՝ մենք դեմ չենք, որ դուք հետազոտություններ իրականացնեք, քանի դեռ կարող եք երաշխավորել, որ մտադիր չեք այն վերածել զենքի, նրանք համաձայնեցին։ Նույնիսկ այսպես կոչված կոշտ գծի կողմնակիցները։ Ինձ համար դա ապացույց է, որ նրանք իրականում հետաքրքրված չէին միջուկային զենքի ստեղծմամբ։

Հիշեք, որ նույնիսկ երբ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից, Իրանը շարունակում էր պահպանել սահմանափակումներն ու վերահսկողությունը՝ հույսով, որ եվրոպացիները կմիջամտեն։ Ի վերջո, եվրոպացիները նույնպես համաձայնագրի մաս էին։ Միայն երբ տեսան, որ եվրոպացիները չեն պատրաստվում խառնվել, Իրանը սկսեց ուրանի հարստացումը հասցնել մինչև 60 տոկոսի՝ փորձելով ստիպել նրանց վերադառնալ բանակցությունների սեղան։ Իրականությունն այն է, որ ռեժիմը պատրաստ է եղել բանակցել միջուկային հարցի շուրջ։ Միշտ Արևմուտքն է եղել անզիջում կողմը։ Իսրայելի և Արևմուտքի պահանջը միշտ եղել է այն, որ Իսլամական Հանրապետությունն առհասարակ միջուկային հետազոտություններ չիրականացնի․ բացառություն էր Օբամայի վարչակազմը։ Քանի դեռ պահանջը դա է, ես չեմ տեսնում, թե ինչպես նույնիսկ Իրանի չափավորները կարող են համաձայնության հասնել։

— Ձեր կարծիքով՝ վերջին մեկուկես տարվա իրադարձությունները չե՞ն ազդել այս ամենի հիմքում եղած հաշվարկների վրա։

— Հորմուզի նեղուցը Թեհրանին ավելի լավ հաղթաթուղթ է տվել։ Այն շատ ավելի օգտակար է Իրանի համար, քան միջուկային զենք ունենալը։ Եվ կարծում եմ սա երկարաժամկետ ռազմավարական հետևանքներ է ունենալու։ Հեղափոխությունից հետո Իրանը շատ ավելի մեծ ուշադրություն էր դարձնում Միջերկրական ծովին, Լևանտին, Սիրիական առանցքին, «Հեզբոլլահի» առանցքին և Իսրայելին։ Սակայն վերջին երկու պատերազմները ցույց են տվել Իրանի ղեկավարությանը, որ իրենց իրական ուժը Ծոցում է։ Ի հակադրություն՝ Լևանտում նրանք ստիպված էին մեծ զոհողությունների գնալ, առանց զգալի գործնական արդյունքների։ Կարծում եմ նրանք վերակողմնորոշելու են իրենց մեծ ռազմավարությունը, և դա հետևանքներ կունենա «Հեզբոլլահի» և Իսրայելի համար։ Ճակատագրի հեգնանքով սա հիշեցնում է շահի ժամանակաշրջանը։ Նրա գլխավոր հետաքրքրությունն էր Պարսից ծոցում և գուցե նաև Հնդկական օվկիանոսում գլխավոր ուժը դառնալը։ Նա մեծ նավատորմ էր կառուցում և գրավում ծոցի անմարդաբնակ կղզիները։ Ներկայիս ռեժիմն, ըստ էության, հայտնվել է նույն դիրքում։ Չգիտեմ՝ որքանով է սա կոնցեպտուալիզացված, բայց զարգացումների տրամաբանությունն այսպիսին է։

— Ի՞նչ եք կարծում, այս պարբերաբար ընդհատվող ու վերսկսվող պատերազմը երկար շարունակվելու հավանականություն ունի՞։

— Գուցե ավելի վատ լինի։ Երբ պարզ դառնա, որ միակ ելքը Թրամփի հեղինակազրկումն է, նա կարող է միջանկյալ ընտրություններից հետո սրել ռազմական գործողությունները՝ համոզմամբ, որ դա իրեն ինչ-որ տեսակի հաղթանակ կբերի։ Կա ևս մեկ հարց։ Ռուսաստանն այժմ բավական խրված է Ուկրաինայում։ Բայց եթե դա փոխվի, առաջ կգա 1921 թվականի համաձայնագիրը Ռուսաստանի և Իրանի միջև։ Խորհրդային արտաքին քաղաքականության մեծ մասը, ըստ էության, հիմնված էր 1921 թվականի համաձայնագրի վրա, որով սահմանվում էր, որ եթե երրորդ ուժը ներխուժի Իրան, Ռուսաստանն իրավունք ունի զորքեր մտցնել։ Այս մասին շատ չի խոսվում, բայց դա միշտ եղել է Արևմուտքից եկող սպառնալիքների դեմ Իրանի հիմնական պաշտպանական վահանը։ 1951 թվականին Բրիտանիան պատրաստ էր ներխուժել հարավային Իրան՝ նավթն իր վերահսկողության տակ վերադարձնելու համար։ Նրանց կանգնեցրեց գիտակցումը, որ այդ դեպքում ռուսները կունենան միջամտելու միջազգային իրավունք։ Այս պահին այդ դրույթը գործնականում կիրառելի չէ, քանի որ ռուսները խրված են Ուկրաինայում։ Բայց եթե մի բան փոխվի, Իրանի վրա ցանկացած ներխուժում կարող է հանգեցնել ռուսների միջամտությանը կամ նրանց տալ միջամտելու իրավական հիմք։

Սցենարներից մեկը կլինի ռազմական գործողությունների շարունակությունը։ Իրանական կողմը կսպասի Վաշինգտոնում իշխանափոխությանը, իսկ ԱՄՆ-ն հույս կունենա, որ շարունակվող ծովային շրջափակման արդյունքում Իրանը կկոտրվի ավելի շուտ, քան նավթի գների աճը համաշխարհային տնտեսությունը լուրջ ճգնաժամի մեջ կգցի։ Մյուս՝ բավական հեռավոր թվացող սցենարը կլինի ԱՄՆ-ի կողմից ինչ-որ ձևով ցամաքային ռազմական գործողության իրականացումը։

Եթե ռեժիմը կարողանա շարունակել գործել այնպես, ինչպես հիմա է՝ առանց փլվելու, ո՞րն է լինելու Ամերիկայի հաջորդ քայլը։ Լոգիստիկ առումով վստահ չեմ, որ ԱՄՆ-ն ի վիճակի է վերահսկողության տակ վերցնել Պարսից ծոցը։ Նայեք Հորմուզի նեղուցի նկարներին։ Այն ինձ հիշեցնում է Գալիպոլին Առաջին համաշխարհայինի ժամանակ։ Եվ վստահ չեմ, որ Արևմուտքում նավթի գները հնարավոր կլինի պահել մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր։ Մինչև գործարար շրջանակները հասկանան, որ Թրամփը, ըստ էության, մոլորեցնում է իրենց՝ համոզելով, որ խնդիրը շուտով լուծվելու է կամ արդեն վերահսկողության տակ է, գները կարող են կտրուկ աճել։ Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Մյանմայի, Հնդկաստանի նման երկրները մեծապես կախված են Պարսից ծոցի նավթից։ Իսկ ամերիկացիներն այնքան կախված են մեքենա վարելուց, որ երբ բենզինի գինը հասնում է մեկ գալոնի դիմաց 5 դոլարի, դա իսկապես հարվածում է մարդկանց գրպանին։ Գները բարձրանալու են։ Հարցն այն է, թե Ուոլ Սթրիթը որքան կարող է դիմանալ՝ բարելի դիմաց 120, 130 դոլա՞ր։ Մինչ այժմ նրանք կարողանում են վերահսկել իրավիճակը, բայց վստահ չեմ, որ ճգնաժամի շարունակվելու պայմաններում կարող են անվերջ ձգել։

— Այսինքն Իրանն ուժեղ դիրքո՞ւմ է։

— Չեմ կարծում, որ դա իրենց նախագծածի հաշվին է։ Ավելի շուտ Վաշինգտոնի հիմարության շնորհիվ է այդպես։

 

Անգլերեն բնագիրը՝ New Left Review ամսագրում։
Երվանդ Աբրահամյանի նախորդ հարցազրույցը՝
Իրանը կրակի տակ. մաս 1
Իրանը կրակի տակ. մաս 2