Հարցազրույց Երվանդ Աբրահամյանի հետ
Պատմաբան, իրանագետ Երվանդ Աբրահամյանի հետ հարցազրույցը հրապարակվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից մեկ օր առաջ։ Հունվարի սկզբի մասսայական բողոքի ցույցերն արդեն ճնշվել էին՝ կային հազարավոր սպանվածներ, ձերբակալվածներ, մահապատժի դատավճիռներ։ Պարսից ծոց բերված ամերիկյան նավատորմը դեռ սպասում էր գրոհի հրամանին, այաթոլլա Ալի Խամենեին ողջ էր, իսկ ամերիկա-իսրայելական օդուժը դեռ չէր ռմբակոծում Թեհրանը։ Փետրվարի 27, 2026։
Հարցազրույցը կոնտեքստ է տալիս թե՛ հրապարակմանը նախորդած և թե՛ հաջորդած իրադարձություններին։ Անգլերեն բնագիրը՝ New Left Review ամսագրում։
Մաս առաջին
— Երևի սկսենք Իրանի հակառակորդներից։ [2025 թվականի] Հունիսյան պատերազմը նշանավորեց Իրանի դեմ ռազմական արշավի սկիզբը՝ Իսրայելի կողմից օդային հարձակումներով և կետային սպանություններով, ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտների զանգվածային ռմբակոծությամբ։ Որքանո՞վ են համաձայնեցված ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները Իրանի հարցում:
— 1979-ի հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգներն Իրանի հարցով քաղաքականության մշակումը փաստացի արտապատվիրակել էր Իսրայելին։ Թեհրանում Պետդեպարտամենտի ներկայությունն այլևս չկար, տեղեկատվություն այնտեղից չէր գալիս։ Վաշինգտոնը որոշել էր, որ եթե Իրանի վերաբերյալ ինֆորմացիայի կարիք ունենա՝ կստանա Թել Ավիվից։ Այդպես էր տասնամյակներ շարունակ՝ մի կարճատև բացառությամբ, երբ Օբաման փորձում էր հասնել միջուկային սահմանափակումների մասին 2015 թվականի համաձայնագրի (JCPOA) ստորագրմանը։ Այդ գործընթացը խուճապ էր առաջացրել Թել Ավիվում, քանի որ բացառում էր Իրանի վրա հետագա ճնշման հնարավորությունը. Նեթանյահուն թռավ Վաշինգտոն, որպեսզի պայքարի դրա դեմ։ Թրամփի օրոք ԱՄՆ-ն վերադարձավ իր քաղաքականությունն Իսրայելին արտապատվիրակելու պրակտիկային։ 2018-ին Թրամփը դուրս եկավ միջուկային համաձայնագրից՝ JCPOA-ից և խիստ պատժամիջոցներ սահմանեց [ընդդեմ Իրանի]։ Նույնը արեց նաև Բայդենը։ Նեթանյահուն դեմ էր գործարքին, որը երաշխավորում էր Իրանի՝ միջուկային սպառնալիք չլինելը․ նա ավելին էր ուզում։
Հարցը հետևյալն է՝ որո՞նք են Իսրայելի իրական նպատակները։ Նրանք լավ էլ գիտեն, որ «ռեժիմի փոփոխությունն» իրատեսական չէ։ Առանց ԱՄՆ ռազմական օկուպացիայի [գահաժառանգ] շահը Իրան չի վերադառնա։ Միակ այլընտրանքը հեղաշրջումն է Իսլամական հեղափոխության պահապանների կողմից, ինչը շատ ավելի վտանգավոր կլինի Իսրայելի համար։ Ենթադրաբար, նրանց նպատակն է անել այն, ինչ նախկինում արվել է Իրաքի, Սիրիայի և Լիբիայի հետ՝ պետության կազմաքանդում։ Դա սարսափելի կլինի Իրանի համար։ Սարսափելի կլինի նաև Եվրոպայի համար, առնվազն որովհետև կհանգեցնի փախստականների հեղեղի, ինչպես մյուս երկրների պարագայում էր։ Եվ դա չի սահմանափակի ԱՄՆ-ի քաղաքականությունը. Թրամփի համար մեծ խնդիր չէ, քանի դեռ Իրանի կազմաքանդումը հարվածում է Եվրոպային, ոչ թե ուղիղ Միացյալ Նահանգներին։
— Վերադառնանք այս ռեժիմի ակունքներին։ Որպես պատմաբան, որը զբաղվում է ժամանակակից Իրանով՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի կոնսոլիդացիան 1979 թվականի հեղափոխությունից հետո։ Ի տարբերություն 1917 թվականի ռուսական և 1949 թվականի չինական հեղափոխությունների՝ Իրանը երկարատև քաղաքացիական պատերազմ չունեցավ։ Ռուսական հեղափոխությունը Առաջին համաշխարհային պատերազմում ցարիզմի անկման հետևանքն էր, չորս տարի շարունակ այն դիմակայում էր միաժամանակ քաղաքացիական պատերազմին և Անտանտի ինտերվենցիաներին։ Չինական հեղափոխությունը ծնվեց երկու տասնամյակ տևած քաղաքացիական պատերազմից և ութամյա ճապոնական ներխուժումից, հեղափոխությանը հաջորդեց ԱՄՆ-ի հետ եռամյա պատերազմը Կորեայում (այն շարունակվեց Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից տասներկու ամիս հետո)։ Իրանում Իսլամական Հանրապետության հիմնադրումից երկու տարի չանցած՝ Հեղափոխությունը բախվեց պատերազմի, որը սկսել էր Իրաքը և որին այնուհետև աջակցեց Միացյալ Նահանգները․ այդ պատերազմը շարունակվեց մոտ ութ տարի։ Քաղաքացիական պատերազմը Իրանում ինն ամիս տևեց, և այստեղ արտաքին բռնությունը ներքինի համեմատ շատ ավելի ծանր էր։ Որո՞նք էին դրա երկարաժամկետ հետևանքները։
— Ակնհայտ քաղաքական տարբերությունները մի կողմ թողնելով՝ կարող ենք ասել, որ երեք դեպքերում էլ արտաքին միջամտությունը զորացրեց հեղափոխությունը։ Արտաքին թշնամիները ենթադրում էին, որ նոր կառավարությունը թույլ է, հետևաբար այն հեշտությամբ կարելի է տապալել։ Եղավ հակառակը՝ անգամ նրանք, ովքեր չէին սատարում հեղափոխությանը, միավորվեցին երկիրը պաշտպանելու համար։ Դա հատկապես օգնեց բոլշևիկներին։ Իրանում էլ էր նույնը։ 1980 թվականին [Ռուհոլլահ] Խոմեյնիի կառավարությունը բավականին թույլ էր Թեհրանում, գործնականում այն դեռ հաստատված չէր։ Նախկին շահի խորհրդական Բախտիարը և որոշ գեներալներ, որ փախել էին Իրանից, Սադդամ Հուսեյնին ասել էին, թե բավական է՝ նա ներխուժի, և ամբողջ համակարգը փլուզվելու է։ Սադդամն իր սեփական օրակարգն ուներ։ 1975 թվականին Իրանը ստիպեց նրան զիջել Շատ ալ-Արաբը՝ Պարսից ծոցի մուտքը, որի շուրջ երկու երկրները հակամարտում էին տարիներ շարունակ։ Սադդամը հույս ուներ, որ օգտվելով Իրանի թուլությունից՝ հետ կբերի այն։ Խոմեյնին պատասխանեց, թե ավելի շուտ կկտրի իր ձեռքը, քան կհամաձայնի որևէ տարածք զիջել։
Իրանն անցավ հակագրոհի։ Շատ երիտասարդներ, որոնք առանձնապես չէին համակրում ռեժիմին, կամավորագրվեցին կռվելու Խորամշահրի համար, ինչը նպաստեց ռեժիմի կոնսոլիդացմանը առաջին տարիներին։
Խոմեյնիի ամենամեծ սխալը, հավանաբար, Խորամշահրի ազատագրումից հետո պատերազմը շարունակելու որոշումն էր։ Կարգախոսները փոխվեցին՝ «Պատերազմ, պատերազմ մինչև հաղթանակ» և «Երուսաղեմ տանող ճանապարհն անցնում է Բաղդադով»: Հակամարտությունը վերաճեց ութամյա պատերազմի, ինչը իսկապես խարխլեց ռեժիմի հեղինակությունը․ կորուստները շատ ծանր էին, իսկ հաղթանակ այդպես էլ չեղավ։
Վերջիվերջո Խոմեյնին ստիպված եղավ ընդունել, ինչպես ինքն էր ասում, «հաշտության համաձայնագրի թունավորված բաժակը»: Այնուամենայնիվ, սկզբնական շրջանում արտաքին ներխուժման ազդեցությունը զուգադրելի էր մյուս դեպքերի հետ. այն իսկապես օգնեց Հեղափոխությանը:
— Ի տարբերություն Ռուսաստանի կամ Չինաստանի՝ Իրանում հեղափոխության արդյունքում ստեղծված համակարգն ի սկզբանե ինստիտուցիոնալ առումով պլյուրալիստական էր։ Իշխանության մի քանի սյուներ կային՝ կրոնական, խորհրդարանական, դատական, ռազմական, պարբերաբար անց էին կացվում ընտրություններ, թեև ոչ միշտ թափանցիկ։ Ըստ ձեզ՝ սա Խոմեյնիի և նրա համախոհների գիտակցված որոշո՞ւմն էր, թե՞ արդյունքն էր այն փոխզիջումների, որոնք նրանց պարտադրվել էին հեղափոխության այլ հոսանքների կողմից։
— Երկուսը միաժամանակ։ Խոմեյնին շատ հնարամիտ էր կամ, եթե կուզեք, մակյավելիական, պրագմատիկ, սրամիտ։ Նա խաղաքարտերը միշտ պահում էր կրծքին մոտ, և գրեթե երբեք ամբողջությամբ չէր բացահայտում, թե ինչ կա մտքին։ Բայց հեղափոխության նախաշեմին՝ Փարիզում, նրա գրավչությունը հենց բացության մեջ էր՝ բոլորը դեր կունենան. «Միակ բանը, որ մենք ուզում ենք, իսլամական հանրապետությունն է, մենք այն կառավարելու մտադրություն չունենք։ Մենք տարեց հոգևորականներ ենք, կվերադառնանք ճեմարան»։ Իսլամական Հանրապետության սահմանադրության սևագիրը գրվել էր դեռ Փարիզում, և այն կազմվել էր դը Գոլի Հինգերորդ Հանրապետության մոդելով։ Այն կոչվում էր «իսլամական», բայց ըստ էության ուժեղ նախագահական համակարգ էր ներկայացուցչական դեմոկրատական հենքով։ Երբ Խոմեյնին վերադարձավ Թեհրան և իր ձեռքն առավ իշխանության լծակները, այն ժամանակ նոր ի հայտ եկավ իսլամական հանրապետության մի այլ տեսակ՝ կղերական հանրապետություն։
Ներկա Սահմանադրությունը, որը մշակվել է կրոնական ժողովի կողմից, շատ մանրակրկիտ է, և դրա հիմնական սկզբունքը հետևյալն է՝ իրական իշխանությունը պետք է լինի ավագ հոգևորականների ձեռքերում։ Տասներկու անդամ ունեցող [Հեղափոխության] Պահապանների խորհուրդը, որի վեց անդամները հոգևորականներ են՝ նշանակված Գերագույն առաջնորդի կողմից, իսկ վեցը՝ իրավաբաններ՝ առաջադրված Գերագույն դատարանի նախագահի կողմից, որին ևս նշանակում է Գերագույն առաջնորդը, հսկում է խորհրդարանական համակարգը և կարող է վետո դնել օրինագծերի վրա կամ զրկել թեկնածուներին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Այն նաև հաստատում է թեկնածուներին՝ 88 անդամից բաղկացած Փորձագետների ժողովի ընտրություններին մասնակցելու համար։ Փորձագետների ժողովն, իր հերթին, ընտրում է Գերագույն առաջնորդին։ Մի խոսքով՝ քաղաքապետերի, պատգամավորների կամ նախագահի ընտրության համար անց են կացվում պլյուրալիստական քվեարկություններ, սակայն դրանց ընթացքն ի վերջո որոշում են վստահելի կղերականները։
— Հոգևորական հիերարխիան հեգեմոնիկ դեր ունի նաև Հեղափոխության պահապանների [կորպուսի] և Զինված ուժերի նկատմա՞մբ, թե՞ դրանք ավելի մեծ ինքնավարություն են վայելում։
— Երբ 1989 թվականին [Ալի] Խամենեին փոխարինեց [Ռուհոլլահ] Խոմեյնիին, նա ձեռնամուխ եղավ կենտրոնական գրասենյակ ստեղծելուն․ ավագ հոգևորականները պիտի վերահսկեին և նշանակեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բոլոր հրամանատարներին։ Հոգևորականների և Հեղափոխության պահապանների հրամանատարության միջև կան սերտ սոցիալական և ընտանեկան կապեր՝ բազմաթիվ խնամիական ամուսնություններ և այլն, ինչի արդյունքում իրար են խառնվել կրոնական և ԻՀՊԿ էլիտաները։ Մեհրզադ Բորուջերդիի հետազոտություններից մեկը ցույց է տալիս, թե որքան սերտ են փոխկապակցված իշխող ընտանիքները։
Ինչ-որ առումներով սա հիշեցնում է Փահլավիների ռեժիմը․ այն ժամանակ պետությունը վերահսկում էին մոտ հիսուն ընտանիքներ։ Մեծ հաշվով, նույնն է նաև հիմա։
— ԻՀՊԿ սպանված հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի պես մարդը անում էր այն, ինչ բարձրագույն հոգևորականնե՞րն էին ասում:
— Այո։ Նրան վստահում էին, որովհետև գիտեին՝ կհնազանդվի կենտրոնում կայացված որոշումներին։ Նա բավականաչափ վստահելի էր տեղում որոշումներ կայացնելու համար, բայց հիմնական, ընդհանուր որոշումները կայացվում էին կենտրոնում։
— Բանակն ու օդուժն է՞լ են նրանց խիստ վերահսկողության տակ։
— Ռեժիմը բավականին հնարամտորեն օգտագործել է Հեղափոխության պահապաններին՝ ռազմական գերատեսչությունների ներսում կոմիսարական համակարգ ստեղծելու, իրավիճակին մշտապես հետևելու և հեղաշրջման վտանգը կանխելու համար։ Օրինակ՝ Պահապաններն իրենց սեփական հեղափոխական օդուժն ունեն Ռազմաօդային ուժերի կազմում։ Սա բանակը դարձնում է պակաս արդյունավետ, բայց ավելի ապահովագրված հեղաշրջման վտանգից։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում, բայց ես չեմ պատկերացնում, որ բանակի որևէ հատված կարողանա հաջողությամբ տապալել ռեժիմը։ Եթե նման փորձ արվեր, այն ավելի շուտ կհանգեցներ քաղաքացիական պատերազմի, քան նոր կառավարության ձևավորմանը։
— Որքա՞ն մեծ է ԻՀՊԿ-ը, եթե համեմատենք բանակի հետ։
— Տեսածս վերջին տվյալներով, հեղափոխության պահապանների թվաքանակը մոտ 150 000 էր։ Սրան կարելի է գումարել նաև Բասիջը՝ կամավորական իսլամական միլիցիան։ Բայց Բասիջի կազմում կան դեռահասներ և ինձ պես տարեցներ, այսինքն՝ դա այն ռազմական ուժը չէ, որից արժի վախենալ։ Բանակի կազմը 1990-ականներին կտրուկ կրճատվեց, ինչն էլ հնարավորություն տվեց ընդլայնել սոցիալական ծրագրերը։
90-ականներից ի վեր այն աստիճանաբար աճել է։ Թվաքանակով գերազանցում է Պահապաններին, բայց շատ մեծ չէ։ Պատկերացումը, իբրև թե Իրանը հեգեմոն ուժ է, որը պատրաստվում է տիրանալ տարածաշրջանին՝ սովորական ֆանտազիա է։ Պահապանները լավ սպառազինված են բողոքի ցույցերը ճնշելու համար, բայց չունեն ուժի հեռահար կիրառման կարողություն։ Եթե Իրանն օկուպացվեր, նրանք կարող էին վերածվել պարտիզանական ուժի, սակայն ի սկզբանե չեն ստեղծվել այլ երկրներ ներխուժելու համար։ Իրանի պաշտպանությունն ավելի շատ կենտրոնացած է եղել հրթիռների վրա, քան տարածքային ընդարձակման։
— Արդյո՞ք սա շարունակությունն է այն ռազմական կառուցվածքի, որը գոյություն ուներ շահի օրոք։
Շատ տարբեր է։ Շահի օրոք սպաներն ազնվական ընտանիքներից էին՝ կարիերիստներ։ Այսօրվա հրամանատարները թրծվել են Իրան–Իրաք պատերազմում։ Ինքնազոհության և սպանության մասին նրանց պատկերացումները ձևավորվել են ռեժիմի ինքնապատկերով։ Հեգնական է, որ Իրաքում մարտական գործողությունների մեծ մասը իրականում վարել է կանոնավոր բանակը, բայց հետին թվով պատվի են արժանացել Հեղափոխության պահապանները։ Նրանք իսկապես դիտարկվում են որպես Հեղափոխությունը պաշտպանողներ։ Դրա համար էլ պատրաստ են սպանել խաղաղ բնակիչներին, եթե նման հրաման ստանան։
Շահի սպաները պատրաստ չէին դրան, հենց այդ պատճառով էլ նրանց մահաբեր կրակ կիրառելու հրաման չտրվեց։ Շահը գիտեր, որ դա չափազանց վտանգավոր է։ 1979 թվականի հունվարին՝ հեղափոխության ամենասկզբում, [ԱՄՆ նախագահ Ջիմի] Քարթերն ու [Զբիգնև] Բժեզինսկին Թեհրան էին ուղարկել գեներալ Հայսերին, որպեսզի նա իրանցի գեներալներին դրդի գործողության։ Հետագայում նա խոստովանել է, որ խորհուրդ է տվել կրակ բացել, բայց գեներալները չեն համարձակվել։ Այսօրվա ղեկավարությունն այդպիսի խղճի խայթեր չունի։ Եթե իրենց գոյատևումը վտանգված լինի, առանց վարանելու կդիմեն մահաբեր ուժի։ Սա կարևոր տարբերություն է։
— Հրամանը տալիս են ավագ հոգևորականնե՞րը։
— Այո։
— Վերադառնալով ինստիտուցիոնալ պլյուրալիզմի հարցին․ նույնիսկ եթե դա ուղղակի հրապարակային դիմակ է, արդյո՞ք այն չի հակադրվում Մերձավոր Արևելքի ռեժիմների մոնոլիտության ընդհանուր օրինաչափությանը: Խոմեյնին, ենթադրաբար, կարող էր ստեղծել ավելի տիպիկ ունիտար կարգ (օրինակ, Ասադի ռեժիմի կղերականացված տարբերակը)՝ նման բարդ ինստիտուտների ձևավորման փոխարեն։ Արդյո՞ք Իրանի և Պարսկաստանի՝ սահմանադրություն, խորհրդարան կամ մեջլիս ունենալու պատմականորեն շատ ավելի երկարատև ավանդույթները ինչ-որ չափով ազդել են այդ կառուցվածքների ձևավորման վրա։
— Անշուշտ։ Նախ, իրանական պետությունը բավականին զարգացած ինստիտուցիոնալ համալիր էր, որը ձևավորվել էր դեռ 1930-ականներին։ Այն ընդգծված բյուրոկրատական էր, ոմանք կասեին՝ նույնիսկ ծանրաշարժ։ Այնուամենայնիվ, պետությունն իր տեղում էր, այն վաղուց արդեն կար։
Ի տարբերություն Լենինի` Խոմեյնին ստիպված չէր զրոյից պետություն կառուցել։
Բացի այդ, 1906-ի Սահմանադրական հեղափոխության առասպելը թույլ չէր տալիս նրան ուղղակի շրջանցել ընտրությունների և խորհրդարանի գաղափարը։ Նրա հանճարը դրանք ընդունելով հանդերձ հավաստիանալն էր, որ հանրապետական, դեմոկրատական տարրերը, եթե պահպանվում են, պետք է կողպված լինեն ավագ հոգևորականների կողմից վերահսկվող կառույցի մեջ։
— Համոզիչ է հնչում։ Բայց արդյո՞ք չեք թերագնահատում նախագահական ընտրությունների հարաբերական անկանխատեսելիությունը։ Փաստ չէ նույնիսկ, որ ներկայիս նախագահ Փեզեշքիանը եղել է Գերագույն առաջնորդ Խամենեիի նախընտրելի թեկնածուն։ «Ռեֆորմիստ» Ռոհանին հաղթեց 2013 և 2017 թվականներին՝ 73 տոկոս մասնակցության պարագայում ձայների կեսից ավելին ստանալով։ Նույնիսկ այդ մակարդակում են եղել զիգզագներ՝ Ահմադինեժադը, Խաթամին, Մուսավին և այլն։ Թե՞ դա ավելի շուտ ստվերային խաղ, ներկայացում եք համարում։
— Ոչ, կարծում եմ դա ընդդիմության ճնշումը թուլացնելու և որոշակի բացություն ապահովելու միջոց է։ Սովորաբար առաջադրվում է ներսից մեկը, ով մի քիչ ավելի լիբերալ է կամ բաց։ Ռոհանին դիսիդենտ չէր՝ նա ռեժիմի արտադրանքն էր, թեև գրավիչ էր ռեֆորմիստների համար։ Այդ փոքր բացության շնորհիվ շատերը մասնակցեցին քվեարկությանը, չնայած նույնիսկ դա կարող էր վտանգի վերածվել, եթե չափազանց շատերը հետևեին այդ գծին։ Թե՛ չափավորները, թե՛ ծայրահեղականները կարծես պատրանքի մեջ են, իբրև իրենք են մշակում արտաքին քաղաքականությունը։
Խաթամիի, Ռոհանիի կամ Փեզեշքիանի պես ռեֆորմիստները կարծում են, թե կարող են բանակցել Ամերիկայի հետ, տեղը գցել ամեն ինչ, նորից միանալ միջազգային համայնքին։ Մասամբ սա իրանական շովինիզմի հետևանք է՝ գաղափարը, թե իրենք այնքան կարևոր են, որ հենց իրենք են ղեկին։ Ահմադինեժադը մի անգամ իսկապես ասել է. «Ես եմ ղեկին․ կարող եմ արագացնել, կարող եմ դանդաղեցնել, նույնիսկ հետ տալ»: Կարծես թե Իրանի ճակատագիրն իր ձեռքում էր։ Գործնականում ղեկին Վաշինգտոնն է, որին ճանապարհային քարտեզ է տալիս Թել Ավիվը։
Շատ իրանցիներ, անգամ բարեփոխողները, ընկնում են այս թակարդը։ Ձախողումից հետո նրանք մեղադրում են իրենց քաղաքական գործիչներին՝ չհասկանալով նույնիսկ, որ որոշումները կայացվում են այլուր։ Իշխանության գալուց հետո լիբերալ նախագահները բացահայտում են, որ շատ բանի վրա ազդել չեն կարող։
— Ինչպե՞ս կնկարագրեիք արդեն քառասուն տարի իշխող Գերագույն առաջնորդ [Ալի Խամենեի] կերպարը։
— Խոմեյնին բավականաչափ խելոք էր՝ հասկանալու համար, որ իր ուժը զգալի չափով պայմանավորված է հեղափոխությունն առաջնորդելու հմայքով։ Նրա մահվանից հետո այդ ուժը պետք է ինստիտուցիոնալացվեր։
Մարգարեի կյանքի ուսումնասիրությունից նա գիտեր՝ ամեն ինչ փլուզվում է, երբ չկա հստակ ժառանգականություն։ Նրանց իսկապես հաջողվեց ռուտինացնել հեղափոխական խարիզման, վերածել այն բավականին տպավորիչ (և նույնիսկ ժամանակակից) կառույցների։ Խնդիրն այլ տեղ էր՝ նրա մահվանից հետ փլուզվեց տեսության ինտելեկտուալ հետևողականությունը։
Վելայաթ-է ֆաքիհի աստվածաբանության համաձայն՝ երկիրն առաջնորդելու համար ամենակոմպետենտը ավագ հոգևորականներն են, որոնք տիրապետում են իրավագիտությանը՝ ոչ միայն աստվածաբանությանը կամ իսլամի պատմությանը, այլ հենց ֆիքհին։ Այդ դերին համապատասխանում էին միայն Խոմեյնին և ընդամենը մի քանի բարձրաստիճան հոգևորականներ։
Նրանք Մոնթազերին նախապատրաստում էին որպես ժառանգորդ՝ մեծ այաթոլլա, որը բավարար կրոնաիրավագիտական գիտելիքներ ուներ պետությունն առաջնորդելու համար։ Բայց Մոնթազերին խզեց կապերը ռեժիմի հետ քաղբանտարկյալների մահապատիժների պատճառով և անցավ ընդդիմության կողմը։ Երբ Խոմեյնին մահացավ 1989 թվականին, չկար նրան համարժեք մեկը, ով կստանձներ Գերագույն առաջնորդի պաշտոնը։ Նրանք ստիպված էին ընտրել ավելի ցածր հարգի հոգևորականների միջից։
Ալի Խամենեին հավատարիմ էր և քաղաքականապես հուսալի, բայց բոլոր ավագ հոգևորականներն էլ գիտեին՝ Խոմեյնիին փոխարինելու համար նա չունի բավարար աստվածաբանական որակավորում։ Խամենեիի իշխանությունը հիմնված է ոչ թե խարիզմայի, այլ իր շուրջ ձևավորված վստահելի մարդկանց բյուրոկրատական համակարգի վրա՝ նրա որդին, ազգականները և նրա ենթակաները։ Կան նմանություններ Ստալինի հետ, որը համարվում էր գորշ, աննկատ գործիչ, բայց գիտեր, ինչպես ղեկավարել քարտուղարությունը։
— Իսկ հիմա իրավահաջորդ է ընտրվել նրա որդի՞ն։
— Չգիտենք։ Տրամաբանական կլինի իրավահաջորդության հարցը թողնել Փորձագետների ժողովին՝ որպես ավելի լեգիտիմ մարմին։ Բայց ով էլ լինի, նա չի ունենալու Խոմեյնիի կշիռն ու հեղինակությունը։
Վերջ ի վերջո, կղերականների ձեռքում իշխանության կենտրոնացումը Իսլամական Հանրապետության և՛ ուժն էր, և՛ թուլությունը․ դա ռեժիմին տվեց որոշակի կայունություն, բայց և նեղացրեց նրա ազդեցության շրջանակը։
Բոլոր նրանք, ովքեր չէին ընդունում ավագ հոգևորականների իշխանությանը հավատարմության սկզբունքը, դուրս էին մղվում քաղաքական կյանքից՝ սկզբում մոջահեդները, ապա ազատական մահմեդականները, հետո ռեֆորմիստ մահմեդականները և աշխարհիկները։ Մեկ-մեկ մոռացվում է, որ փողոցներում այսօր կիրառվող բռնությունն ունի իր նախադեպը։
Հետագայում մոջահեդները վերածվեցին մի տարօրինակ աղանդի, որը փող է ստանում չգիտես որտեղից։ Բայց հեղափոխությունից անմիջապես հետո նրանք իսկական սոցիալական շարժում էին՝ մի բան, որը վայելում էր լայն զանգվածների և հատկապես երիտասարդների աջակցությունը։ Դա լուրջ մարտահրավեր էր Խոմեյնիի համար, որովհետև ոչ միայն իսլամական էր, այլև ռադիկալ, և կարողանում էր համագործակցության բերել լիբերալներից, ռեֆորմիստներից և նույնիսկ շահի աշխարհիկ ընդդիմախոսներից շատերին։ Եթե պիտի «ռեժիմի փոփոխություն» լիներ, ապա հենց այն ժամանակ։
Կարծում եմ, մոջահեդներն իսկապես պատրաստ էին, եթե նման հնարավորություն ունենային, գործել համակարգի շրջանակներում․ Խոմեյնիին նրանք իրոք համարում էին Մեծ իմամ։ Բայց երբ Խոմեյնին առաջին անգամ զրկեց նրանց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, նրանք դուրս եկան Թեհրանի և այլ մեծ քաղաքների փողոցներ (Մոջահեդների ապստամբությունը 1981 թվականին)։ Ռեժիմն այն ժամանակ արձագանքեց ճիշտ այնպես, ինչպես այս տարվա հունվարին․ ապստամբությունը ճնշեցին բռնությամբ, սպանեցին անզեն ցուցարարների, օրինակ՝ փողոցում թռուցիկներ բաժանող տասնչորսամյա դպրոցական աղջիկների։ Մոջահեդները պատասխանեցին մոտ երկու հազար (այդ թվում բարձրաստիճան) պաշտոնյաների սպանությամբ։
Հետո հերթը հասավ Թուդեհ կուսակցությանը՝ կոմունիստներին, որոնք ամբողջությամբ աջակցել էին ռեժիմին, թեև համաձայն չէին դրա քաղաքականության հետ։ Նրանք ընդդիմացան Խոմեյնիի որոշմանը՝ ներխուժել Իրաք Խորամշահրի ազատագրումից հետո։ Սա առաջին անգամն էր, երբ նրանք հատեցին «կարմիր գիծը», այսինքն՝ քննադատեցին ռեժիմը կարևոր որոշման համար։ Բոլորին ձերբակալեցին և ենթարկեցին մահապատժի, այդ թվում՝ մի ծովակալի, որը պատերազմի սկզբնական փուլում փրկել էր Պարսից ծոցը։ Ռեժիմը հետևողականորեն, մեկը մյուսի հետևից դուրս էր մղում քաղաքականությունից ամենատարբեր խմբերի։
Վերևներում ընդունվող որոշումներն առաջնորդվում էին հետևյալ տրամաբանությամբ՝ եթե մեր հետ չես հարյուր տոկոսով, ուրեմն մեր դեմ ես։ Այդ մարտավարությունը նեղացրեց ռեժիմի սոցիալական հենարանը։ Առաջին հանրաքվեի ժամանակ բնակչության մոտ 90 տոկոսն է կողմ քվեարկել ռեժիմին, այսօր այդ թիվը չի գերազանցում 15-20 տոկոսը։
— Իսկ ի՞նչ կասեք ռեժիմի իսլամական գաղափարախոսության մասին։ Հեղափոխական իսլամական հանրապետության հռչակումը նրան ժողովրդական մոբիլիզացիայի մեծ ներուժ տվեց ոչ միայն Իրանում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում․ Իրաքում, Լիբանանում և Եմենում ձևավորվեցին զանգվածային շարժումներ, որոնց նվիրվածությունն ու մարտականությունը իսկապես համադրելի էին Երրորդ Ինտերնացիոնալի վաղ շրջանի սեկցիաների հետ։ Շիա հավատքի աղանդավորական բնույթը (որը հիմնվում է իսլամի շատ ավելի տարածված՝ սուննի հոսքերի նկատմամբ թշնամանքի վրա) ի սկզբանե սահմանափակում էր Իրանական հեղափոխության ազդեցությունը տարածաշրջանում։ Հեղափոխության գաղափարախոսներն արդյո՞ք փորձել են հաղթահարել «Իսլամի տան» ներսում եղած աղանդավորական տարաձայնությունները և ձևավորել համամուսուլմանական հակաիմպերիալիզմ։
— Ո՛չ։ Գրավոր աղբյուրներում չեմ հանդիպել, համենայն դեպս, որ որևէ մեկը առաջադրի սուննի–շիա բաժանումը հաղթահարելու հստակ և ամբողջական մոտեցում։ Համոզված եմ, որ այն ժամանակվա վարչապետ [Մեհդի] Բազարգանի պես մարդիկ մտածում էին դրա մասին, բայց հստակ ձևակերպում չի տրվել։
Կար էքսպանսիոնիստական, ուտոպիական մի պատկերացում, ըստ որի Հեղափոխությունը (1917-ի հեղափոխության պես) պիտի դառնար համաշխարհային։ Ակնկալում էին, որ այն կծնի իսլամական հեղափոխություններ այլ երկրներում, կտարածվի մահմեդական աշխարհով մեկ։ Խոմեյնին իսլամի մասին խոսում էր որպես համաշխարհային հեղափոխական առաքելության։ Բայց երբ նրանք խոսում էին իսլամի մասին, բնազդաբար նկատի էին ունենում շիիզմը։ Նույնիսկ Հեղափոխության լեզուն էր ավելի շուտ շիական, քան իսլամական։
Հեղափոխության ամենազորեղ կարգախոսը՝ «Ամեն օրը վերածենք Աշուրայի, ամեն ամիսը՝ Մուհարամի, ամեն տեղը՝ Քարբալայի», հնարավոր չէր արտահանել սուննի երկրներ։ Միակ բացատրությունը շիական ամբարտավանությունն է, գոռոզությունը։ Աղանդավորականությունն այնքան արմատացած էր, որ մարդիկ չէին էլ նկատում այն։
1979-ին պարանոյա կար, թե իսլամական հեղափոխությունը կտարածվի ամբողջ Մերձավոր Արևելքով: Բայց հասկանալու համար, որ նման բան չկա, բավական էր նայել կարգախոսներին։
Իրանական հեղափոխությունը արձագանք գտավ միայն փոքր շիա համայնքներում, որոնք շրջապատված էին սուննի բնակչությամբ,
օրինակ՝ Լիբանանի և Իրաքի շիաների մոտ (երբ ԱՄՆ-ը ավիրեց պետական համակարգը) կամ Աֆղանստանի Հերաթում, որը պաշտպանություն էր ակնկալում Իրանից։ Համաշխարհային մեծ հեղափոխության փոխարեն ձևավորվեց արտահանման մի մոդել, որը ապավինում էր շիա անկլավներին՝ ակնհայտորեն ավելի թույլ տարբերակ։
Քանի որ նրանք չունեին մեծ ռազմական ուժ, այս ընդարձակումը վերածվեց զուտ ապահովագրության գոտու, որը կարող էր օգտագործվել որպես առաջնագիծ Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում։ Այս իրողությունն ահամաչափորեն չափազանցեցվում էր պնդումներում, թե «պրոքսիների» միջոցով Իրանը փորձում է վերականգնել Աքեմենյան կայսրությունը՝ Միջերկրականից մինչև Աֆղանստան։ Գործնականում դա ընդամենը իրական ուժի աղքատիկ փոխարինիչ էր։
Իսրայելցիները բավականաչափ խելացի էին, որպեսզի հասկանային դա։ Սադդամի անկումից հետո Իրաքում զինված աշխարհազորայինների առկայությունը մեծ վտանգ չէր ներկայացնում Իսրայելի համար։ Իրանի մյուս դաշնակիցն Ասադն էր։ Ասադը հազիվ թե մահմեդական համարվեր․ նա արաբ սոցիալիստ ազգայնական էր, բայց Իրանը հենվում էր նրա վրա, որովհետև նա առնվազն կարող էր որոշ պաշտպանություն ապահովել Լիբանանի շիաների համար։
Շատ առումներով Իրանի ձևավորած քաղաքականությունը պրագմատիկ էր կամ, կարելի է ասել, օպորտունիստական։ Դա ինչ-որ մեծ ռազմավարություն չէր։ Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ այն մտածված էր որպես տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու միջոց։
— Մի սուննի դաշինք նրանք իրոք կազմել էին՝ Համասի հետ։
— Չգիտեմ, արդյոք դա դաշինք էր։ Շատ փորձարարական հարաբերություն էր։ Կային լուրջ տարաձայնություններ Սիրիայի հարցում, որտեղ Համասը հակադրվում էր Ասադին՝ Իրանի դաշնակցին։ Նրանք հավանաբար որոշակի գումար էին տալիս Համասին, բայց շատ կատարցիներ էլ էին դա անում։ Իրանի հարաբերությունները պաղեստինցիների հետ իրականում բավական բարդ են։ Նրանք տրամադրում էին հռետորական աջակցություն։ Աջակցում էին, իհարկե, նաև Հեզբոլլահին։ Բայց Սոլեյմանիի դիրքորոշումը (Խամենեիի խորհրդով) հետևյալն էր՝ Իրանը պետք է ամեն գնով խուսափի Իսրայելի և Ամերիկայի հետ առճակատման մեջ մտնելուց։ Հեգնական է, որ հենց Սոլեյմանին էր փորձում Իրաքում կանխել ցանկացած բախում ԱՄՆ-ի հետ, իսկ Լիբանանում՝ մեղմել հարաբերությունները իսրայելցիների հետ։ Նրա սպանությունը վերացրեց այդ խոչընդոտը։ Բայց մինչև վերջերս Իրանը շատ զգուշավոր էր Իսրայելի հետ որևէ իրական կոնֆլիկտում։ Ակհայտ է, որ հիմա դա փոխվել է։
— Իսլամական պետության շարքերում երբևէ նկատվե՞լ են վարանումներ կամ գոնե զղջման նշաններ Իրաք և Աֆղանստան ներխուժումների ժամանակ ամերիկյան իմպերիալիզմի` պաշտոնապես իրենց իսկ գլխավոր թշնամու հետ համագործակցելու կապակցությամբ։ Թե՞ սուննիզմի նկատմամբ թշնամանքը հոգևորականներին և նրանց հետևորդներին թույլ էր տալիս ընդհանուր գործի մեջ մտնել ԱՄՆ ծովային հետևակի և CIA-ի հետ։
— Իսլամական Հանրապետության տեսանյունից երկուսն էլ թշնամական ռեժիմներ էին։ Նրանք համարյա պատերազմ էին սկսում Թալիբանի հետ․ բանակն արդեն մոբիլիզացված էր։ Երբ ԱՄՆ-ն հարձակվեց Աֆղանստանի վրա, Իրանի համար դա թշնամուց ազատվելու հնարավորություն էր։ ԱՄՆ-ի ներխուժմանն աջակցելու հարցում մեծ վերապահումներ չկային․ նրանք Թալիբանին իսկապես խելագար էին համարում։ Նույնն էր նաև Իրաքի դեպքում․ Սադամ Հուսեյնը վաղեմի թշնամի էր, ուստի ԱՄՆ օկուպացիան ընդունելի էր իրենց համար։
Իրանի և ԱՄՆ-ի համագործակցությունն իսկապես խնդիր դարձավ 1980-ականներին՝ Իրան-կոնտրասի ժամանակ, երբ պարզվեց, որ Իրանա-Իրաքյան պատերազմի ընթացքում [Ռոնալդ] Ռեյգանը զենք է վաճառել Իրանին և ստացված եկամուտն ուղղել է Նիկարագուայում իսրայելցիների կողմից կազմակերպված ապօրինի հակաապստամբական գործողությունների ֆինանսավորմանը։
[Հոսեյն Ալի] Մոնթազերիի գրասենյակում կար մեկը, ով այդ տեղեկությունները փոխանցել էր լիբանանական մի թերթի․ դա վերածվեց միջազգային մեծ սկանդալի։ Այդ մարդուն ձերբակալեցին և ենթարկեցին մահապատժի, թեպետ նա աշխատում էր Խոմեյնիի նշանակած իրավահաջորդի համար։ Աղմկահարույց դատավարություն էր և հրապարակային խոստովանություն։ Բնականաբար, նրանք այդպես էլ չասացին, թե որն էր այդ մարդու իրական «հանցանքը» (ԱՄՆ-ի՝ «Մեծ Սատանայի» հետ գործարքներին և Իսրայելից զենք ստանալուն ընդդիմանալը)։ Հեղափոխության պահապանների կողմից որևէ հակազդեցություն կամ դիմադրություն չեղավ։ Կրկին՝ դա հստակ նշան էր, որ եթե հատում ես Խոմեյնիի կարմիր գծերից մեկը, ենթարկվում ես մահապատժի։
Epress.am Լուրեր Հայաստանից